Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Զարեհյան դպրեվանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության

 

ԼԻԲԱՆԱՆԻ ԶԱՐԵՀՅԱՆ ԴՊՐԵՎԱՆՔ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ

  Դպրեվանքը հիմնվել է 1930-ին՝ Սահակ Բ կաթողիկոս Խապայանի ջանքերով: 1930-78-ին գործել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի շրջափակում՝ նախապատրաստական, 4-ամյա ժառանգավորաց, 3-ամյա ընծայարանի, ինչպես և ամուսնացյալ քահանայության թեկնածուների բաժիններով: 1978-ին փոխադրվել է Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Բիկֆայա գյուղը: Ներկայումս կոչվում է Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա կաթողիկոսի անունով: Դասավանդվում են հայերեն (գրաբար և աշխարհաբար), արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, կրոնագիտական, հայագիտական և այլ առարկաներ: Առ այսօր (2003) ունեցել է ավելի քան 1600 ուսանող՝ Լիբանանից, Սիրիայից, Իրանից և սփյուռքի այլ համայնքներից: Տվել է հարյուրավոր շրջանավարտներ, որոնցից շուրջ 250-ը հետագայում զբաղվել են ուսուցչությամբ, 130-ը դարձել քահանա, 75-ը՝ վարդապետ, 30-ը՝ եպիսկոպոս և արքեպիսկոպոս: Դպրեվանքի շրջանավարտներից հիշատակության արժանի են Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա, Խորեն Ա և Արամ Ա կաթողիկոսները: 2002-ին ուներ 62 ուսանող: Դպրեվանքի ուսանողների ջանքերով 1957-ից լույս է տեսնում <<Գլաձոր>> տարեգիրքը: Տեսուչն է Պարթև վրդ. Կյուլյումյանը (2002-ից):

  Լիբանանում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցիչների պատրաստման գործում անցյալում կարևոր դեր են խաղացել Հիսուսյան հայրերի ֆրանսիական <<Սեն ժոզեֆ>> համալսարանի հայագիտական ամբիոնը (գործել է 1933-73-ին, վարիչներ Հովհաննես վրդ. Մսրյան և Մորիս վրդ. Թալոն) իտալահայ Երվանդ Հյուսիսյանի նվիրատվությամբ հաստատված ՀԲԸՄ <<Երվանդ Հյուսիսյան>> hայագիտական հիմնարկը (գործել է 1964-93-ին` ընդհատումներով, տեսուչներ՝ Վահե Վահյան, Վաչե Ղազարյան, Պարույր Աղպաշյան և Ռուբեն Սաքապետոյան) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները): 


Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 305:

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am