ՆՈՐՎԵԳԻԱ

Նորվեգիայի Թագավորություն, պետություն Հյուսիսային Եվրոպայում, Սկանդինավյան թերակղզում: Տարածքը՝ 385,2 հզ. կմ2: Բնակչությունը՝ 4,5 մլն (2000): Մայրաքաղաքը՝ Օսլո (507,5 հազար): Հայերի թիվը՝ շուրջ 1000:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:


Հայերը Նորվեգիայում սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից: Նրանք հիմնականում Լիբանանից, Իրանից, 1990-ական թթ. առաջին կեսին՝ նաև Հայաստանից գաղթածներ են:

 Ներկայումս (2003) Նորվեգիայում բնակվում է շուրջ 1000 հայ: Կենտրոնացած են Օսլոյում: Առավելապես արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ, մանր առևտրականներ: Օսլոյում գործում է Հայ-նորվեգական միությունը (նախագահ՝ Ֆրեդ Իսկանդարյան), որը ներկայացնում է համայնքը երկրի իշխանությունների առաջ:2001-ին Միությունը պաշտոնապես դիմել է Նորվեգիայի խորհրդարանին և կառավարությանը պահանջելով, որ Նորվեգիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ նպատակով պատմական տեղեկանքներ է ներկայացնում պետական կառույցներին, հանդիպումներ ունենում երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժոդովների հետ:

 Նորվեգիայում հայկական եկեղեցի չկա, համայնքի հոգևոր կարիքները հոգում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (կենտրոնը՝ Վիեննա): Գործում է կիրակնօրյա մեկ դպրոց, դասավանդվում են հայոց լեզու և պատմություն:

 Մեծ եղեռնի տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ գաղթականների դրության բարելավման համար հսկայական աշխատանք է կատարել նորվեգացի հայտնի գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը (1861-1930): ՆաՖ. Նանսենի հուշարձանը Սպիտակում: խստագույնս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նրա նախաձեռնությամբ և օգնությամբ բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր», ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց վիճակը, անհրաժեշտ միջոցներ են հավաքվել և հատկացվել 7 հազար հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:

 Նանսենը բագմաթիվ հոդվածներ ու զեկուցագրեր է նվիրել հայ ժողովրդի պատմությանը և Հայաստանին: 1927-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը (թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն)՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» (հայերեն հրտ. 1958) խորագրով, և գերմաներեն «Խաբված ժողովուրդը» վերտառությամբ: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Նորվեգիայի կառավարության հատկացրած միջոցներով Սպիտակ քաղաքում կառուցվել է «Նորվեգական գյուղ», հիվանդանոց: Երևանում կա Ֆ. Նանսենի անվան փողոց, իսկ Սպիտակում կանգնեցվել է նրա կիսանդրին:


Սարգսյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 420-421: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am