ՖԻՆԼԱՆԴԻԱ
Ֆինլանդիայի Հանրապետություն, պետություն Հյուսիսային Եվրոպայում: Տարածքը՝ 338,1 հզ. կմ2: Բնակչությունը՝ 5,16 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Հելսինկի (546,3 hq.): Հայերի թիվը՝ շուրջ 200:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Հայ-ֆիննական առնչությունները սկիզբ են առել XVII դ., երբ Նոր Ջուղայի վաճառականներն առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի հետ:
1888-ին իր ընտանիքով Հելսինկիում է հաստատվել բողոքական քարոզիչ, թարգմանիչ Աբրահամ Ամիրխանյանցը (1838-1913), որը հոդվածներով հանդես է եկել Ֆինլանդիայի կրոնական մամուլում: Նրա որդիներից կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանցը (1872-1949) ուսանել է Հելսինկիի երաժշտանոցում (Ֆինլանդիայի առաջին հայ ուսանողն էր): Տիրապետել է ֆիններենին և շվեդերենին, դրել շուրջ 200 աշխարհիկ և հոգևոր երգեր (նաև շվեդ բանաստեղծների տեքստերով), հիմնել շվեդական և նորվեգական երգչախմբեր:
Մշտական հայ բնակիչներ Ֆինլանդիայում շատ քիչ են եղել: Պետերբուրգի և հարակից շրջանների հայերը հաճախ են այցելել Ֆինլանդիա, որտեղ նրանցից ոմանք ունեցել են ամառանոցներ:
Ռուսաստանում 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջման և քաղաքացիական պատերազմների պատճառով Ֆինլանդիա են մեկնել նաև հայեր, որոնց մեծ մասը հետագայում տեղափոխվել է այլ երկրներ: Ֆինլանդիայի անվտանգության ծառայությունների արխիվում նյութեր են պահպանվում 1930-ին ԽՍՀՄ-ից Ֆինլանդիա փախած 4 հայ դաշնակցական կալանավորների (Անուշավան Զատիկյան, Տիգրան Հարությունով, Ենոք Գրիզորյան, Ռուբեն Ալլահվերդով) մասին, որոնց ժամանակին անդրադարձել է ֆիննական մամուլը: Այս գործիչների մասին գրել է նաև ֆինն հետազոտող, արևելագետ-կովկասագետ Անտերո Լեյցինգերը:
Արևելահայ մամուլի էջերում հրատարակել են ֆինն գրականության մասին հոդվածներ և ռուսերենից կատարված թարգմանություններ: Հայերեն թարգմանված առաջին ֆինն հեղինակը Զ. Տոպելիուսն է, որի 3 պատմվածք լույս է տեսել 1900-ին Թիֆլիսի «Աղբյուր» հանդեսում: Հատուկենտ ֆինն հեղինակների գործեր լույս են տեսել նաև առանձին գրքույկներով. Ինգման Սանտերի «Անպոչ հորթը» (1903), «Հրեշտակի խոստումը» (1906): 1907-ին Հելսինկիի «Վալվոյա» ամսագրում արևելահայ գրական գործիչ Մինաս Բերբերյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Պատկերներ Հայաստանից» հոդվածը, որի առաջին մասը ներկայացրել է հայության վիճակը, արևմտահայության կոտորածներն ականատեսների վկայություններով, Հայկական հարցը, իսկ երկրորդ մասը հայ գրականության համառոտ ակնարկ է հայ գրողների լուսանկարներով:
Հելսինկիի համալսարանի գրադարանում կա 3290 հայերեն գիրք (մեծ մասամբ լեզվագիտական և գեղարվեստական), 1850-I917-ին հրատարակված 20 անուն պարբերական մամուլ: Գրադարանում պահվում են նաև հայերեն ձեռագրեր, որոնց էլ հավանաբար վերաբերում է 1898—99-ին «Ֆինսքթ մուզեում» ամսագրում լույս տեսած Յոհան Յակոբ Թիքքանենի «Երեք հայկական մանրանկարչական ձեռագրեր» աշխատությունը: 1899-ին թիֆլիսեցի Ք. Օհանյանն այցելել է Ֆինլանդիա: 1901-ին «Մուրճ» ամսագրում լույս է տեսել նրա Ֆինլանդիային նվիրված «Հազար լճերի և կղզիների երկ¬րում» ուղեգրությունը:
XX դ. առաջին կեսին հայ մտավորականներից Ֆինլանդիա են այցելել Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է տվել ֆինն դերասանների հետ):
Ռուսերենից ֆիններեն թարգմանությամբ լույս են տեսել Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը («Սև ոսկու քաղաքը» վերնագրով) և Վախթանգ Անանյանի պատմվածքներից:
Հմայակ Սիրասը ռուսերենից թարգմանել է կարելաֆիննական «Կալևալա» էպոսը: 1949-ին «Կալևալայի» առաջին տպագրության 100-ամյա հոբելյանի առթիվ Ավետիք Իսահակյանը գրել է «Կարելո-ֆիննական ագգային էպոսը» հոդվածը: ժամանակակից ֆինն-շվեդական գրականության ներկայացուցիչներից Է ԱՍՆ-ում բնակվող Սթինա Խաչատուրյանը:
Ֆիններենից կատարված թարգմանություններով հանդես են եկել Երևանում բնակվող ֆիննուհի Սվետլանա Հագերթը (ամուսնու Նելսոն Ալեքսանյանի համագործակցությամբ), Կարինե Աբոյանը, Կարինե Խաչատրյանը, Լիլիթ Ստեփանյանը:
Ներկայումս (2003) Ֆինլանդիայում բնակվում Է շուրջ 200 հայ (նաև Հայաստանից արտագաղթածներ), որոնք կենտրոնացած են Հելսինկի, Տամպերե, Տուրկու, Հյուվինկյա քաղաքներում: Ֆիննահայերը հոգևոր վերելք են ապրել Հելսինկիի «Արվեստ և դիզայն» թանգարանում «Սուրբ Խաչ» խորագրով կագմակերպված Հայ եկեղեցու գանձերի ցուցահանդեսի շնորհիվ (1998):
Ֆիններն ակտիվորեն մասնակցել են 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման աշխատանքներին. Սպիտակում կառուցվել է ֆիննական պոլիկլինիկա ևն:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 620-621:
Տես նաև՝
Գրկ. Բախչինյան Ա., Հայաստան-Սկանդինավիա, Ե.. 2003:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am