Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՆՈՐ ԿՅԱՆՔ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՆՈՐ ԿՅԱՆՔ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

<<Նոր կյանք>> պարբերաթերթը 1957-73-ին լույս է տեսել իբրև կինոարվեստի և հեռուստատեսության շաբաթաթերթ: 1976-ին վերահրատարակվել է իբր ազգային, ընկերային, տնտեսական և առևտրական շաբաթաթերթ, իսկ 1977-78-ին գովազդային թերթ: Խմբագիրներ՝ Հարություն Սահակյան, Լևոն Թորոսյան, Մանվել Գազանճյան, Կարո Գազանճյան, Վահան Ճանսըզյան: Հայ ընթերցողին հաղորդակից է դարձրել ազգային և համաշխարհային մշակույթին, գրականությանը, կինոարվեստին, թատրոնին, երաժշտությանն ու կերպարվեստին, պարբերաբար հոդվածներ տպագրել հայ և համաշխարհային կինոյի նորությունների ու նշանավոր վարպետների մասին, մեծ տեղ հատկացրել Երևանի թատերական կյանքին, Հայաստանի մշակութային նվաճումներին: Ավելի քան տասնամյա ընդհատումից հետո վերստին լույս է տեսել 1991-ին՝ իբրև անկախ ամսաթերթ նախաձեռնությամբ Մ. Գազանճյանի (վարիչ և խմբագիր) և Սեմ Րագուպյանի: Հրատարակում է Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղութներից, ինչպես և միջազգային բնույթի հասարակական, տնտեսական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ: 1996-ին Ս. Րագուպյանը հեռացել է <<Նոր կյանքից>> և հիմնել <<Դիտակ>> ամսագիրը: 1996-98-ին <<Նոր կյանքի>> գործերը վարել է Մ. Գազանճյանը՝ իբրև ամսաթերթի տեր և խմբագիր (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 326:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am