Սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» խորագրով (www.PeaceofArt.org)՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Ողջունելով հեղինակին և արվեստասեր ողջ հանրությանը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի անունով կնքելով իրենց զավակին՝ նկարչի ծնողները հայ ազգին նվիրեցին տաղանդավոր արվեստագետ Դանիել Վարուժան Հեջինյանին, և եթե գրող Դանիել Վարուժանն իր եղեգնյա գրչով պատկերեց Հայոց վիշտն ու իղձերը, ապա նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը դա արեց վրձնով»:
ՀՀ սփյուռքի նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Հեջինյանի բրոնզակուռ «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-հուշարձանին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Այն տեղադրվել է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ բոլորի համար տեսանելի վայրում և անվանվել է «Մայր խաչքար», քանի որ քարը խորհրդանշում է մարմինը՝ «Հայրենիքը», իսկ բրոնզը՝ հոգին՝ «Սփյուռքը»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս քաղաքի շերիֆ Փիթեր Կուտուջյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ԱՄՆ-ում բնակվող իր հայրենակցի՝ Հայրենիքում բացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար: Հայազգի շերիֆը հպարտությամբ խոսեց իր հայրենակից Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով ստեղծած բարձրարվեստ կտավների մասին, որոնք միջազգային հանրությանը ներկայացրել են 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից իրականացրած ոճրագործությունը:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ավարտին խոսեց նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Հայրենիքում իր անհատական ցուցահանդեսը կազմակերպելու վաղեմի երազանքը իրականություն դարձնելու համար:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am