Նորություններ
Տպել

 Ս.թ. նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը, ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հայագիտության ինստիտուտն առաջինն է և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:

Նաստասե-Կովաչը հավաստում է, որ  «Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլ նաև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրա»:

Ինչպես նշում է դեսպան Համլետ Գասպարյանը, Հայագիտության ինստիտուտի գործունեությունը կնպաստի նաև այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը և հայկական ինքնության հարստացմանը, որով նոր սերունդների համար ավելի կդյուրանա փոխճանաչումն ու փոխըմբռնումը`  հավելելով` «Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Հայագիտության ինստիտուտը կարող է դառնալ բաց հարթակ այդ ահավոր ողբերգության պատճառների և ավերիչ հետևանքների քննարկման համար, հետևանքներ, որոնք մեծապես ազդել են հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա, ձևավորել ծանր կորուստներով և դեռևս չամոքված խոր վերքերով պայմանավորված հայկական ինքնությունը, Հայ սփյուռքին և Հայաստանին կանգնեցրել դժվարագույն մարտահրավերների առջև»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր է գնահատել Հայագիտության ինստիտուտի հիմնումը և նշել, որ Երևանի պետական համալսարանը կաջակցի հաստատությանը իր հայանպաստ գործունեության ընթացքում: Հայագիտության ինստիտուտի բացման կապակցությամբ ուղերձ է հղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Բացման արարողությունից առաջ տեղի ունեցավ Իոան-Աուրել Պոպի և Արամ Սիմոնյանի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվեցին համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի և Երևանի համալսարաննների, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև: 

 <<Նրանք հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես պատմության և հումանիտար մյուս ոլորտների՝ սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության մկատմամբ: Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք նաև ռումիներենի և հունգարերենի դասավանդման, ինչպես նաև գիտնականների, դասախոսների և ուսանողների փոխանակման, համատեղ գիտաժողովների կազմակերպման և գիտական հոդվածների հրատարակման հարցերի վերաբերյալ>>,-դեպի Ռումինիա կատարած այցն ամփոփեց Արամ Սիմոնյանը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am