ԼԻԲԱՆԱՆԻ ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
Այս երկրորդական ուսումնական հաստատությունը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ: Կազմավորվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան տղաների և Դարուհի Հակոբյան աղջիկների երկրորդական վարժարանների աստիճանական միացումով: Դարուհի Հակոբյան վարժարանը հիմնվել է 1939-ին, մեծահարուստ Լևոն Հակոբյանի կտակով՝ ի հիշատակ իր վաղամեռիկ քրոջ՝ Դարուհու: Սկզբնական տարիներին գործել է Բեյրութի Ջիմմեյզի թաղամասում վարձված մի շենքում: 1962-ին տեղափոխվել է Բեյրութի Հազմիե արվարձանում գտնվող իր սեփական եռահարկ, նորակերտ շենքը: Հովակիմյան-Մանուկյան վարժարանը հիմնվել է 1947-ին՝ <<Հ.Բ.Ը. միության մանչերու բարձրագույն վարժարան>> անունով: 1951-ին Մյոհրյուպե Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է նոր շենք և նրա հորեղբոր՝ Սարգիս Հովակիմյանի՝ բարձրագույն վարժարան հիմնելու փափագն իրականանալու առթիվ դպրոցը վերանվանվել է <<Հ. Բ. Ը. միության Հովակիմյան-Մանուկյան մանչերու երկրորդական վարժարան>>: 1960-ական թթ.-ից երկու վարժարանները հետևել են Լիբանանի պետական բակալորիայի ուսումնական ծրագրին: Քաղաքացիական պատերազմի հետևանքով երկու վարժարաններն ստիպված են եղել դուրս գալ սեփական շենքերից, որոնք հետագայում վաճառվել ու քանդվել են: Աստիճանաբար երկու վարժարանների աշխատանքները միավորվել են՝ այն փաստորեն վերածելով երկսեռ երկրորդական վարժարանի: 1993-ից երկու վարժարանների տնօրենի պաշտոնը համատեղ վարում է Ժիրայր Դանիելյանը: 2002-ին վարժարանն ուներ 251 աշակերտ: Ուսման տևողությունը 7 տարի է: Շրջանավարտները կարող են հաճախել տեղական և օտար համալսարաննեը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները):
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 304:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am