Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը (կոչվում է նաև Վիրահայոց թեմ) ենթադրվում է, որ հիմնվել է XII դ.։ Առաջնորդանիստն է Տփղիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից)։ Թեմակալ առաջնորդների մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերում է XII դ. 70-ական թթ.։ Հիշվում է Բարսեղ(Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178-ին մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին։
Նախքան Վրաստանի թեմի հիմնվելը, դեռևս VII դ., վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները։ 754-ին Տփղի սում կառուցվել է հայկական Հրեշտակապետաց եկեղեցին (1593-ին ավերվել է, հիմնովին վերակառուցվել՝ 1781-ին և վերջնականապես քանդվել 1937-ին)։ Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ՝ 850-ական թթ. Տփղիսում գործել է հայ Կիրակոս քահանան, որը գերազանց տիրապետել է վրաց գրին ու գիտությանը։ 931-ին կառուցվել է Հարանց վանքը (նորոգվել է 1430-ին, 1715– ին, իսկ 1900-ին հայ մեծահարուստ բարերար Ա. Մանթաշյանի միջոցներով)։ Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն։
Ըստ հյուսիսարևմտյան արտաքին պատի արձանագրության կաթողիկե Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է հայազգի իշխան Ումեկը 1251-ին՝ վերականգնելով արաբական արշավանքների ժամանակ հիմնահատակ քանդված եկեղեցին։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ են գտնվում աշուղ Սայաթ-Նովայի (խորհրդանշական) և գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանի գերեզմանները։ Եկեղեցու բակում են թաղված հայ նշանավոր զորավարներ. կոմս Մ. Լոռիս-Մելիքովը, գեներալներ Ա. Տեր-Ղուկասովը, Հ. Լազարյանը, Բ. Շելկովնիկովը և ուրիշներ։
Հետագա դարերում Տփղիսում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Մողնու Ս. Գևորգը (հիմնադրվել է 1356-ին, նորոգվել 1752, 1860-ին), Նորաշենի Ս. Աստվածածինը (կառուցվել է 1467-ին, նորոգվել՝ 1650, 1795, 1808, 1830-ին)։ Վերջինիս ներսում պահպանվել են XVIII դ. պալատական նկարիչ Հ. Հովնաթանյանի որմնանկարները։
Հիշատակության արժանի են նաև Թիֆլիսի Զառիվայրի Ս. Կարապետ (կառուցվել է 1400-ին, նորոգվել 1705, 1870-ին, վրացացվել՝ 1992-93-ին), Բեթղեհեմի Ս. Աստվածածին (կառուցվել է XIII դ., նորոգվել 1718, 1884. 1898-ին, վրացացվել 1990-93-ին), Կուսանաց Ս. Ստեփանոս (կառուցվել է 1727-ին, նորոգվել 1868, 1910-ին, վրացացվել 1989-91-ին), Ս. Նշան Նիկողայոսի (կառուցվել է 1703-ին, նորոգվել 1784, 1868-ին), Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին (կաոուցվել է 1655-ին, նորոգվել 1835-ին, քանդվել 1930-ական թթ.), Հավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ (կառուցվել է 1806-ին. նորոգվել 1806, 1857, 1912-ին, գործում է) եկեղեցիները։ Խոջիվանքի եկեղեցին հայ իշխան Բեհբութովները կառուցել են որպես տապանատուն, որը հետագայում վերածվել է պանթեոնի։ Այստեղ են թաղված հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի հայտնի դեմքեր Րաֆֆին, Ղ. Աղայանը, Մուրացանը, Գ. Արծրունին, Ջիվանին, Նար-Դոսը, Պ. Պռոշյանը, Գ. Սունդուկյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Մ. Եկմալյանը և ուրիշներ։ 1804-ին Թիֆլիսում գործել են շուրջ 35 հայկական եկեղեցիներ և մեկ մենաստան։ Վիրահայոց թեմի առաջնորդներից շատերը եղել են ականավոր հոգևորականներ, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր ազգանվեր աշխատանք են կատարել ոչ միայն Վրաստանի, այլև համայն հայության կյանքում։ Նրանցից վեցը Սարգիս Դ Վրաստանցին. Հովհաննես Ը Կարթեցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մակար Ա Թեղուտցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Գևորգ Զ Չորեքչյանը, հետագայում օծվել են Ամենայն հայոց կաթողիկոս, Գարեգին Ա Հովսեփյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Վիրահայոց թեմի առաջնորդներ են եղել բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն վրդ. Ալամդարյանը, Ստեփանոս արք. Արղությանը, ում օրոք Թիֆլիսում կառուցվել է թեմի եռահարկ առաջնորդարանը։ 1824-ին Ներսես արք. Աշտարակեցին հիմնել է Ներսիսյան դպրոցը, որը նշանակալի դեր է խաղացել հայոց կրթական, հոգևոր և մշակութային կյանքում։
1826–28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Թիֆլիսում Ներսես Աշտարակեցու և Հ. Ալամդարյանի նախաձեռնությամբ ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ ռուսական բանակի կովկասյան կորպուսի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով։ 1827-ի մայիսի 15-ին Ս. Գևորգ եկեղեցու գավթում առաջին գումարտակին հանձնվել է հատուկ զինադրոշ։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Վրաստանի թեմը եռանդուն աջակցելէ հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, որոնք համալրելով Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը, նրա կազմում մասնակցել են Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։
Վիրահայոց թեմում իր գործունեությամբ աչքի է ընկել հատկապես Կարապետ արք. Բագրատունին։ Նրա առաջնորդության 20 տարիների ընթացքում Ջավախքում կառուցվել են շուրջ 60 եկեղեցի, բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնցից նշանավոր են Կարապետյան վարժարանը (Ախալցխա) և Մեսրոպյան արական դպրոցը (Ախալքալաք)։ 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկական եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուջի շրջանը, եկեղեցիների թիվը հասել է 256-ի։ Խորհրդային իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Թբիլիսիում 1930-ական թթ. քանդվել են Կուկիո Ս. Գրիգոր (1789), Հավլաբարի Ս. Գրիգոր (1894), Խարփախի Ս. Սարգիս (1716), Հարանց վանք (վանքի եկեղեցի, 931), Հրեշտակապետաց (1480), Մետեխի Ս. Վարդան (1893), Ջգրաշենի Ավետյաց Ս. Աստվածածին (1704), Նավթլուղի Ս. Գևորգ (1897), Խոջիվանքի և այլ եկեղեցիներ ու վանքեր։ Վրաստանում VII–XX դդ. կառուցվել են մոտ 650 հայկական եկեղեցիներ, ներկայումս կանգուն են շուրջ 320-ը։
Ներկայումս (2003) Թբիլիսիում գործում են կաթողիկե Ս. Գևորգ (առաջնորդանիստ) և Հավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ, Ախալքալաքում Ս. Խաչ, Ախալցխայում Ս. Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայում (նախկին Բոգդանովկայի Խոջաբեկ թաղամասում) Ս. Սարգիս եկեղեցիները։ Նորոգվել և օծվել են տարբեր գյուղերի մի շարք եկեղեցիներ։ Ախալցխայի Ծուղրութ գյուղում ցայսօր պահվում են միջնադարյան արվեստի և մանրանկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ «Ծուղրութի Ավետարանը» (X դ.) և «Գինոսենց Ավետարանը» (X դ. առաջին կես)։ Վերականգնողական աշխատանքներից հետո սկսել է գործել ևս 4 եկեղեցի Ախալցխայի շրջանում, Ս. Փրկիչը Բաթումում, Ս. Աստվածածինը Մառնեուլի շրջանում։
Ներկայիս Վրաստանի տարածքում հայ կաթոլիկ համայնքներ ձևավորվել են XV–XVII դդ., երբ Օսմանյան կայսրության Ախալցխայի Փաշայության գավառներում կաթոլիկություն են տարածել Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Հիսուսյան և այլ լատին միաբանությունների քարոզիչները։ Ադրիանուպոլսի դաշնագրից (1829) հետո Կարին-էրզրումից, Ալաշկերտից, Խնուսից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից Դասական կայսրություն գաղթած հայության որոշ գանգվածներ, այդ թվում կաթոլիկ համայնքներից, հաստատվել են նաև Ջավախքում, հիմնել տասնյակ գյուղեր, կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, ունեցել են քահանաներ ու վարդապետներ։ Նրանք հայ կաթոլիկ նվիրապետությանը տվել են անվանի հոգևորականներ [կաթոլիկ հայերի պատրիարք Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյանը (1946-71-ին կարդինալ) 1919-21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, պաշտոնավարել տեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում], Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերին և Զմմառի ուխտին անդամակցող միաբաններ։ Արևելյան Հայաստանի և Ջավախքի հայ կաթոլիկ գյուղերի ու գավառների համար Հռոմի աթոռը XIX դ. կեսից ստեղծել է եկեղեցական կազմակերպություն, իսկ 1909-ին ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ նշանակել Սարգիս ծ. վրդ. Տեր-Աբրահամյանին, որը պաշտոնավարել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։
1991-ին Հռոմի պապի վճռով կազմավորվել է Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը Գյումրիում), որն ընդգրկում է նաև Ռուսաստանը և Ուկրաինան։ Ստեղծման օրվանից թեմի առաջնորդն է Մխիթարյան հայր Ներսես արք. Տեր-Ներսիսյանը։ Թեմում գործում են Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ախալցխայի շրջանների հայ կաթոլիկ գյուղերի եկեղեցիները։ Թեմը Վրաստանում ունի 4 վարդապետ և 1 սարկավագ, որոնք գործում են Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ծղալթբիլա, Ջուլղա, Ծինուբան, Ախալքալաքի շրջանի Տուրցխ, Ալաստան և շրջակա հայ կաթոլիկ այլ գյուղերում։ 2000-ի օգոստոսին օծվել է Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի Ս. Սարգիս նորակառույց եկեղեցին։ Հեշտիա, Տուրցխ, Սուխլիս, Ծղալթբիլա գյուղերում գործունեություն են ծավալում հայ և օտարազգի մայրապետներ Անարատ հղության հայ քույրերի, Մայր Թերեզայի, Գթության քույրերի, Սալեզյան և այլ միաբանություններից։
XIX դ. վերջից հայ ավետարանական, XX դ. 20-ական թթ-ից նաև ավետարանական-մկրտական համայնքներ ու եկեղեցիներ են գործել Թիֆլիսում, Բաթումում, Սուխումում, Ախալցխայում։ 1926-ին Խորհրդային Վրաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Թիֆլիսի Հայ ավետարանական եկեղեցին, որը միավորում էր նաև Թիֆլիսի հայ մկրտականներին (1940-ական թթ. կոչվել է Հայ ավետարանական քրիստոնյա մկրտականների եկեղեցի)։ 1994-ին եկեղեցու հոգևոր հովիվ է ընտրվել վերապատվելի Ալեքսանդր Մինասյանը։ Ախալքալաքում, Ախալցխայում, Բոլնիսում, Լիլոյում, Իսանիում և այլ վայրերում գործում են հայ ավետարանական եկեղեցիներ։ Վրաստանի հայ ավետարանական եկեղեցիներր մտնում են 1995-ի օգոստոսի 21-ին ստեղծված Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի հայ ավետարանական միության մեջ (կենտրոնը Երևանում), որի կանոնադրության համաձայն գործադիր վարչության Կենտրոնական մարմնի անդամներից երկուսը (մեկը Միության փոխնախագահ) ընտրվում են Վրաստանի հայ ավետարանական եկեղեցիներից։
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am