ԼԻԲԱՆԱՆԻ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Այս միությունը (հիմնվել է 1896-ին) Լիբանանում ում սկսել է գործել 1920-ական թթ. 2-րդ կենտրոնը, որն իբրև կուրանոց 1922-ին հիմնել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն Ղազիր գյուղում: Կուրանոցը, որին կից գործում Էին նաև կույրերին հատուկ դպրոց և արհեստանոց, 1946-ին փոխադրվել է Բուրջ Համուդ թաղամաս, որտեղ և 1960-ին ավելացվել է կանանց ծերանոցի բաժինը: 1989-ից ծերանոց են ընդունվում նաև տարիքավոր, միայնակ տղամարդիկ: 1964-ից Բուրջ Համուդի ծերանոց-կուրանոցը, որտեղ 1998-ին պատսպարվել են շուրջ 150 ծերեր, այրիներ և կույրեր, գործում է հայ առաքելական և ավետարանական համայնքների ներկայացուցիչներից բաղկացած վարչության հովանավորության ներքո և ունի շուրջ 500 հզ. դոլարի տարեկան բյուջե: Ունի նաև դժվար սովորող, խուլ և կույր աշակերտների համար հատուկ դպրոցներ, աշխատանոց:
Հայ առաքելական և ավետարանական համայքները միասնաբար հովանավորում են Ազունիեի Ազգային բուժարանը (1923-38-ին գործել է ծովափնյա Մաամելթեյն ավանում), որտեղ պատսպարվում ու բուժվում են թոքախտավորներ և այլատեսակ հիվանդներ, ծերունիներ:
Բարեսիրական գործունեություն են ծավալում նաև Ս. Եղիա-Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից ժողովրդապետության Հայ կաթողիկե աղքատախնամ միությունը (1939-ից), Բուրջ Համուդի Հայ կաթողիկե բարեսիրական միությունը, Հայ ավետարանական ընկերային ծառայության գրասենյակը (1936-ից) և այլն:
Վերոհիշյալ բոլոր հայկական բարեսիրական հաստատություններն օժանդակում են նաև Լիբանանի ոչ հայկական համայնքներից իրենց դիմող անհատներին և ընտանիքներին, հատկապես՝ առողջապահության բնագավառում:
Անցյալում Բեյրութում գործել են նաև լիբանանահայ անհատ բժիշկների սեփականությունը հանդիսացող <<Քրիսչըն մեդիքըլ սենթր>>, Մերուժան Պաղչեճյանի <<Սուրբ Պողոս>>, Վարուժան Սահակյանի, Վահրամ Տոնելյանի, Գեղամ Հակոբյանի Միսաք Պարսամյանի և Վահան Կյոչերյանի հիվանդանոցներն ու մայրանոցները:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 309:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am