ՂԱԶԱԽՍՏԱՆ
Ղազախստանի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Ասիայում: Տարածքը՝ 2724,9 հզ. կմ2: Բնակչությունը 15 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Աստանա (313 հզ., մինչև 1998-ը՝ Ալմա Աթա): Հայերի թիվը՝ շուրջ 25 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Հայերը Կենտրոնական Ասիայում սկսել են հաստատվել վաղնջական ժամանակներում: Պատմական աղբյուրների համաձայն նրանցից շատերը հայտնվել են այստեղ որպես գերյալներ, ոմանք առևտրական գործերի բերումով, ոմանք էլ դիվանագիտական առաքելությունների կազմում: Սակայն հայկական համայնքը Ղազախստանում ձևավորվել և ստվարացել է XIX դ. 2-րդ կեսին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: 1867-ին կազմավորվել է Թուրքմեստանի գեներալ-նահանգապետությունը, որն ընդգրկել է այժմյան Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հարավային մարզերի տարածքը: Այդ ժամանակաշրջանում հայ արհեստավորներ, բանվորներ և առևտրականներ են հաստատվել Ղազախստանում (Թուրքմենստանից, հետագա տարիներին նաև Ղարաբաղից, Նախիջևանից և Հայաստանի այլ շրջաններից):
Ղազախստանի հայկական համայնքն ստվարացել է նաև խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո, երբ հանրապետությունում ծավալված արդյունաբերական բուռն շինարարությունը խթանել է Խորհրդային Միության տարբեր տարածաշրջաններից բանվորական ուժի, մասնագետների ներհոսքը, նրանց թվում նաև հայերի, որոնք բնակություն են հաստատել արդյունաբերական կենտրոններ Չիմքենդում, Կարագանդայում, Կուստանայում, Պավլոդարում, Ալմա Աթայում: Խորհրդային իշխանության տարիներին Ղազախստանի հայերի թիվն ավելացել է հիմնականում 1937-49-ին ի հաշիվ Հայաստանից, Վրաստանից, Ղրիմից և Խորհրդային Միության այլ տարածաշրջաններից այստեղ աքսորված հազարավոր հայ ընտանիքների: Ղազախստանում այժմ բնակվող հայության զգալի մասն անցյալում բռնադատվածներն են ու նրանց զավակներր:
Խորհրդային վարչակարգի պայմաններում Ղազախստանի հայերը ազգային որևէ կազմակերպություն չեն ունեցել: Բազմազգ Ղազախստանում ազգամիջյան հաղորդակցության լեզուն եղել է ռուսերենը: Հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, բուհերում դասավանդումը նույնպես իրականացվել է ռուսերենով: Երկրի բնակչության միայն 35-40 %-ը կազմող բնիկ ղազախների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ ուծացման քաղաքականություն է իրականացվել:
1980-ական թթ. վերջին ԽՍՀՄ-ում ազգամիջյան հարաբերությունների սրման հետևանքով հայերի մի մասն արտագաղթել է Ղազախստանից:
Անկախություն ձեոք բերելուց (1991) հետո Ղազախստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ազգամիջյան հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Հանրապետության նախագահին կից ստեղծվել է հասարակական նոր ինստիտուտ Ղազախստանի ժողովուրդների համագումար, որը կոչված է նպաստելու ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և զարգացման գործին: Ալմա Աթայի «Լույս» և Կուստանայի «Էրեբունի» հայկական համայնքների ղեկավարները Ղազախստանի ժողովուրդների համագումարի մշտական անդամներ են: 1990-ական թթ. Ղազախստանի հայ համայնքն սկսել է համալրվել Հայաստանից արտագաղթած հայերով: Ներկայումս (2003) Ղազախստանում բնակվում է շուրջ 25 հզ. հայ: Նրանց զգալի մասը ապրում է Ալմա Աթայում, մնացածը գլխավորապես երեք քաղաքներում Կաստանայում, Ակտյուբինսկում, Կարագանդայում: Ալմա Աթայում գործում է Հայ մշակույթի կենտրոնը, որին կից կիրակնօրյա դպրոց (2002-ին ունեցել է 20-25 աշակերտ): Ալմա Աթայի քաղաքային իշխանությունները հայկական համայնքին տրամադրել են հողամաս եկեղեցի կառուցելու համար: 1995-ին կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքը (Կուստանայի հայերը նույնպես եկեղեցի կառուցելու հարց են հարուցել):
Ղազախստանի հայերը զբաղվում են հիմնականում շինարարությամբ, մասնավորապես ճանապարհաշինարարությամբ: Զգալի թիվ են կազմում արդյունաբերության, կրթության, առողջապահության. պետական կառավարման բնագավառների աշխատողները, ձեռնարկատերերը, գիտնականները, արվեստագետները, տնտեսագետները, բժիշկները և այլն: Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է եղել Լևոն Միրզոյանը (1936-38-ին), հայտնի են գիտնական Ի. Ավետիսյանը, պրոֆեսոր Է. Տեր-Պողոսյանը, գինեգործ պրոֆեսոր Ռ. Մնացականյանը (հայ համայնքի նախագահ), գեներալ Վաչագան Վլասովը (Վլասյան), ռեժիսորներ Ռուբեն Անդրեասյանը, Սերգեյ Փաշոյանը, գործարարներ Արթուր Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և ուրիշներ:
Խորհրդային իշխանության տարիներին զարգացել են հայ-ղազախական գրական-մշակութային կապերը: Հայերեն և ղազախերեն են թարգմանվել ղազախ և հայ գրողների երկերից. 1968-ին ղազախերեն լույս է տեսել «Հայկական սովետական պոեզիայի անթոլոգիա»և այլն:
Կոստանդին Խուդավերդյան
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 384-385:
Տես նաև՝
Գրկ. Григорьянц В. Е., Армяне Средней Азии. История, современное положение, перспективы, Е., 1994.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am