ՈւՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Ուրուգվահայության հասարակական կյանքը սկսել է ձևավորվել 1920-ական թթ. վերջից, երբ կազմակերպվել են բազմաթիվ հայրենակցական, բարեսիրական-բարեգործական և մշակութային միություններ: Հիմնվել են Մարաշի, Սեբաստիայի (1927-ին), Ադանայի (1928-ին), Զեյթունի (1929-ին), Հաճընի (1930-ին), Յոզղատի (1930-ին), Կեսարիայի (1933-ին), Ուրֆայի (1935-ին) հայրենակցական միությունները: Աշխույժ զոըծունեություն են սկսել բարեգործական կազմակերպությունները. 1931-ից Հայուհյաց բարեսիրաց միությունը (գործում է ցայսօր, իր ծերանոցով), 1934-ից Հայ Կարմիր խաչի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը, 1938-ից՝ ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի մասնաճյուղը: Հիմնվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ Հայ ուսանողական միությունը (1938-ին), «Մարո» օրիորդաց միությունը (1939-ին), «Արմենիա» (1940- ին), «Փարամազ» (1942-ին) միությունները: ժամանակի ընթացքում բազմաբնույթ կազմակերպությունների մի մասը դադարեցրել է իր գործունեությունը, ստեղծվել են նորերը: Ներկայումս (2003) գաղութում գործում են ՀՀԴ-ի «Վռամյան» կոմիտեն և «Արմենիա» երիտասարդական միությունը, ՍԴՀԿ-ի Հնչակյան տունը, ՌԱԿ-ի «Վահան Թեքեյան» ակումբը, ձախակողմյան (համայնավար) ուժերին միավորող Հայ ազգային կենտրոնը և Երևան մշակութային հիմնարկը, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Մարաշի հայրենակցական միությունը. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի մասնաճյուղը: ՀԲԸՄ հովանավորությամբ գործում են միության Երիտասարդական լիգան և Հայուհյաց բարեսիրական միությունը (ունեն շենք, մարզադաշտ): Կան սկաուտական երկու խմբեր:
Ուրուգվայի Հայկական բազմամիութենական կազմակերպությունը համադրող մարմնի բնույթ ունի և համախմբում է Հնչակյան տունը, Հայ ազզային կենտրոնը, Արմենիա հրապարակի և պողոտայի հանձնախումբը, ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունը, «Արմենիա» ռադիոժամը, Մարաշի հայրենակցական միությունը և ՀԲԸՄ-ի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը:
Համայնքի պատմության մեջ պարբերական մամուլը շոշափելի դեր չի խաղացել: 1993-ից Մոնտեվիդեոյում հրատարակվող «Հայ ընտանիք» պարբերաթերթը (հայերեն և իսպաներեն, խմբագիր Մարիա Զուլամյան) միակն է: Լրատվամիջոցների դերը հիմնականում կատարել են հայկական ռադիոկայանները, որոնցից ներկայումս գործում են երեքը. 1935-ից «Ռադիո Արմենիա» (մասնավոր, տնօրեն Արաքսի Ռուբենյան, հիմնադիր Հարություն Դուբենյան) և «Կոմիտաս» (ՀՀԴ տնօրեն Աբրահամ Բելյան) ամենօրյա ռադիոժամերը. 1984-ից «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) ռադիոժամը, որը եթեր է արձակվում շաբաթ և կիրակի օրերին:
Արամ Սարգսյան
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 615:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am