Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ թերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ>> ԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ժողովուրդի ձայն>>-ը հասարակական-քաղաքական, գրական թերթ է: Լիբանանի համայնավար կուսակցության հայկական հատվածի պաշտոնաթերթ: 1938-39-ին` շաբաթաթերթ: Խմբագիրներ՝ Հարություն Մատեյան, Հովհաննես Աղպաշյան: Առաջին շրջանում եղել է Լիբանանի կոմունիստական <<Սաութ ալ-Շաաբ>> արաբերեն թերթի հայերեն հավելվածը: Տարածվել է Սիրիայում և Լիբանանում: 1939-ի հունվարին կախակայվել է և կարճ ժամանակ <<Հորիզոն>> անունով լույս տեսնելուց հետո նույն տարվա հոկտեմբերին փակվել Լիբանանում ֆրանսիական մանդատային իշխանությունների կողմից: 1940-41-ին, ընդհատակյա պայմաններում, խմորատիպ լույս են տեսել <<Ժողովուրդի ձայնի>> առանձին համարներ: 1942-48-ին վերահրատարակվել է իբրև օրաթերթ: 1943-ին լույս է ընծայել նույնանուն գրական-գեղարվեստական ամսագիր (խմբագիր՝ Հովհաննես Աղպաշյան), որին աշխատակցել են Հրանտ Տևեճյանը, Վահե Վահյանը, Գրիգոր Քեշիշյանը: <<Ժողովուրդի ձայն>> օրաթերթը փակվել է Լիբանանի կոմկուսի օրենքից դուրս հայտարարվելու կապակցությամբ: 1948-49-ին լիբանանահայ կոմունիստները կարճ ժամանակով ընդհատակյա լույս են ընծայել <<Ժողովուրդի պայքար>> անլեգալ մեքենագիր բազմագրված թերթի 17 համար (խմբագիրներ՝ Հ. Մատեյան, Հ. Աղպաշյան, Կարապետ Փաշապեզյան և Գրիգոր Համամճյան) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը)

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 322:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am