Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ուրուգվայի հայ համայնքի մշակույթը

 

ՈւՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

 

Ուրուգվահայ համայնքի մշակութային կյանքն սկսել է ձևավորվել 1930-ական թթ.: Հյուրեկ դերասանների ջանքերով աշխուժացել է հայ թատերական կյանքը: Առաջինը Հովհաննես Զարիֆյանն էր, որ 1932-ից տեղի ուժերով պարբերաբար ներկայացումներ է կազմակերպել Ուրուգվայի մայրաքաղաքում: Մի քանի անգամ բեմադրել է Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլոն», նրա խաղընկերներն են եղել Գ. Վարդյանը, Ս. Վարդյանը, Ա. Սանթուրյանը, Վ. Խարբութլյանը, Զ. Զաքարյանը, Պ. Ավշարյանը և ուրիշներ: 1940-ին Մոնտեվիդեոյում ելույթներ են ունեցել նաև Հ. և Է. Արծիվները, որոնք բացի համերգներից ներկայացրել են «Հարսանիքի նվեր» օպերետը: Ուշագրավ էր նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրությունը (1946), որը կազմակերպել են Սուրաբյան ամուսինները կատարելով գլխավոր դերերգերը: 1949-ին հյուրախաղերով հանդես է եկել Մանուել Մարությանը: Գաղութի մշակութային կյանքը բովանդակալից են դարձնում «Կոմիտաս» երգչախումբը (հիմնվել է 1935- ին), ՀԲԸՄ «Անդիմակ» թատերախումբը և «Կռունկ» երգչախումբը, «Գայանե» (ղեկավար Ռոսա Չաքըճյան) և «Շիրազ» (ղեկավար Գևորգ Սերոբյան) պարախմբերը, «Երևան-50», «Արամ Խաչատրյան» (ղեկավար ջութակահար Արսեն Մոմջյան) նվագախմբերը: Աչքի են ընկնում դաշնակահարներ Մարտիրոս Բայասլյանը, Ադրինե Քեոլյանը, Քնարիկ Քեկլիկյանը և Անթառամ Ահարոնյանը, ջութակահար Ավետիս Կարամանուկյանը, երգիչներ Կարպիս Գրագիրյանը, Գրիգոր Նիկողոսյանը, Պարգև Ավշարյանը, Աղասի Սանթուրյանը, Հայկուհի Ստեփանյանը, Հակոբ Պոյաճյանը, Սեդա Մաճառյանը, դերասաններ Արմեն Սիրիան և Լևոն Բուռունսուզյանը, երաժշտագետ Կորյուն Ահարոնյանը, քանդակագործ և գեղանկարիչ Ներսես Հունանյանը, որի անունով կոչվել է մայրաքաղաքի փողոցներից մեկը, գեղանկարիչներ Հունանյանը և Գազանճյանը, սրնգահար Էսթեր Գույումճյանը և ուրիշներ:


Արամ Սարգսյան
 
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 615-616: 
 




 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am