ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Լիբանանահայերի ազգային, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը երկար տասնամյակներ ընթացել է ազգային կուսակցությունների (Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն) և նրանց համակիրների միջև վեճերի և մրցակցության պայմաններում:
Կուսակցությունների սահմանազատման հիմքը մի կողմից հնչակյանների, ռամկավարների և կոմունիստների (համայնավարների), մյուս կողմից դաշնակցականների հակադիր դիրքորոշումն էր Խորհրդային Հայաստանի հանդեպ: Այս վեճերն առանձնապես սուր բնույթ են ընդունել 1956-ին Մեծի Տանն Կիլիկիո նոր կաթողիկոսի ընտրությունից հետո: 1950-60-ական թթ., հատկապես 1958-ի Լիբանանի վեցամսյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, եղբայրասպան գնդակների զոհ են գնացել շուրջ 40 հայ երիտասարդներ: Միջկուսակցական վեճերը մասամբ մեղմացել են 1960-ական թթ. կեսից: 1975-90-ի լիբանանյան քաղաքացիական պատերազմի թացքում հայ բոլոր քաղաքական հոսանքներին հաջողվել է որդեգրել միասնական դիրքորոշում, ընթացող միջհամայնքային մարտերում ընդունել դրական չեզոքության կեցվածք: Այդ տարիներին հայկական կուսակցությունները կազմակերպել են հայկական թաղամասերի ու ազգային հիմնարկների զինված պաշտպանություն: Նույն տարիներին է, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ, անգլերեն՝ ASALA) ընդհատակյա կազմակերպությանը հաջողվել է պաղեստինյան որոշ կազմակերպությունների հետ համագործակցաբար իր ռազմակայանն ստեղծել Լիբանանի Բեքաայի միջլեռնային հովտում և մինչև 1982-ը՝ Իսրայելի ներխուժումը Լիբանան, այդտեղից ղեկավարել հակաթուրքական իր պայքարը:
Դաշնակցականներն ու հնչակյանները Լիբանանում իրենց առաջին բջիջներն են ստեղծել դեռևս նախաեղեռնյան շրջանում՝ Բեյրութի համալսարաններում սովորող հայ ուսանողների շրջանում: Ռամկավարների ներկայությունը զգալի է դարձել 1920-ական թթ. սկզբից: 1995-ի տվյալներով՝ ՀՀԴ Լիբանանում ուներ 2080 շարքային անդամ, պատանեկան (815 անդամ), երիտասարդական (568 անդամ և 32 թեկնածու) և ուսա-նողական (73 անդամ) միություններ: Հնչակյանների և ռամկավարների անդամների թվի վերաբերյալ հրապարակված տվյալներ չկան: Ընդունված է սակայն, որ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շրջանակն ավելի համեստ է: Հայ ազգային կուսակցությունները թեև Լիբանանում պետական գրանցում չունեն, սակայն դե ֆակտո ճանաչված են երկրի իշխանությունների և այլ քաղաքական ուժերի կողմից, կանոնավոր մասնակցում են խորհրդարանական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քաղաքական խորհրդատվական հանդիպումներին:
Լիբանանում փոքրաթիվ հետևորդներ ունի նաև Հայկական ժողովրդային շարժումը (ՀԺՇ), որը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր լեգալ կազմակերպություն է, Լիբանանում աստիճանաբար ձևավորվել է 1970-ականների երկրորդ կեսին և 1980-ականների սկզբին:
Լիբանանահայ համայնավարները չունեն իրենց ուրույն կուսակցությունը, բայց 1920-ականներից կարևոր դեր են խաղացել Լիբանանի համայնավար կուսակցության և վերջինիս մոտ կանգնած արհմիությունների շարքերում, մասնակցել Լիբանանի անկախության և ֆրանսիական զորքերի Լիբանանից դուրս բերելու, 1946-ին Լիբանանում աշխատանքային օրենսգրքի ընդունման, 1950-ականներին Լիբանանը արևմտյան հակախորհրդային դաշինքներից զերծ պահելու և երկրի դրական չեզոքությունն ապահովելու համար արաբ ազգայնականների և ձախակողմյան ուժերի ելույթներին:
Բացի համայնավարներից, Լիբանանի ոչ հայկական մյուս քաղաքական կուսակցություններին անդամակցած հայերը շատ սակավաթիվ են եղել, թեև 1975-90-ի քաղաքացիական պատերազմի տարիներին բազմաթիվ հայ երիտասարդներ անդամակցել են տարբեր ոչ հայկական զինված խմբավորումների, կռվել նրանց շարքերում: 2001-ից Լիբանանի փաղանգավոր կուսակցության ղեկավարն է ծագումով հայ Քերիմ Բագրատունին:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութում գործել են մի քանի մշակութային-բարեգործական ընկերություններ: Լիբանանահայ համայնքի ստվարացմանը զուգընթաց՝ 1920-ականներից ծնունդ են առել բազմաթիվ նոր հայրենակցական, բարեգործական, ուսանողական, երիտասարդական, մշակութային, մարզական և այլ կազմակերպություններ, որոնք ներկայումս մեծ մասամբ գտնվում են կրոնադավանական համայնքների կամ քաղաքական կուսակցությունների վերահսկողության ներքո:
Լիբանանում տարբեր տարիների գործել են շուրջ 60 հայրենակցական միություններ կամ նմանատիպ համագաղութային միությունների Լիբանանի մասնաճյուղեր: Նրանցից հիշատակելի են Ադիյամանի, Ակնա, Ակշեհիրի, Ամանոսի, Այնթապի. Ադանայի, Արաբկիրի, Աֆյոն-Կարահիսարի, Բալուի, Բաղեշի, Կոնյայի Երզնկայի, Զեյթունի, էյբեզի Էվերեկ-Ֆենեիեի, էրզրումի, Թոմարզայի, Լափաճի, Խարբերդի, Խարնըի, Խնուսի, Կապադովկիայի, Կասիոսի, Կարամանանի, Կարինի, Կեսարիայի, Կյուրինի, Կ. Պոլսի, Հաճընի, Հարունիեի, Մալաթիայի, Մարաշի, Յոզղատի, Նիգդեի, Չարսանջակի, Չեփնիի, Չմշկածագի, Չոմաքլուի, Չորք- Մարզպանի (Դյորթ-Յոլի), Պահճեի, Պերեճիկի, Պրուն-Քըշլայի, Ջեբել Մուսայի, Ռումտիկինի, Սասունի, Սեբաստիայի, Սսի, Սուրսուռի, Վանի, Վասպուրականի, Տարոն-Տուրուբերանի, Տարսոնի, Տիգրանակերտի, Ուրֆայի, Քեսապի, Քիլիսի, Քղիի Ֆընտըճագի հայրենակցակական միությունները: 1927-ին գործում էին 33, իսկ ներկայումս՝ շուրջ 15 հայրենակցական միություններ: Սկզբնական շրջանում նրանք կարևոր դեր են խաղացել գաղթականների բնակության համար հայկական թաղերի հիմնադրման, դպրոցների և եկեղեցիների կառուցման գործում: Ներկայումս Լիբանանում գործող հայրենակցական միությունները հիմնականում զբաղվում են բարեգործությամբ, կրթանպաստներ հայթայթում համերկրացի կարիքավոր աշակերտներին և ուսանողներին:
Անցյալում որոշակի մշակութային գործունեություն են ծավալել <<Լիբանանահայ վերածնունդ միությունը>>, <<Հայկ>> ակումբը, հայ մասոնական <<Անի>> կազմակերպությունը ևն:
Ուսանողական և երիտասարդական միություններից Լիբանանում ակտիվ են ՀԲԸՄ <<Հայ երիտասարդաց ընկերակցությունը>> (ՀԵԸ, 1931-ից), ՍԴՀԿ <<Տխրունի>> ուսանողական-երիտասարդական (1952-ից), ՀՀԴ Լիբանանի երիտասարդական (ԼԵՄ, 1973-ից), ՀՀԴ <<Զավարյան>> ուսանողական (ԶՈՄ, 1904-ից), Հայ կաթողիկե համալսարանական (ՀԿՀՄ, 1987-ից), Հայ ավետարանական քրիստոնեական <<Ջանից>> (1925-ից), Հայ ավետարանական երիտասարդաց (ՀԱԵՄ, 1972-ից), Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների Լիբանանցի շրջանավարտների (1986-ից) միությունները, ինչպես և Հայաստանյայց եկեղեցվո համալսարանական ուսանողների միությունը (ՀԵՀՈՄ), որը 1960-ին կազմակերպել էր Գարեգին վրդ. Սարգիսյանը (1995-99-ին՝ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս): 1970-ականների առաջին կեսին ակտիվ է եղել նաև 1968-ին ստեղծված Լիբանանի հայ համալսարանավարտների միությունը, գործունեությունը դադարել է քաղաքացիական պատերազմի պատճառով:
Սկաուտական խմբեր ունեն ՀՄԸՄ-ը, ՀԵԸ-ը, ՀՄՄ-ը: Թեքեյան վարժարանի հոգաբարձության հովանավորությունն է վայելում <<Արմենական արիական շարժումը>> (1991-ից), իսկ հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանին կից գործում են <<Սուրբ Մեսրոպի արիները>> (1939-ից):
Լիբանանում գործող կարևորագույն հայկական մարզական միություններն են ՀՀԴ հովանավորությունը վայելող Հայ մարմնակրթական ընղհանուր միությունը (ՀՄԸՄ, 1924-ից, 2003-ին ուներ 8 մասնաճյուղ), ՀԲԸՄ հովանավորությունը վայելող Հայ երիտասարղաց ընկերակցության <<Անդրանիկ>> մարզական միությունը (1931-ից), ՍԴՀԿ հովանավորությունը վայելող Հայ մարմնամարզական միությունը (ՀՄՄ, 1921-ից, 2003-ին ուներ 5 մասնաճյուղ) և վերջինիս ընտանիքի մաս կազմող Բուրջ Համուդի <<Մասիս>> մարզական միությունը (1955-ից): Լիբանանի հայ կոմունիստների կազմակերպության հետ սերտ առնչություն են ունեցել 1945-60-ին գործած <<Բաղրամյան>>, իսկ ներկայումս՝ <<Արարատ>> մարզական միությունները: Այդ միություններն աշխույժ մասնակցություն են բերել Լիբանանի մարզական կյանքին, հատկապես ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև աթլետիկայի, լողի, ծանրամարտի, հեծանվային սպորտի, բռնցքամարտի, թենիսի, սեղանի թենիսի, շախմատի և այլ մարզաձևերում: ՀՄԸՄ-ը՝ 8, իսկ ՀՄՄ-ը 5 անգամ դարձել են Լիբանանի ֆուտբոլի առաջնության հաղթող: ՀՄԸՄ-ը 1943-ին նվաճել է նաև Լիբանանի ֆուտբոլի գավաթը, իսկ 1969-ին ասիական ֆուտբոլի ակումբների առաջնության ժամանակ գրավել է 3-րդ տեղը: Լիբանանյան մարզաշխարհում զգալի հաջողությունների են հասել նաև լիբանանահայ մարզական միությունների բասկետբոլի, վոլեյբոլի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, թեթև աթլետիկայի թիմերն ու նրանց շարքերում հանդես եկած բազմաթիվ հայազգի և արաբ մարզիկներ:
ՀՄԸՄ-ի տղամարդկանց ու կանանց, ՀԵԸ-ի կանանց թիմերը նվաճել են Լիբանանի բասկետբոլի առաջնությունը: Հեծանվային սպորտի Լիբանանի թիմային առաջնությունը նվաճել է ՀՄՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀԵԸ-ի տղամարդկանց ու ՀՄՄ-ի կանանց թիմերը: ՀԵԸ հաղթել է նաև Լիբանանի սեղանի թենիսի տղամարդկանց և վոլեյբոլի կանանց առաջնություններում:
2002-ին ՀՄԸՄ-ի կանայք նվաճել են արաբական երկրների սեղանի թենիսի թիմային առաջնությունը: Լիբանանի հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, թեթև աթլետիկայի տարբեր մարզաձևերի անհատական առաջնության տիրացել են լիբանանահայ մարզական միությունների մի շարք մարզիկներ:
Անցած շուրջ 80 տարիների ընթացքում բազմաթիվ հայ մարզիկներ Լիբանան են ներկայացրել համաարաբական, ասիական և միջազգային ստուգատեսներում: Հիշատակության արժանի են նաև <<Սիփան>> դահուկի ակումբը (1949-ից). Լիբանանի դահուկի ֆեդերացիայի անդամ է, արևելյան մարտարվեստի <<Հայ սև գոտիներ միությունը>> (հիմնադիր և նախագահ Կարո Քեբաբջյան): 1976-ից կունգֆուի <<Կամք>> ակումբը մասնաճյուղեր ունի Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլն:
Լիբանանահայ համայնքում գործում են նաև մի շարք մասնագիտական և արհեստակցական միություններ՝ Լիբանանահայ բժշկական միությունը (1950-ից Լիբանանի հայ ատամնաբույժների միությունը (1994-ից), Լիբանանի հայ արհեստավարժների (ճարտարագետներ և ճարտարապետներ) <<Հայճար>> միությունը (1994-ից), Լիբանանահայ գործարարների միությունը, Հայ համայնքի ընկերային ծառայողների միությունը (1977-ից), Հայակական բարեգործական ընդհանուր միությունը (1910-ից), Շվեյցարիայի հայասերների միությունը (1896-ից),Լիբանանահայ օգնության խաչը (1929-ից), Համազգային մշակութային միությունը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը (1941-ից), Թեքեյան մշակութային միությունը (1947-ից), Լիբանանահայ գրական շրջանակը (1947-ից), Նոր սերունդ մշակութային միությունը (1955-ից), Ջինիշյան հիշատակի ձեռնարկը (1967-ից), Հայկական կրթական բարեսիրական միությունը (1969-ից), Հայ կաթողիկե միությունը (1972-ից), Տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամը (1977-ից), <<Առողջապահական ապահովագրության լիբանանյան միացյալ սնդուկը>> (1998-ից):
Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը): Մեծ է նաև Լիբանանում գործող դպրոցների ու վարժարանների և հայկական եկեղեցիների թիվը:
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 306-308:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am