ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ)
Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամների շուրջ երկու հարյուր տարվա գիտական բեղմնավոր գործունեության շնորհիվ Ավստրիայի մայրաքաղաքը դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից: 1772-ին, երբ Մխիթարյան միաբանության անդամների միջև անհամաձայնություն է ծագել կանոնադրության փոփոխության կապակցությամբ, միաբանների մի խումբ աբբահայր Աստվածատուր արք. Բաբիկյանի գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773-ին հաստատվել է Ավստրիայի Տրիեստ քաղաքում, 1810-ից Վիեննայում: 1811-ի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է միաբանության գոյությունը: Ժամանակի ընթացքում ստեղծվել է մատենադարան, որտեղ պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, ավելի քան 120 հայ պարբերական մամուլի ամենահարուստ հավաքածուն: Միաբանությունն ունի նաև թանգարան, որի բազմաթիվ ցուցանմուշներից հատկապես հայտնի են հայկական դրամների, եկեղեցական զգեստների և սպասքի հավաքածուները: 1811-12-ին միաբանությունը հիմնել է տպարան (գործել է մինչև 1999-ը, գրքեր է տպագրել հիսուն լեզուներով) և ծավալել գրահրատարակչական լայն գործունեություն: Սինչև XIX դարի վերջը տպագրվել է շուրջ 500 անուն գիրք:
Միաբանության գիտական գործունեության մեջ նշանակալի դեր են ունեցել լեզվաբան, բանասեր Արսեն Այտընյանը (1825-1902), պատմաբան, լեզվաբան Հովսեփ Գաթըրճյանը (1820-82), բանասեր, լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը (1817-97), լեզվաբան, աշխարհագրագետ Պողոս Հովնանյանը (1802-84), լեզվաբան Սերովբե Տերվիշյանը (1846-92), պատմաբան, ձեռագրագետ, բանասեր Ներսես Ակինյանը (1883-1963), բանասեր, լեզվաբան Հակոբոս Տաշյանը (1866-1933) և ուրիշներ: Միաբանության անդամները ստեղծել են բազմաթիվ աշխատություններ նվիրված հայ եկեղեցու, հայ ժոդովրրդի պատմությանը, աղբյուրագիտության. Հայաստանի պատմական աշխարհագրության, լեզվաբանության. բանասիրության հիմնախըն- դիրներին նշանակալի ավանդ ներդնելով հայագիտության զարգացման մեջ: Միաբանության ճանաչված գիտնականներից ոմանք պաշտոնավարել են Վիեննայի համալսարանում և Արևելյան ակադեմիայում:
Վիեննայի Մխիթարյան միաբանության գիտական գործունեությունը նպաստել է հայագիտության զարգացմանը Եվրոպայում. միաբանության մատենադարանում աշխատել են եվրոպացի բազմաթիվ արևելագետներ-հայագետներ, նրանց ուսամնասիրությանները հրապարակվել են միաբանության պարբերականներում:
2000-ի հուլիսի 10-21-ը Վենետիկի Ս. Ղազար մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղավորումների միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով: Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Ս. Ղազար մայրավանքն է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին պիտի ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մեկ վանահայր:
Զույգ միաբանությունների բոլոր կենտրոնները կառավարելու են նորընտիր ընդհանրական աբբահայրը և միացյալ վարչական խորհուրդը:
Հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրել են նաև ավստրիացի գիտնականները: Արվեստաբան, ճարտարապետության մասնագետ Ժոզեֆ Ստրժիգովսկին (1862-1941) հրատարակել է Թ. Թորամանյանի փաստագրական նյութերի օգտագործումով ստեղծված «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր կոթողային աշխատությունը (1918), որտեղ բարձր է գնահատել հայ հին ճարտարապետության նվաճումները, ցույց տվել դրա ազդեցությունը եվրոպական երկրների ճարտարապետության վրա:
Վիեննայի ազգագրության թանգարանի աշխատակից էլիզաբեթ Բաուեր-Մաննդորֆը (ծ. 1948), որը հայոց լեզու է ուսումնասիրել Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, հրատարակել է «Հայաստան, պատմությունը և մշակույթը» (1975), «Վաղ շրջանի Հայաստանը» (1984) աշխատություններդ հայ արվեստին նվիրված հոդվածներ: Վիեննայի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Վոլֆդիտեր Բիլը (ծ. 1937) հեղինակ է մի շարք հոդվածների, որոնք նվիրված են հայ եկեղեցու պատմությանը, Հայկական հարցին: Իրավաբան, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ֆելիքս Էրմակորան (1923-95) Հայկական հարցին նվիրված մի շարք հոդվածների հեղինակ է: Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-16-ին) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք որակել է որպես ցեղասպանություն: Պատմաբան և վավերագրական կինոնկարների բեմադրող, դոկտոր Արտեմ Օհսնջանյանը (ծ. 1936) հրատարակել է «Հայաստան, թաքուն ցեղասպանություն» (1989) մենագրությունը (գերմաներեն), որը թարգմանվել է հայերեն և պարսկերեն: 1989-ին 4 հատորով (1914-18- ին) և 1995-ին 12 հատորով (ֆաքսիմիլե) հրապարակել Ավստրիայի արխիվների Հայկական հարցին վերաբերող 1872-1936-ի փաստաթղթերը: Դոկտոր Հայկ Էրվին Ազնբաուերը հրատարակել է «Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» (անգլերեն, գերմաներեն) գիրքը:
Առանձնապես նշելի է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի 1934-ին հրատարակած «Մուսա լեոան քառասուն օրը» հայտնի վեպը նվիրված Սեծ եղեռնի ժամանակ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 95-96:
Տես նաև՝
Ավստրիա:
Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին:
Ավստրիայի հայ համայնքի դպրոցը:
Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:
Ավստրիայի հայ համայնքի մշակույթը:
Ավստրիայի հայ մամուլը: