<<ԱԶԴԱԿ>> ՕՐԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Ազդակ>>-ը ազգային, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ է: ՀՀԴ Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ (1965-ի հունիսից): Հրատարակվում է 1927-ից (որոշ ընդհատումներով): Սկզբում եղել է եռօրյա, 1930-ից՝ երկօրյա, 1932-ից՝ օրաթերթ: Հիմնադիր և սեփականատեր տնօրեն՝ Հայկ Պալյան: 1988-ից պատասխանատու տնօրենն է Էվա Տերվիշյանը: Խմբագիրներ՝ Արամ Սահակյան, Վարդան Գևորգյան, Մանուկ Ասլանյան, Մուշեղ Իշխան, Կարո Սասունի, Գասպար Իփեկյան, Անդրանիկ Ծառուկյան, Ներսես Քյուփելյան, Արսեն Աճեմյան, Հակոբ Սիմոնի, Կարո Գանթարճյան, Զարեհ Զարգուն (Լևոն Ագխաչերյան), Սինաս Թյոլյոլյան, Լևոն Գարմեն (Ստեփանյան), Տիգրան Ոսկունի (Գույումճյան), Երվանդ Փամպուքյան, Պողոս Սնապյան, Վարանդ Փափազյան, Վարուժան Թենպելյան, Սարգիս Մահսերեճյան, Շահան Գանտահարյան: Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձերը: 1970-ական թթ. կեսից մերձավորարևելյան ճգնաժամի պայմաններում համայնքի քաղաքական մյուս ուժերի հետ միասնական ճակատով հանդես է գալիս լիբանանահայությանը և հայկական մյուս գաղթավայրերին սպառնացող կազմալուծման վտանգի դեմ, հանուն հայապահպանության, Հայ դատի արդարացի լուծման: Նոր տարվա, ինչպես և ազգային ու կուսակցական նշանակալից հոբելյանների առիթով հրատարակում է բացառիկ համարներ: Ունեցել է <<Հարդգող>> գրական (1932, խմբագիր՝ Անդրանիկ Ծառուկյան), <<Ազդակ շաբաթօրյակ>> (1944-52, խմբագիրներ՝ Կարո Սասունի, Արամ Սահակյան, Տիգրան Ոսկունի), <<Ազդակ մարզական>> (1952-58, խմբագիր Տիգրան Ոսկունի) հավելվածներր: 2002-ից լույս է ընծայում <<Պզտիկ-մզտիկ>> մանկապատանեկան, <<Նավասարդ>> մարզական և <<Անահիտ>> կանացի հավելվածները, 2003-ից՝ <<Ազդակ>> ամսաթերթը: 2002-ից <<Ազդակի>> հետ բաժանվում է ՀՀԴ Հայաստանի <<Երկիր>> պաշտոնաթերթը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
Սանջյան Ա.
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 318:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am