ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՄԵԼԱՆՔԹՈՆ ԵՎ ՀԱՅԿ ԱՐՍԼԱՆՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ
Այս ճեմարանը երկսեռ երկրորդական ուսումնական հաստատություն է: Համազգային մշակութային միության սեփականությունն է: Հիմնվել է 1930-ի մարտի 3-ին իրրև միջնակարգ վարժարան: Հիմնադիրներ՝ Լևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան: Սկզբում կոչվել է <<Հայ ճեմարան>> և գործել Բեյրութի Քանթարի թաղամասում վարձված երկհարկանի շենքում, ապա տեղափոխվել մոտակա Ուադի Աբու-Ժեմիլ թաղամասում ավելի ընդարձակ մի այլ վարձված շենք: 1950-ին Բեյրութի Զոքաք էլ Բլատ թաղամասում կառուցվել է սեփական նոր շենքը, որը գլխավոր բարերարի անունով վերանվանվել է Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան: Հետագայում նորակառույց դպրոցի շրջափակում կանգնեցվել են այլ նոր շենքեր: Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերսւզմի սկիզբը (1975) ճեմարանը տվել է 528 շրջանավարտ: 1974-75 ուսումնական տարում ունեցել է 1003 աշակերտ: Քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի արևմտյան, հիմնականում մահմեդականաբնակ թաղամասերի (որտեղ և գտնվում էր Նշան Փալանճյան ճեմարանի շենքը) հայաթափման հետևանքով 1976-ից դպրոցի նոր մասնաճյուղ է հաստատվել նաև մայրաքաղաքի արևելյան հատվածում: Վերջինս 1988-ին օժտվել է նորակառույց՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան համալիրով: Նույն համալիրում 1991-ին բացվել է Նորսիկյան (նախապես՝ Հայ օգնության միության) մանկապարտեզը, իսկ Նշան Փալանճյան ճեմարանն աստիճանաբար փակվել է: 2002-ին Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանն ունեցել է 785 աշակերտ: ճեմարանի <<Հրաչ Դարբինյան>> գրադարանն ունի ավելի քան 35 հզ. հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու: Տնօրեններ՝ Լևոն Շանթ (1930-51), Սիմոն Վրացյան (1952- 1969), Հրաչ Տասնապետյան (1969- 1999), Տիգրան Ճինպաշյան (գործադիր տնօրեն 2001-ից) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):
Սանջյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am