Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ Գերհարգելի Հայր Գեորգ Ծ. Վ. Եղիայանի, hոգևոր հայրերի, կրթական պատասխանատուների, ուսուցիչների, ծնողների ու մեսրոպյանականների ներկայությամբ հունիսի 15-ին Մեսրոպյան վարժարանի բակում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի և Ս. Մեսրոպի Արիների 75-ամյակի փառատոնը:
75-ամյակի հայտագիրը սկսվեց Մեսրոպյան վարժարանի «Ծիածան» երգչախմբի կատարմամբ Լիբանանի, Հայաստանի և Մեսրոպյան վարժարանի հիմներգերով: Ելույթ ունեցան «Հավասի» աշուղական համույթը, Դհոլի և դուդուկի խմբերը, «Շուշի» պարախումբը, ասմունքի խումբն ու «Ծիծեռնակ» մեծերի երգչախումբը:
Իր շնորհավորական ուղերձը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը՝ փաստելով, որ Մեսրոպյան վարժարանը 75 տարի շարունակ կրթել ու դաստիարակել է երիտասարդներ, մայրենին փոխանցել սերնդեսերունդ, պահպանել հայ ժողովուրդի ավանդույթները, սովորույթներն ու մշակույթը: Սփյուռքի նախարարը հաստատեց, որ վարժարանը ամբողջական իմաստով ծառայում է մարդակերտման ու հայակերտման առաքելությանը:
Փառատոնի ավարտին իր սրտի խոսքը փոխանցեց Մեսրոպյան վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը. «Մենք պէտք է հաւատարիմ մնանք հիմնադիրներու եւ գործը շարունակողներու կտակին եւ շարունակենք գործը: Մեսրոպեան վարժարանը պահպանելով ու զարգացնելով մենք նպաստած կ՛ըլլանք Պուրճ Համուտին եւ շրջանին ընդմէջէն լիբանանահայութեան ու ինչու ոչ նաեւ Սփիւռքին: Նայեցէք ձեր շուրջը, կը տեսնէք, որ մեր շրջանաւարտները բարձրագոյն դիրքերուն վրայ կը գտնուին հո՛ս թէ այլ գաղութներու մէջ»:
Մեսրոպյանի տնօրենը վստահեցրեց, որ գալիք սերունդները ևս կունենան հպարտանքի միևնույն զգացումը` մեսրոպյանական կոչումը կրելու արժանիքը:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am