Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանում հայագիտության զարգացումը

 

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

  Այս ուղղությամբ առաջին քայլերն արել են Մեծ եղեռնից ու Հայաստանի խորհրդայնացումից հետո երկրում հանգրվանած Բաբկեն աթոռակից կաթողիկոս Կյուլեսերյանը, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը, Նիկոլ Աղբալյանը, Կարո Սասունին, Շահան Պերպերյանը, Հակոբ Թոփճյանը, Գառնիկ Գյուզալյանը և ուրիշներ: Հայոց նորագույն պատմության հարցերին նվիրված արժեքավոր հուշագրություններ են թողել Սիմոն Վրացյանն ու Վահան Փափազյանը (Կոմս): Հետագա տարիներին հայագիտության զարգացմանը նպաստել են պատմության գծով՝ Շավարշ Թորիկյանը, վերապատվելի Եղիա Քասունին, Խորեն Գաբիկյանը, Զավեն Մսրլյանը, Հրանտ Գանգրունին, Բյուզանդ Եղիայանը, Գերսամ Ահարոնյանը, Հրաչ Տասնապետյանը, Հակոբ Պարսումյանը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը, Սեդա Պարսումյան-Տատոյանը, հայ միջնադարյան գրականության և արվեստի ուսումնասիրության բնագավառում՝ Հովհաննես վրդ. Մսրյանը, Սահակ վրդ. Քեշիշյանը, Սիլվիա Աճեմյսւնը, Թամար Տասնապետյանը, հայ եկեղեցու պատմության գծով՝ Դերենիկ եպս. Փոլատյանը, Վարդան արք. Տեմիրճյանը, Սահակ եպս. Կոգյանը, Մեսրոպ եպս. Թերզյանը, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում Անդրանիկ վրդ. Կռանյանը, Կարո Առաքելյանը, գրականագիտության ու գրաքննադատության բնագավառում Պողոս Սնապյանը, Գրիգոր Շահինյանը, Օննիկ Սարգիսյանը, Շուշիկ Տասնապետյանը, երաժշտության պատմության գծով` Աշոտ Պատմագրյանը, մատենագիտության բնագավառում՝ Արտաշես Տեր-Խաչատուրյանը, Ժիրայր Դանիելյանը, դրամագիտության ասպարեզում՝ Անուշավան էպեյանը, Ասպետ Տոնապետյանը, Երվանդ Ապաճյանը և ուրիշներ:

 Նինա Ճիտեճյանը անգլերեն և ֆրանսերեն հրատարակել է <<Լիբանանի պատկերազարդ պատմություն>>, <<Լիբանանն ու հունական աշխարհը>>, <<Լիբանան. դրամների վրա պատկերված նրա աստվածները, լեգենդները և առասպելները>>, <<Հնագիտությունը Լիբանանում>>, ինչպես նաև Բեյրութ, Սիդոն, Տյուրոս, Բիբլոս, Տրիպոլի և Բաալբեկ քաղաքների փյունիկյան դարաշրջանի ու հետագա հնագիտական հուշարձանների վերաբերյալ գիտահանրամատչելի ուսումնասիրություններ:

 Լիբանանում հայ միջնադարյան, նոր և նորագույն արձակ և չափածո գրականության գոհարներն արաբերեն թարգմանելու գործում իրենց ավանդն են ունեցել Հովհաննես Աղպաշյանը (թարգմանել է Օտյանի <<Առաքելություն մը ի Ծապլվար>>), Նիկոլա Թաուիլը (թարգմանություններ է կատարել Հ. Թումանյանից, Վ. Անանյանից և այլն), Միշել Սուլայմանը, Ռաիֆ Խուրին, Բարսեղ Չաթոյանը, ալ-Ասադի Խայրեդդինը:

 Լիբանանցի իրավագետ Մուսա Պրենսը 1967-ի հուլիսին Փարիզում կայացած ցեղասպանության կանխարգելման միջազգային 2-րդ համագումարին ներկայացրած զեկուցագրում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել <<հայասպանություն>> (<<արմենոցիդ>>) տերմինը և հայկական Մեծ եղեռնը որակել որպես <<ցեղասպանությունների հայր>>: Նույն մտքերը Պրենսը հիմնավորել է իր տիկնոջ՝ Մարի-Անժ Պրենսի գործակցությամբ շարադրած <<Անպատիժ մի ցեղասպանություն. հայասպանությունը մարդկության դեմ գործված ոճիրների ոլորտում>> ֆրանսերեն հատորում (1967, ընդլայնված տարբերակը 1975-ին և 1988-ին, որը կազմում է Պրենսի <<Ցեղասպանությունը կամ կանխամտածված, հավաքական ջարդերի արդի ծավալները>> հինգհատորյակի երկրորդ հատորը. համառոտ տարբերակը հայերեն է թարգմանվել և հրատարակվել 1969-ին ու 1987-ին): 

 Պատմաբան Սալեհ Զահրեդդինը արաբերեն լույս է ընծայել <<Հայերը. ժողովուրդ և դատ>> (1988), <<Ղարաբաղը ինքնորոշման և թուրանասիոնական ծրագրի արանքում>> (1992), <<Հայաստանը և շրջափակումը>> (1993), <<Հայերը և արաբները պանթուրանիզմի և սիոնիզմի միջև>> (1994), <<Ղարաբաղի դիրքը հայ-ադրբեջանական հակամարտությա մեջ>> (1994), <<Հայաստանն ու դիմադրությունը>> (1994), <<Հայ-արաբական բարեկամությունը և ընդհանուր ճակատագիրը>> (1994), <<Օսմանյան կառավարության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և մեծ պետությունների դիրքորոշում այդ հարցում>> (1996) աշխատությունները, որոնցում արծարծել է Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, դրանցում իմպերիալիստական պետությունների և սիոնիստական շարժման ունեցած պատասխանատվության խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդիրները և այլն: 

 1990-ական թթ. կեսից ՀՀԴ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ արաբերեն լույս են տեսել Հաննա Սաիդ ալ-Հաժժի <<Իսլամահայկական հարաբերությունները արաբական նվաճումներից մինչե մեր օրերը>> (1996), Դաադ Բու Մալհաբ-Աթալլայի <<Հայկական հարցը միջազգային արդի համակարգում>> (1996), Ղասսան ալ-Ազզիի <<Հայկական սպանդը (1915). փաստաթղթեր միջազգային արխիվներից>> (1997), Ժան Շարաֆի <<Հայկական հարցը օսմանյան կայսրության մեջ>> (1997), ժորժ Սարաֆի <<Ռուսաստանից... մինչև Ղարաբաղ. ազգությունների պայքարը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում>> (1998), Ադնան ալ-Սայյիդ Հասանի <<Ինքնորոշման իրավունքը. հայ դատն իբրև օրինակ>> 1998) և այլ աշխատություններ:

 Լիբանանում հայագիտական հարուստ գրադարաններ ունեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Զմմառի վանքը, Հայկազյան համալսարանը, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը:

 Զմմառի վանքի թանգարանում ցուցադրվում են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հասնող հայկական և օտար թանկարժեք ցուցանմուշներ, հին դրամների հարուստ հավաքածու (խեթական, ուրարտական, փյունիկյան, հռոմեական, թուրքական, ինչպես և բյուզանդական ու Լուսինյան շրջանի հայկական), բրոնզե և կավե թրծված արձանիկներ, կնիքներ (Դարեհ արքայից արքայի կնիքը), սեպագիր արձանագրություններ (մ.թ.ա. II հազարամյակ), եկեղեցական գանձեր և զգեստներ (խույրեր, շուրջառներ, մատյաններ, գավազաններ, սկիհների հավաքածու), որոնցից շատերը հայկական ձեռարվեստի գործեր են: Առանձին տեղ է հատկացված գեղանկարչական աշխատանքներին (Ռաֆայելին վերագրվող <<Տիրամայրը>>, իտալական, իսպանական վարպետների գործերը: Թանգարանում պահվում են հայերեն ձեռագրերի հարուստ հավաքածու (շուրջ 1300 մատյան. Ամենահինը Մխիթար Գոշի Դատաստանագիրքն է. Ձեռագրերի մի մասի ցուցակը կազմել են Մեսրոպ վրդ. Քեշիշյանը և Համազասպ վրդ. Ոսկյան), հայկական հնատիպ գրքեր: Ունի նաև ժամանակակից գրականության բաժին:

 Անթիլիասի կաթողիկոսարանի <<Կիլիկիա>> թանգարանը բացվել է 1998-ին: Այստեղ ցուցադրվում են 1915-ին Սսի կաթողիկոսարանից փրկված ու 1930-ին Լիբանան բերված, ինչպես նաև հետագայում գնված ու նվեր ստացված եկեղեցական մասունքներ ու մասնատուփեր, ծիսական զգեստներ, խույրեր, շղարշներ, գավազաններ, ասաներ, անոթներ, ոսկերչական իրեր (կանթեղներ, աշտանակներ, ջահեր), դրամներ (հռոմեական, բյուգանդական, արաբական, կիլիկյան շրջանի հայկական), գորգեր, վիժակներ, խաչքարեր, հնագիտական ցուցանմուշներ (հին հայկական, ուրարտական, փյունիկյան), XIX-XX դդ. հայրենի և սփյուռքահայ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններ ևն: Թանգարանի ձեռագրատանը պահվում ես XIII-XIX դդ. 223 հայերեն ձեռագիր մատյաններ (ցուցակը կազմել է Անուշավան վրդ. Դանիելյանը):

 XIII-XX դդ. հայերեն 24 ձեռագրերի մի հավաքածու էլ պահպանվում է Մերձավոր Արևելքի աստվածաբանական դպրոցում (ցուցակը կազմել են Արտավազդ արք. Սյուրմեյանն ու Անուշավան վրդ. Դանիելյանը):

Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը):  Լիբանանում մեծաթիվ են հայական եկեղեցիները, դպրոցներն ու վարժարանները: 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 312-313:







 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am