ԱՖՂԱՆՍՏԱՆ

Աֆղանստանի Հանրապետություն, պետություն Ասիայի հարավում: Տարածքը՝ 652,1 հզ. կմ2. Բնակչությունը 18,8 մլն (1998): Մայրաքաղաքը` Քաբուլ (1,5 մլն):

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Հանրապետության միջև հաստատվել են 1996-ին:


Աֆղանստանի  հայերին ծանոթ է եղել վաղ ժամանակներից: Դեռևս Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում պարսիկները բազմաթիվ հայեր են տարել և բնակեցրել Խուժասաանում, Սագստանում, Խորասանում, Նիշապուրում: Սակայն հայկական գաղութ Աֆղանստանում, մասնավորապես Քաբուլում, ձևավորվել է XVII դ.: Մայրաքաղաքից բացի, հայերը բնակվել են Ղանդահարում և մերձակա գյուղերում: Հայտնի է, որ Իրանի Նադիր շահը (1736-47) Աֆղանստանը ծաղկեցնելու համար 200 տուն հայեր է տեղափոխել Սպահանից ու բնակեցրել Քաբուլում: 1737-ին այստեղ հաստատված հայ արհեստավորներն ու աոևտրականներր Բալահիսար փողոցի վրա, Ջալալաբաղ ամրոցի դարպասի մոտ, կառուցել են եկեղեցի: Այս փողոցի վրա են գտնվել հայ արհեստավորների արհեստանոցներն ու վաճառականների խանութները: Քաբուլից ոչ շատ հեռու հայերն ունեցել են գերեզմանատուն: Աֆղանահայ համայնքն ընղգրկված է եղել Իրանա-Հնդկաստանի թեմի մեջ:

1775-ին մեծ թվով հայ զինագործներ են բերվել Քաբուլ աֆղանական բանակի զինման գործը կարգավորելու համար: Հայերը բարձր պաշտոններ են վարել աֆղանական կառավարության մեջ և բանակում: Սակայն Աֆղանստանում կյանքի ծանր պայմանների ու մեկուսացվածության պատճառով հայերի թիվը ժամանակի ընթացքում նվազել է (1830-ին մնացել էր ընդամենը 30 ընտանիք):

XIX դ. տարբեր ճանապարհորդներ, Քաբուլ մտած անգլիացի սպաներն ու նրանց ուղեկցող հոգևորականները իրենց նոթերում հիշատակում են փոքրաթիվ հայ համայնքի գոյությունը Քաբուլում: Թեև հայերը հարուստ չէին (ապրուստի հիմնական աղբյուրը գինու վաճառքն էր), սակայն նրանց եկեղեցին պատված է եղել գորգերով, աղոթատեղին զարդարված արծաթե խաչերով ու մոմակալներով: Հայերը չեն ունեցել եկեղեցին սպասարկող հոգևորական: Անգլիացի հոգևորական Շ. Հ. Ալենի այն հարցին, թե ինչու են նրանք մնում Քաբուլում, հայերը պատասխանել են «Ինչպես կարող ենք լքել մեր եկեղեցին»:

1896-ին Աֆղանստանի ամիրա Աբդուլ Ռահման խանը իր հայ պաշտոնատար Սերվադին խանի միջոցով Քաբուլում բնակություն հաստատելու հրավեր է ուղարկել կալկաթացի 10-15 կրթված և արհեստավոր հայ ընտանիքների նշելով, որ Աֆղանստանում երբեմնի ապրող 500 հայերից միայն 21-ն են մնացել: Սակայն Կալկաթայի հայ համայնքի անունից հայկական եկեղեցու երկու ավագերեցներ մերժել են ամիրայի հրավերը (իսկ հայ պաշտոնյան,  որ նպատակ ուներ ամուսնանալ հայ օրիորդի հետ և հետը տանել Աֆղանստան, նույնպես մերժվել է): Հայերի հրաժարվելուց մեկ տարի անց 1897-ի մարտին, նույն ամիրան անսպասելիորեն Աֆղանստանից վտարել է բոլոր հայերին: Նրա գործողությունները թելադրվել են Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ 11-ի գգուշացումով, թե իբր հայերը վտանգավոր են: Հայերը ստիպված լքել են իրենց տներն ու եկեղեցին և ապաստան գտել Փեշակարում իրենց հետ տանելով կրոնական գրքերն ու հնադարյան ձեռագրերը XIX դ. Շահ Շուջայի օրոք, հատված ոսկե և արծաթե մետաղադրամների վրա Շահ Շուջան հիշատակվում է որպես հայ:

 

Ռաֆիկ Աբրահամյան

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 111: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am