Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՓԱՐՈՍ շաբաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

 <<ՓԱՐՈՍ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Փարոս>>-ը երգիծական կիսամսյա պատկերազարդ հանդես էր, ապա՝ տասնօրյա, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1951-52-ին: Արտոնատեր՝ Բաբգեն Տեր-Գևորգյան: Պատասխանատու խմբագիր՝ Պետրոս Քիրեճյան: Ֆելիետոնների ու պամֆլետների, զավեշտական պատմվածքների, բանաստեղծությունների և առակների միջոցով ծաղրել է լիբանանահայ գաղութի հոռի բարքերը: Տպագրել է նյութեր՝ նվիրված հայապահպանությանը սփյուռքում, ձաղկել հայոց լեզվի անաղարտությունը խաթարողներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում տիրող քաղաքական իրավիճակը, գերտերությունների գործելակերպը տարածաշրջանում:

Հայերեն ամենօրյա հաղորդումներ են ձայնասփռվում Լիբանանի պետական ռադիոյով (որոշ ժամանակ ընդհատվել են քաղաքացիական պատերազմի տարիներին): 1982-ից քաղաքացիական պատերազմի հետևանքով պետական հսկողության թուլացման պայմաններում Բեյրութում գործել են մի շարք հայկական ռադիոկայաններ, որոնցից հիշատակության են արժանի <<Ռադիոփարադայզը>>(սեփականատեր՝ Հակոբ Եսայան), (<<Լիբանո-հայ ազգի ձայնը>>, <<Ռադիո մելոդին>> (տեր և տնօրեն Հրաչ Վարդանյան), ՀՀԴ հովանավորությունը վայելող <<Վանա ձայնը>>, ՌԱԿ <<Ռադիո Սևանը>>, ՍԴՀԿ <<Ռադիո Նայիրին>> և <<Հայության ձայնը>>, ՀԺՇ-ի <<Ռադիո հայը>>: Քաղաքացիական պատերազմի տարիներին հայերեն քաղաքական հաղորդումներ են տրվել նաև Լիբանանի Փաղանգավոր կուսակցության <<Սաութ Լուբնան>>՝ (<<Լիբանանի ձայն>>), Աշխատավորների լիգայի <<Սաութ ալ-սաուրա ալ-արաբիյյա>> (<<Արաբական հեղափոխության ձայն>>) և Լիբանանի կոմունիստական կուսակցության <<Սաութ ալ-շաաբ>> (<<ժողովրդի ձայն>>) ռադիոկայաններից: 1998-ին <<Վանա ձայնը>> ստացել է հայերենով ռադիոհաղորդումներ ու քաղաքական լուրեր սփռելու պետական արտոնագիր: 1992-ից եթեր է արձակվում Լիբանանի առաջին և ցայսօր միակ հայկական պատկերասփյուռը՝ <<Արմինիըն Թելեվիժըն Նեթուորքը>> (տեր և տնօրեն՝ Հակոբ Եսայան): 1999-ից հայերենով ամենօրյա լուրեր է հաղորդում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրի սեփականությունը հանդիսացող <<ալ-Մուստաք բալ>> (<<Ապագա>>) հեռուստակայանը: 1996-ին կարճ ժամանակով հայերեն լուրեր և հաղորդումներ է հեռարձակել նաև արաբական <<Այ. Սի. Էն.>> հեռուստատեսային ընկերությունը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 327:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am