Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը
Ավստրիայի հայ համայնքում գործող հասարակական կազմակերպությունների նպատակն է կազմակերպել համայնքի ազգային կյանքը, նպաստել հայապահպանության խնդիրների լուծմանը, հայ մշակույթը ծանոթացնել ավստրիացիներին ևն: Հայ ազգային կուսակցություններից Ավստրիայում գործել է ՀՀԴ: 1907-ին Վիեննայում տեղի է ունեցել ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժոդովը, 1923-ին խորհրդաժողով, 1972-ին 20-րդ ընդհանուր ժողովը, 1990-ին նշվել ՀՀԴ 100-ամյակը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վիեննայի մասնաճյուղ, հիմնվել է 1910-ին: Գործունեությունն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն (1914) պես: 1930-ական թթ. սկզբին և Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) անմիջապես հետո փորձեր են կատարվել մասնաճյուղը վերականգնել, սակայն ապարդյուն: Վերականգնվելով 1960-ին մասնաճյուղն օժանդակել է եկեղեցու, Մշակույթի տան, դպրոցի հիմնադրմանը, զգալի նյութական և բարոյական օգնություն ցուցաբերել համայնքի կարոտյալներին, ուսանող երիտասարդությանը, ինչպես նաև 1970-ական թթ. 2-րդ կեսին Ավստրիայի վրայով ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվող լիբանանահայերին ու պարսկահայերին:
Հայ ուսանողական միություն, հիմնադրվել է 1921-ին Մխիթարյան միաբան Ներսես Ակինյանի ջանքերով: Միավորել է Ավստրիայի տարբեր համալսարաններում և Գեղարվեստի ակադեմիայում սովորող հայ երիտասարդներին: Միության անդամներից էին ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը, նկարիչ Օննիկ Ավետիսյանը: Գործել է մինչև 1927-ը:
Հայ ուսանողական և երիտասարդական միություն, ստեղծվել է 1960- ին: Հիմնական խնդիրն է Ավստրիայի հայ երիտասարդության համախմբումը, նրան ազգային կյանքին հաղորդակից դարձնելը: Այդ նպատակով միությունը կազմակերպում է գրական երեկույթներ, բեմադրություններ, բանակումներ. Հայ դատին նվիրված քննարկումներ ևն: Միությանը կից 1976-ից գործում է «Հեղինե Եաղուբյան» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել Ավստրիայի հայ ուսանողուհիներին:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Ավստրիայի մասնաճյուղ, հիմնադրվել է 1990-ին, Վիեննայում: Միավորում է Ավստրիայի հայ սկաուտներին, կազմակերպում մարզական պարապմունքներ, նրանց դաստիարակում ազգային գիտակցության և հայրենասիրության ոգով:
Ավստրո-հայկական մշակութային ընկերություն, հիմնադրվել է 1974-ին: Հիմնական նպատակն է հայ մշակույթի նվաճումներր ներկայացնել Ավստրիայում: Ընկերության մեջ ընդգրկված են ավստրիացի մտավորականներ, նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընկերությունը ծավալել է ուսումնակրթական գործունեություն, հիմնել հայերենի դասընթացներ (1974-80), կազմակերպել աշակերտների ամառային բանակումներ, հայերեն և գերմաներեն դասախոսություններ, ավստրիահայ բժիշկների հավաք, ամենամյա ուղևորություն Հայաստան (1974-1996): 1970-80-ական թթ. կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, հայ մշակույթի օրեր: Ընկերության ջանքերով 1994-ին Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի շրջակայքում գտնվող «Մինի Մունդուս» («Փոքր աշխարհ») բացօթյա թանգարանում, որտեղ տեղադրված են համաշխարհային ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցների մանրակերտներ, տեղադրվել է Ս. էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը: Ընկերությունը հրատարակում է <<ОАК Journal>> պարբերաթերթը (գերմաներեն):
«ՏՕՏ Արմենիա» միությունը հիմնվել է 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Սկզբում գործել է Հայ ուսանողական ու երիտասարդական միության շրջանակներում, այնուհետև դարձել ինքնուրույն միություն (1994): Միությունը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին:
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 94-95:
Տես նաև՝
Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին:
Ավստրիայի հայ համայնքի դպրոցը:
Գիտություն (Ավստրիայի հայ համայնք):
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am