Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՆԱՅԻՐԻ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՆԱԻՐԻ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Նայիրի>>-ն ազգային-գրական պարբերաթերթ է: Լույս է տեսնում 1941-ից, սկզբում Հալեպում (մինչև 1949-ը), 1945-ից՝ ամսագիր: Հիմնադիր-խմբագիր՝ Անդրանիկ Ծառուկյան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր շուրջն է համախմբել Մերձավոր և Միջին Արևելքի անվանի հայ գրողներին, գրականագետներին ու արվեստագետներին, տպագրել նրանց, ինչպես նաև Հայաստանի գրողների (Ե. Չարենց, Գ. Մահարի, Հ. Շիրազ, Հ. Քոչար, Գ. Սարյան, Ս. Կապուտիկյան. Սարմեն և ուրիշներ) բազմաթիվ գործեր: 1951-83-ին (որոշ ընդհատումներով Ա. Ծառուկյանը <<Նայիրին>> վերահրատարակել է Բեյրութում (արտոնատեր՝ Մարք Տոնիկյան), նախ իբրև ամսագիր, իսկ 1952-ից՝ իբրև շաբաթաթերթ: Այս շրջանում <<Նայիրին>>, հիմնականում պահպանելով գրական, գեղարվեստական բնույթը, ավելի գործուն դեր է կատարել սփյուռքի ազգային, հասարակական կյանքում, անդրադարձել հայ ժողովրդի պատմության վերջին շրջանի վիճելի հարցերին, նպաստել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնղմանը, լայն տեղ հատկացրել Հայաստանի մշակութային կյանքին, տնտեսության ու գիտության հաջողություններին: Պատշաճորեն է ներկայացրել հայ և օտար դասական գրականությունը, գրողների կյանքն ու գործը: Թարգմանաբար տպագրել Լ. Տոլստոյի, Ա. Չեխովի, Մ. Գորկու. Գի դը Մոպասանի, Հ. Ուելսի և այլոց ստեղծագործությունները: Հնչակյան գործիչ և <<Արարատ>> օրաթերթի երկարամյա նախկին խմբագիր Ժիրայր Նայիրին 1995-ից վերստին, երկշաբաթյա պարբերականությամբ լույս է ընծայում <<Նայիրին>>՝ իբրև անհատական ձեռնարկ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 325-326:

 

Շիրազ Հովհ., Անի, ԵՊՀ հրատ., 2011:

 


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am