ԲԵԼԱՌՈՒՍ
Բելառուսի Հանրապետություն, պետություն Արևելյան Եվրոպայում: Տարածքը` 207,6 հզ. կմ2: Բնակչությունը 10,2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Մինսկ (1,6 մլն): Հայերի թիվը` շուրջ 30 հազար:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև հաստատվել են 1993-ին:
Հայ-բելառուսական առնչությունները սկզբնավորվել են XX դարի սկզբին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալման շրջանում: Բելառում հեղափոխական պայքարի կազմակերպման գործում մեծ ավանդ ունի Ալեքսանդր Մյասնիկյանը: Նա եղել է Բելառուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ԲՍՍՀ) Կենտգործկոմի նախագահ (1919-ին), ապա ԲՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ և ռազմական գործերի ժողկոմ: 1920-ի հուլիսին լեհական զորքերից Մինսկն ազատագրող կարմիր բանակի կազմում աչքի է ընկել Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ զորամիավորումը: Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ շատ հայեր մարտնչել են Բրեստի ամրոցի կայազորի կազմում: Բելառուսի ազատագրմանը մասնակցել է հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը, բազմաթիվ հայեր մարտնչել են Բելառուսի պարտիզանական ջոկատների կազմում (200 հայ ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով): 1944-ին Բելառուսի ազատագրմանը մասնակցել են 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը զորապետ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ: 1945-ի ապրիլից Հ. Բաղրամյանը գլխավորել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատը:
Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերը զարգացել են խորհրդային իշխանության օրոք: Աշխույժ է եղել համագործակցությունը գրականության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի բնագավառներում: Հայերեն են թարգմանվել բելառուս գրողներ Ցանկա Կուպալայի, Յակուբ Կոլասի, Մաքսիմ Տանկի, Պետրոս Բրովկայի, Իվան Շամյակինի երկերից, բելառուսերեն հայ դասականների և ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Հայ բեմում բեմադրվել են բելառուս հեղինակներ Անդրեյ Մակայոնոկի, Միկալայ Մատուկովսկու պիեսները: 1987-ին Երևանում հյուրախաղերով ելույթ է ունեցել Մինսկի Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որի կազմում էին դերասանուհիներ Բ. Մասումյանը և Օլգա Շահ-Պարոնը: Երաժշտական կապերը սերտացել են 1970-80-ական թթ.: Հայկական և բելառուսական երաժշտական կոլեկտիվներ և անհատ կատարողներ հանդես են եկել փոխադարձ հյուրախաղերով:
Հայ համայնքը Բելառուսում պաշտոնապես հիմնվել է 1989-ին (վերագրանցվել 1991-ին): Հիմնադրման նախաձեռնողներն էին Բելառուսում հայտնի հայ մտավորականներ, խոշոր ձեռնարկատերեր: Համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն անդամակցում է Բելառուսի կրոնի և ազգությունների կոմիտեին: Կազմակերպությունն ունի ավելի քան 300 անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, որը միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:
Ըստ 1989-ի մարդահամարի տվյալների` Բելառուսում բնակվել է 5 հազար հայ, որից 2800-ը Մինսկում: 1999-ի մարդահամարի տվյալներով հայերի թիվը Բելառուսում 10 հազարից ավելի էր: Ներկայումս (2003), ոչ պաշտոնական տվյալներով, Բելառուսում կա շուրջ 30 հազար հայ: Նրանց թվի շեշտակի աճը պայմանավորված է Հայաստանից Բելառուս արտագաղթածների հոսքով: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից ե հրեաներից հետո: Բելառուսում առայժմ հայկական եկեղեցի չկա (ձեռք է բերվել այն կառուցելու թույլտվություն): 1991-ից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, ազգային երգ ու պար: 1998-ին հիմնվել է «Էրեբունի» երգի-պարի ազգագրական համույթը (ղեկավարներ՝ Ռուզան Ավանեսյան և Ռոբերտ Գևորգյան), որը Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվող ազգային մշակույթների փառատոնում շահել է գլխավոր մրցանակ (2000):
Բելառուսում պաշտոնապես գրանցված է չորս հայկական համայնք՝ Մինսկում, Մոգիլյովում և երկուսը Բոբրույսկում, որտեղ գործում են «Հայաստան» կրթական-մշակութային ընկերության մասնաճյուղերը:
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002-ին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուում հիշատակված են նաև տասը հայեր: Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորքերի առաջին հրամանատարն է եղել գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը: Նրա որդին` Արմեն Սարդարովը, Բելառուսի «Բելդորստրոյ» ճանապարհաշինական վարչության գլխավոր ճարտարա-պետն է: Մինսկի ստորգետնյա երկաթուղու շինարարությունն իրականացնող «Բելմետրոշին» կազմակերպության գլխավոր տնօրենն է Բորիս Սաղաթելյանը, Մինսկի «Ինտեգրալ» գործարանի փոխտնօրենն է Յուրի Բախտամյանը: Արվեստի աշխարհում մեծ հեղինակություն է վայելում Մինսկի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալտեր Մնացականովը:
Զգալի թիվ են կազմում հանրապետական մակարդակի հայ գործարարները: Ոսկան Չոբանյանը երեք տարի անընդմեջ (1999-2001) ճանաչվել է Բելառուսի լավագույն և բարեխիղճ ձեռնարկատեր: Հանրապետության էստրադայի աստղերի թվում են Ստելլա Կարաօղլանովան և Իսկուհի Աբալյանը (հաղթել են Գրոդնոյի փառատոնում, դափնեկրի կոչում ստացել «Սլավյանսկի բազար» էստրադային երգի փառատոնում):
Հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է հայերի ցեղասպանության և 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որտեղ նշվում են հայոց պատմության հիշարժան տարելիցները:
Սարգսյան Արամ
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 112-113:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am