Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը

  

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Լիբանանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է 1910-ին: 2001-ին ուներ 11 մասնաճյուղ` Բեյրութ, Տրիպոլի, Զահլե և Բաթրուն քաղաքներում, քվեարկելու իրավասու 1200 անդամ և 2,5 մլն դոլարի տարեկան բյուջե: Հետեղեռնյան շրջանում ՀԲԸՄ հովանավորել է <<Քելեկյան>> և <<Սիսուան>> որբանոցները: Գործել են ՀԲԸՄ Անթիլիասի, Ալեյի և Բեյրութի <<Երվանդ Տեմիրճյան>> վարժարանները, <<Երվանդ Հյուսիսյան>> հայագիտական հիմնարկը: Այժմ ՀԲԸՄԼ-ի շրջանակային հանձնաժողովի վերահսկողության ներքո գործում են Բեյրութի <<Ալեք Մանուկյան>>, <<Երվանդ և Ալիս Տեմիրճյան>> կենտրոնները, Լևոն Կ. Նազարյան նախակրթական, Պողոս Գ. Կարմիրյան միջնակարգ և Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարանները: ՀԲԸՄ միաժամանակ նյութապես օգնում է այլ հայկական վարժարանների, կրթաթոշակներ տրամադրում հայ համալսարանականների և կենսաթոշակներ՝ հանգստյան կոչված որոշ հայ անհատ ուսուցիչների: 1943-ից Բեյրութի հայաշատ Ռմեյլ թաղամասում գործում է ՀԲԸՄ դարմանատունը: ՀԲԸՄ հովանավորությունն է վայելում Հայ երիտասարդաց ընկերակցությունն իր <<Անդրանիկ>> մարզական միությամբ (1931-ից) են (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը): 


Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 308-309:

 


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am