ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Լիբանանի հայերը կարևոր դեր են խաղացել երկրում մշակույթի զարգացման և մշակութային արժեքների ստեղծման գործում: Լիբանան լեռան Էմիր Բեշիր II (1789-1840) պալատում ծառայել են հայազգի բանաստեղծ Նիկոլայոս Թըրքը (1763-1828), թուրքերենի դասատու Հակոբ Վարդապետը: XIX դ. 2-րդ կեսին արաբական լուսավորական շարժման ականավոր գործիչներից էին հայազգի արաբագիր բանաստեղծ, գրականագետ, պատմաբան Իսքենդեր Աբգարիոսը (1826-85), գրող, հասարակական-քաղաքական գործիչ Ադիբ Իսհակը (1856-85), բժիշկ, գիտնական Յուհաննա Վարդապետը (1826-1908), Զմմառյան միաբաններից, հալեպահայ հայր Անթուն Խանջին, որ երկար ժամանակ եղել է Բեյրութի հայ կաթոլիկ համայնքի ժողովրդապետը, Երուսաղեմում արաբերեն հրատարակել է հայոց պատմության գիրք (1868): 1830-ական թթ. Զմմառի վանքում է սովորել նաև արաբական նոր գրականության ռահվիրաներից, հալեպահայ գրող ու հրապարակագիր Ռըզքալլա Հասսունը (Հասունյան, 1825-80):
Թատրոն: Լիբանանահայերի թատերական կյանքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1920-ական թթ. Բեյրութում գործել են <<Դրամատիկ>> և Ուսանողական միության, 1930-ական թթ.՝ <<Գաբրիել Սունդուկյան>> և այլ թատերախմբեր: Այդ տարիներին Լիբանանում հյուրախաղերով հանդես են եկել դերասաններ Միքայել և Մարգո Կոստանյան ամուսինները, Վարդ-Պատրիկը, Բարսեղ Աբովյանը, Հայկ-Արծիվը, Շահան Սարյանը, Օննիկ Վոլթերը և ուրիշներ, որոնք ներկայացրել են Սունդուկյանի <<Պեպոն>>, Շեքսպիրի <<Համլետը>> և <<Օթելլոն>>, Չուխաճյանի <<Լեբլեբիջին>> և այլ գործեր: Սկզբնական շրջանում համայնքը թատերասրահ չի ունեցել, բոլոր ներկայացումները տրվել են վարձակալած սրահներում: 1958-ին Բեյրութում սկսել է գործել <<Գալուստ Կյուլպենկյան>> (քանդվել է քաղաքացիական պատերազմից հետո շինարարական աշխատանքների ընթացքում), 1963-ից՝ <<Հակոբ Տեր-Մելքոնյան>>, 1992-ից՝ <<Հովհաննես Պողոսյան>> թատերասրահները: 1950-ական թթ.-ից Բեյրութում գործել են <<Լիբանանյան թատերախումբ>>, <<Պետրոս Ադամյան>>, <<Գերմանիկ>>, <<Պեյրութահայ քուլիսականների թատերախումբ>>, <<Թատրոն 67>>, <<Վարդան Աճեմյանի անվան ստուդիո Ա>>, <<Հայկական շրջուն թատերախումբ>>, <<Արտավազդ>>, <<Կոմիտաս>>, <<Երիտասարդական թատրոն>>, <<Դիմակի թատրոն>> և այլ թատերախմբեր, որոնցից մի քանիսը ներկայացումներով հանդես են եկել նաև հարևան գաղթավայրերում:
Լիբանանահայ թատերական կյանքում նշանակալի դեր են կատարել նաև Ժիրայր Ավետիսյանը, Զոհրապ Յագուպյանը, Մուշեղ Մուղալյանը, Հովհաննես Հելվաճյանը: Նրանք բեմադրել են Պարոնյանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, հայաստանյան և սփյուռքահայ ժամանակակից, ինչպես և ամերիկյան եվրոպական հեղինակների գործերը: Պերճ Ֆազլյանը, Վարուժան Խտշյանը, Ժ. Ավետիսյանը և Զ. Յագուպյանը պիեսներ են բեմադրել նաև արաբական թատերախմբի համար: Լիբանանում արաբական թատրոնի զարգացման գործում կարևոր ավանդ ունի Ժիրայր Խաչերյանը: Լիբանանի և Հայաստանի թատերական գործիչների միջև գոյություն ունեն ստեղծագործական սերտ առնչություններ: Հայաստանում մասնագիտական կրթություն են ստացել Լիբանանի նոր սերնդի մի շարք հայազգի դերասաններ և ռեժիսորներ: Հայաստան և լիբանանահայ թատերախմբերը բազմաթիվ փոխադարձ ելույթներ են ունեցել Երևանում և Բեյրութում:
<<Գասպար Իփեկյան թատերախումբ>>, Համազգային մշակութային միության թատերախումբ: Կազմակերպվել է 1941-ին, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Գասպար Իփեկյանի նախաձեռնությամբ, առաջին ներկայացումը՝ Շանթի <<Ինկած բերդի իշխանուհին>>, տեղի է ունեցել 1942-ին: 1952-ից կոչվել է հիմնադրի՝ Գ. Իփեկյանի անունով: 1960-ական թթ.-ից թատերախումբը ներկայացումներ է տալիս Բուրջ Համուդ հայաշատ թաղամասի կենտրոնում կառուցված <<Հակոբ Տեր-Մելքոնյան>> թատերասրահում (500 տեղանոց): Բեմադրվել են ազգային և թարգմանական պիեսներ՝ Շանթի <<Հին աստվածներ>>, <<Կայսր>>, <<Քաղաքավարության վնասները>> (ըստ Հ. Պարոնյանի), Սունդուկյանի <<Պեպո>>, Շիրվանզադեի <<Քաոս>>, Գոգոլի <<Քննիչը>>, Իբսենի <<Ժողովրդի թշնամին>>, Պանյոլի <<Փառքի վաշխառուները>> և այլն: Թատերախումբը ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում: Թատերախմբում գործել են Ժորժ Սարգիսյանը (պարգևատրվել է Լիբանանի պետական, Համազգայինի, Կիլիկիո կաթողիկոսության շքանշաններով), դերասան-դերասանուհիներ Զ. Շանթը, Ն. Մինասյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Մ. Սարգիսյանը, Պ. Գարագաշյանը, ժ. Շահապյանը, Հ. Պալյանը, Հ. Թորիկյանը, Դ. Պոյաճյանը, Ա. Խաչատուրյանը, Վ. Վարդապետյանը, Խ. Արարատյանը և այլք: 1982-85-ին թատերախումբը ղեկավարել է Բաբկեն Փափազյանը, բեմադրել է Շանթի <<Օշին Պայլ>> և Մուշեղ Իշխանի <<Պարույր Հայկազն և Մովսես Խորենացի>> պիեսները: 1987-2002-ին Վ. Խտշյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Շանթի <<Հին աստվածներ>>, <<Եսի մարդը>>, <<Կայսր>>, Հ. Օշականի <<Երկնքի ճամփով>>, Ա. Միլլերի <<Բոլոր զավակներս>>, <<Գինը>>, Կ. Մանյեի (Օսկարը Ն. Սայմոնի <<Երկրորդ պողոտայի բանտարկյալը>>, Ժ. Շեհադեի <<Բրիզբանի գաղթականը>> և այլ պիեսներ: 2003-ին Զ. Յագուպյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Մուշեղ Իշխանի <<Կիլիկիո արքան>> պիեսը:
<<Վահրամ Փափազյան թատերախումբ>>, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախումբ: Կազմակերպվել է 1959-ին, Վ. Փափազյանի անունով կոչվել է 1960-ին: Թատերախմբի գործունեության առաջին փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պերճ Ֆազլյանի անվան հետ, որը 1959-ից բեմադրել է Շանթի <<Հին աստվածներ>>, Մ. Քոչարյանի <<Մուսա լեռան քառասուն օրը>>, Մոլիերի <<Ժորժ Դանդեն>>, <<Տարտյուֆ>>, Շեքսպիրի <<Ամառային գիշերվա երազ>> և այլ պիեսներ: Այնուհետև թատրոնը ղեկավարել է դերասան և ռեժիսոր Գրիգոր Սաթամյանը: Նրա բեմադրություններից են Ժ. Ֆեյդոյի <<Կասկածը կնոջ մտքին մեջ>>, Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>>, Կամսարականի <<Վարժապետին աղջիկը>>, Շեքսպիրի <<Բազում աղմուկ վասն ոչնչի>> ևն: 1972-ին թատերախումբը ելույթներ է ունեցել Հայաստանում: Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը (1975) թատերախումբն իր ներկայացումները տվել է Հովակիմյան-Մանուկյան վարժարանի <<Գալուստ Կյուլպենկյան>> 650-տեղանոց սրահում: 1975-ին` Սաթամյանի ԱՄՆ գաղթելուց հետո, թատրոնի բեմադրիչներ եղել են Վաչե Ատրունին (բեմադրել է Դ. Պսաֆասի <<Ստախոս կուզվի>>, 1978), Թորոս Սարգիսյանն ու Զավեն Գալուստյանը (բեմադրել են Կ. Գոլդոնիի <<Ստախոսը>>, 1986), Վաչե Տոներյանը (1988-90-ին, բեմադրել է Պ. Շենոնի <<Ժառանգորդը>> և Ժ. Ֆեյդոյի <<Հավատարմություն>> պիեսները), Հարություն Գնդունին (1991- 1992-ին բեմադրել է Պրիստլիի <<Ակամա խոստովանություն>>, Մոլիերի <<Երևակայական հիվանդը>> և Ն. Սայմոնի <<Տարօրինակ ժամադրություններ>> պիեսները). Վիգեն Ստեփանյանը (1994-95-ին բեմադրել է Լա Մուրեի <<Ա՜խ կիներ, կիներ>> և իր հեղինակած <<Պարոն լրտեսին վերջին գործը>> պիեսները), Պ. Ֆազլյանը (բեմադրել է Մոլիերի <<Ագահը>>, 1996), Արտաշես Հովհաննիսյանը (բեմադրել է Հակոբ Աթալյանի <<Աղվեսն ու Աղասին>>, 1998) և Գրիգոր Տեկիրմենճյանը (բեմադրել է Մ. Հեննըքենի <<Կիները բնավ սուտ չեն խոսիր>>, 1999): Ե. Ղազանչյանը 2001-03-ին բեմադրել է Թ. Ուիլյամսի <<Մենակության վերջին կանգառը>>, Է. դե Ֆիլիպոյի <<Երեխաները կմնան երեխաներ>> և Հ. Պարոնյանի <<Պաղտասար աղբար>> պիեսները: Թատերախմբի գործունեությանը իրենց երկարամյա ու բեղմնավոր աշխատանքով նպաստել են Լ. Գույումճյանը, Զ. Ներսեսյանը, Զ. Գալուստյանը, Թ. Սարգիսյանը, Գ. Սողոմոնյանը, Հ. Տատուրյանը, Հ. Թումյանը, Վ. Յուրնեշլյանը, Հ. Վարդիվառյանը, Լ. Մելքոնյանը, Պ. Տեր-Սահակյանը:
Կինոարվեստ: Լիբանանում կինոարվեստը համեմատաբար թույլ է զարգացած: Այդուհանդերձ, այս բնագավառում ևս լիբանանահայերը որոշակի մասնակցություն են ունեցել: Լիբանանում պատրաստված արաբերեն առաջին կինոնկարներից մեկը՝ <<Արուս Լուբնանը>> (<<Լիբանանի հարսը>>), 1951-ին արտադրվել է Եգիպտոսից ժամանած Հարություն Թյուրապյանի <<Թուրա ֆիլմ>> առևտրական ընկերության կողմից: 1950-ական թթ. լիբանանյան կինոարվեստի զարգացմանն իր նպաստն է բերել բեմադրող օպերատոր Անթուան Փարթամյանը: 1960-ական թթ. իր նկարահանած հինգ երկարամետրաժ, արաբալեզու գեղարվեստական կինոնկարներով հանրածանոթ է դարձել կինոռեժիսոր Կերի Կարապետյանը: Լիբանանում նկարահանված տարբեր արաբալեզու կինոնկարներում բազմիցս դերերով հանդես են եկել Պերճ Ֆազլյանը, Ղազարոս Ալթունյանը և Հովսեփ Գափլանյանը: Լիբանանում է իր առաջին դերասանական քայլերն արել հետագայում Եգիպտոսում հռչակված լիբանանահայ դերասանուհի Լիզ Սարգիսյանը (Իման): Առ այսօր (2003) Լիբանանում նկարահանված միակ հայերեն գեղարվեստական կինոնկարը եղել է <<Երազի ճամփովը>> (1973, կինոռեժիսոր՝ Հերրի Սարգիսյան, դերասաններ՝ Գրիգոր Սաթամյան, Ատիս Հարմանտյան, Վիգեն Պերպերյան, Արփի Շանթ, Սիլվա էպլիղաթյան, սցենարի համահեղինակներ՝ Հերրի Սարգիսյան և Անդրե Շահին): Վավերագրական ֆիլմերի պատրաստությամբ է զբաղվում Նիկոլ Պեզճյանը:
Կերպարվեստ: Աշխույժ է լիբանանահայերի գեղանկարչական կյանքը: Լիբանանահայ ավագ սերնդի արվեստագետներից են ճարտարապետ և նկարիչ Մարտիրոս Ալթունյանը (1889-1958, նախագծել և կառուցել է Լիբանանի խորհրդարանի շենքը, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարը, այլ եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ, արել որմնապատկերներ ևն), երգիծանկարիչ Տիրան Աճեմյանը (1902-91): Միջին սերնդի առավել հայտնի գեղանկարիչներից են Փոլ Կիրակոսյանը (1926-93), Հրայրը (Տիարպեքիրյան), Սիմոն-Բալտակսե Մարթայանը, Հարություն Թորոսյանը և Լյուսի Թյությունճյանը: Լիբանանահայ գեղանկարիչների նոր սերունդն են ներկայացնում Գրիգոր Նորիկյանը, Ժագլին Օհանյանը և ուրիշներ: Միջին և երիտասարդ սերնդի գեղանկարիչներն առանձնանում են եվրոպական արդի արվեստից սերող գունագծային ձեռագրի որոշակի ինքնատիպությամբ և միմյանց մոտ են իրենց արվեստի երազային, մելամաղձոտ բովանդակությամբ: Երկար տարիներ Լիբանանում են ստեղծագործել նկարիչներ Օննիկ Ավետիսյանը, Վավա-Սարգիսը (Խաչատուրյան) և մանրանկարիչ Աբրահամ Գուրգենյանը: Մինչև 1947-ը Լիբանանում է աշխատել նաև հայտնի նկարիչ Հարություն Կալենցը: Իրենց ստեղծագործական կյանքը Լիբանանում են սկսել նաև Շարթը (Ս. Հարությունյան), վերապատվելի Արմենակ Միսիրյանը (Արմիս) և գրաֆիկ Ասատուրը (Պզտիկյան): Բեյրութի մի շարք հեղինակավոր պատկերասրահներ՝ <<Վարուժան արթ սենթը>>, <<Նոազ արք>>, <<Ռոշան>>, պատկանում են հայերին: Լիբանանահայ միջին սերնդի քանդակագործներից հիշատակության են արժանի Զավեն Խտշյանը (Բիկֆայայի Մեծ եղեռնի հուշարձանի հեղինակը) և Վարուժան Մարտիրյանը: Հայերը հռչակ ունեն նաև լուսանկարչության բնագավառում: Հանրածանոթ է լուսանկարիչ Վարուժան Սեթյանը:
Երաժշտություն: Բեյրութը համարվում է սփյուռքահայ երաժշտական մշակույթի գլխավոր կենտրոններից: 1925-ին Հակոբ Յուվեզյանը հիմնել է Լիբանանի առաջին երաժշտական տպարանը, հրատարակել դպրոցական երգարան, դասագիրք: Լիբանանում են ապրել ու գործել երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Աշոտ Պատմագրյանը (պարգևատրվել է Լիբանանի պետական կարգի և ֆրանսիական ակադեմիայի բարձրագույն շքանշաններով), Բարսեղ Կանաչյանը (1885-1967), Շահան Պերպերյանը, խմբավարներ Սարգիս Համպոյանը, Օննիկ Ասատուրյանը, Օննիկ Սյուրմելյանը, Հրանտ Գևորգյանը, դաշնակահար Ստեփան էմմիյանը, կիթառիստ Վրույր Մազմանյանը, քյամանչահար Ռուբենը (Գարախանյան): Լիբանանի ժամանակակից նշանավոր երաժիշտներից է երգահան, մանկավարժ Պողոս Ճելալյանը (ծ. 1927-ին): Արժանացել է Լիբանանի և միջազգային բազմաթիվ մրցանակների, պարգևատրվել ֆրանսիական պետական, Հռոմի պապի, նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շքանշաններով: Լիբանանահայ մերօրյա երաժշտական կյանքում իրենց վաստակն ունեն խմբավարներ Մինաս Գանգրունին, Հարություն Ֆազլյանը, Մանվել Քեշիշյանը, էդվարդ Թորիկյանն ու Զաքար Քեշիշյանը, մենակատարներ Գևորգ Կակոսյանը, Միհրան Էլմայանը, Թագուհի Թեքյան-Խաչատուրյանը, Ժանեթ Գույումճյան-Իլանճյանը, Սոսի Մինասյանը, Գևորգ Պեպեճյանը և Կարապետ Չատրյանը:
Լիբանանում հայկական էստրադային երաժշտության բնագավառում 1960-70-ական թթ. Իրենց ավանդն են ներդրել Ատիս Հարմանտյանը, Մանվել Մենենկիչյանը, Լևոն Գաթրճյանը, Վարդավառ Անթոսյանը, Արա Կիրակոսյանը, Հարո Բուրյանը (մենակատարներից շատերը ևս քաղաքացիական պատերազմի տարիներին արտագաղթել են Լիբանանից): Իրենց երաժշտական գործունեությունը Լիբանանում են սկսել հետագայում արտագաղթած երգահան Համբարձում Պերպերյանը (հիմնել է երգչախումբ, մանկական երգեցիկ խումբ և պարի անսամբլ, բեմադրել է Տ. Չուխաճյանի <<Կարինե>> կոմիկական օպերան), երաժշտագետ, ազգագրագետ-բանահավաք Պետրոս Ալահայտոյանը, խմբավարներ Վարուժան Գոճյանը և Րաֆֆի Սվաճյանը, դաշնակահար Ավո Գույումճյանը, երգչուհիներ Լուիզա Եղիայան-Պոզապալյանը, Սոնա Ղազարյանը, Սեդա Բալուլյանը, Արփինե Փեհլիվանյանը: Մի շարք հայազգի երաժշտագետներ դասավանդում են Լիբանանի պետական կոնսերվատորիայում, Քասլիքի <<Սուրբ հոգի>> կաթոլիկական համալսարանի երաժշտական ամբիոնում, <<Բարսեղ Կանաչյան>>, <<Թեքեյան>> երաժշտանոցներում և երկրի այլ միջնակարգ արաժշտական ուսումնարաններում:
Տարբեր տարիների Լիբանանում գործել են ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղի <<Ալագյազ>>, <<Ալեմշահ>>, <<Գարուն>>, <<Զվարթնոց>>, <<Կիլիկիա>>, <<Կոմիտաս>>, <<Կռունկ>>, <<Մասիս>>, <<Նաիրի>>, <<Շահմուրադյան>>, <<Շողակաթ>>, <<Քնար>> և մի շարք այլ երգչախմբեր, ՀԲԸՄ-ՀԵԸ Նոր սերունդ մշակութային միության, Համազգայինի <<Քնար>> և այլ պարախմբեր:
<<Գուսան>> երկսեռ երգչախումբ, կազմել է Բարսեղ Կանաչյանը: Գործել է 1933-61 թթ.: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի <<Մեմորիալ հոլ>> թատրոնում (կազմը` 70 մարդ): Հայտագիրն ընդգրկել է Կոմիտասի, հայ ժողովրդական և հոգևոր, արաբական և քրդական երգեր, ինչպես և Բ. Կանաչյանի խմբերգերը, <<Աբեղա>> օպերայից (ըստ Լ. Շանթի <<Հին աստվածներ>> դրամայի) հատվածներ: 1936-ին կազմվել է նաև <<Գուսան>> երաժշտասիրաց միությունը: Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար երգչախմբի ղեկավար Բ. Կանաչյանը պարգևատրվել է Լիբանանի <<Մայրիների Ա կարգի>> պատվո նշանով: Ներկայումս Համազգային մշակութային միության նույնանուն երգչախումբը փորձում է շարունակել Բ. Կանաչյանի ղեկավարած խմբի ավանդույթները:
Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը): Լիբանանում մեծաթիվ են հայկական եկեղեցիները, դպրոցներն ու վարժարանները:
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 313-317:
Տե´ս նաև՝
Լևոն Շանթ, Երկեր, Երևան, 1989:
Գաբրիել Սունդուկյան, Երկեր, 1984:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am