Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի հայ համայնքի մամուլը

 

 ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ

 Լիբանանում առաջին հայկական թերթը հրատարակվել է 20-րդ դ. սկզբին. 1913-14-ին Բեյրութի ամերիկյան համալսարանում սովորող հայ ուսանողներն ունեցել են իրենց ձեռագիր պարբերականը (խմբագիրներ` Սուրեն Ազիրյան, Հարություն Դարբինյան, Երվանդ Խաթանասյան): Այն լույս է տեսել ընդամենը 6 համար և պահպանվել է համալսարանի գրադարանի ընթերցասրահում: Ենթադրվում է, որ այս պարբերականի համարները համալսարանի տնօրինության հրամանով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվել են հեղափոխական բովանդակություն պարունակող այլ հայերեն հրատարակությունների հետ: 1918-ին օսմանյան բանակի նախկին սպա Հակոբ Մարթայանը (Դիլաչար) ապաստան է գտել Զահլե քաղաքում, այնտեղ հրատարակել հայերեն խմորատիպ <<Լույu>> պարբերականի մի քանի համարներ: 1920-ական թթ. 1-ին կեսին Ջիբեյլի հայկական որբանոցում ստեղծվել են <<Հոսանք>> և <<Տուն>> հայերեն խմորատիպ պարբերականները:

 Լիբանանում հայկական գաղութի ստվարացմանը զուգընթաց, հայերեն պարբերականներ են հրատարակել նաև հայ քաղաքական կուսակցությունները. Հայրենակցական, մշակութային, կրոնական, մարզական, երիտասարդական, պատանեկան կազմակերպությունները, կրթական հաստատությունները, անհատ անձինք: Սկզբնական շրջանում ՀՀԴ իր տեսակետներն է արտահայտել Խոսրով Թյությունճյանի և Ա. Արշակունու (Արշակ Հովհաննեսյան) խմբագրած <<Փյունիկ>. կիսաշաբաթաթերթի (1924-25) և <<Նոր Փյունիկ>> երկօրյայի (1924-27) միջոցով: Հնչակյան կուսակցությանն ավելի մոտ է եղել Միքայել Շամտանճյանի <<Հայ կյանք>> (1925-26) եռօրյան: Լիբանանահայ կոմունիստները ևս 1920-ական թթ.-ից սկսած ունեցել են իրենց <<Նոր փարոս>> (1925, խմորատիպ, լույս է տեսել 2 համար), <<Կարմիր արշալույս>> (1931-32), խմորատիպ, 4 համար), <<Մարտակոչ>> (1934, խմորատիպ, 4 համար), <<Սպարտակ>> (1940-41, ձեռագիր- խմորատիպ, 4 համար) անլեգալ թերթերը: 1975-ից հետո`Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, ամենայն հավանականությամբ Բեյրութում իրենց քաղաքական անլեգալ թերթերն են հրատարակել նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, նրան համակրող քաղաքական կազմակերպություններ: Լիբանանում գրական գեղարվեստական բնույթի առաջին պարբերականը եղել է Երվանղ Քեշիշյանի <<Կրթասիրաց>>ամսագիրը (1925-1927): 

 Լիբանանահայ մամուլը հիմնականում տպագրվել է Բեյրութում, որտեղ ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի հայերեն պարբերականներ: Դրանցից են՝ <<Ազդակ>>, <<Ազդակ շաբաթօրյակ-դրոշակ>>, <<Ազդարար>>, <<Ակոս>>, <<Ահեկան>>, <<Ամենուն նոր տարեցույցը>>, <<Ամենուն տարեգիրքը>>, <<Այգ>>, <<Անի>>, <<Առավոտ>>, <<Ավետիք>>, <<Արարատ>>, <<Արին>>, <<Արծիվ>>, <<Բագին>>, <<Բժիշկ>>, <<Դիտակ>>, <<Երիտասարդ հայ>>, <<Երիտասարդ հայուհի>>, <<Զարթոնք>>, <<Զվարթնոց>>,<<Էջեր գրականության և արվեստի>>, <<Ժողովրդի ձայն>>, <<Լիբանան>>, <<Խոսնակ>>, <<Ծիածան>>, <<Կայծ>>, <<Կայծեր>>, <<Կանչ>>, <<Հայ գիր>>, <<Հայաստան>>, <<Հայկազյան հայագիտական հանդես>>, <<Հառաջ>> քաղաքական շաբաթաթերթ, <<Հառաջ>> գրական-հասարակական շաբաթաթերթ, <<Հասկ>>, <<Հասկ հայագիտական տարեգիրք>>, <<Մասիս>>,<<Մարզիկ>>, <<Նայիրի>>, <<Նոր Այնթապ>>, <<Նոր կյանք>>, <<Շիրակ>>, <<Պատանեկան արձագանք>>, <<Ջանասեր>>, <<Ռազմիկ>>, <<Սփյուռք>>, <<Փարոս>> պարբերականները:

Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Լիբանանում մեծաթիվ են եկեղեցիները, դպրոցներն ու վարժարանները: 

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 317-318:

 








ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am