Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Հայկազյան համալսարան

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱԱՆ

   Այս համալսարանը Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է: Հիմնվել է 1955-ի հոկտեմբերի 17-ին ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ: Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ՝ Կոնյայի ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով: 1955-89-ին եղել է քոլեջ, 1990-1996-ին՝ համալսարանական քոլեջ, 1996-ի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան: Ուսումնառությունն անգլերենով է. հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով: Համալսարնում ուսանում են Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ: Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-76-ին՝ 650, 2003-ին՝ 534: Տվել է շուրջ 2 հզ. շրջանավարտ: Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով: Ներկայումս մեծ թվով ուսանողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշըն), համակարգչային և կլինիկական լաբորատորիայի գիտաճյուղերին: Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971-ից պետականորեն հավասարազոր են նկատվում Լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին: 1996-ին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով: Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ: Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողներր՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների: Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972-ին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով: Համալսարանը հրատարակում է <<Հայկազյան հայագիտական հանդեսը>> (1970-ից), անգլերենով՝ <<Հայկազյան հերալդ>> ուսանողական պարբերաթերթն ու <<Ֆոկուս>> ուսանողական տարեգիրքը: Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ: Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-66, 1971-1982), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971), Վեռն Ֆլետչեր (1982-85), ժան Խանճյան (1995-2002) և Փոլ Հայտոսթյան (2002-ից): 1966-68-ին նախագահի պաշտոնակատարն է ե֊ղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-95-ին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):

 

Սանջյան Ա.

 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 305-306:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am