Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Վաշինգտոնի հայ համայնքը

 Վաշինգտոնի հայ համայնքը ձևավորվել Է XIX դ. վերջին - XX դ. սկզբին, երբ այստեղ են հաստատվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր։ Հիշատակվում Է 1887-ին Իրանից Վաշինգտոն եկած Տիգրան Վարժապետյանի անունը, զբաղվել է արևելյան ապրանքների առք ու վաճառքով, 1890-ին հիմնել «Վարժապետյան և ընկերություն» վաճառատունը։ Վաշինգտոն եկած (1895-ին) հաջորդ հայը Պողոս Գասպարյանն է, որը հիմնել Է Արևելյան գորգերի նորոգման ընկերության։ Գաղութը ստվարացել է 1894-96-ի համիդյան ջարդերից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած հայ գաղթականների հաշվին։ 1885-1910-ին Վաշինգտոնում բնակվող հայերից հայտնի էին ԱՍՆ-ի գաղտնի ծառայության թարգմանիչ Արամ-Քերամ Մինասյանը, դոկտորներ Նշան Հինդլյանը, Նազարեթ Քյուրքչյանը, Դոլմաջը, Սիհրան Նագաշյանը, նավատորմի մեխանիկ Բաստեքյանը, գործարարներ Մովսես Հեքիմյանը, Ավագ Հակոբ Փանոսյանը, Իչիլյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վաշինգտոնում հաստատվել են ԱՍՆ-ի այլ քաղաքներից և Միջին Արևելքի երկրներից եկած հայեր։ 1940-ական թթ. Վաշինգտոնում կար 200 հայ րնտանիք։ Գործում Էին ՀՀԴ, ՍԴՀԿ, ՀԲԸՄ (1915-ից), Տիկնանց օգնության ընկերությունը, Հայ Կարմիր խաչը (1931-ից), ՀՕՄ-ը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը (1942-ից), Վարդանանց դուստրերի Տիգրանուհի օթյակը (1953-ից), Հայ երիտասարդաց դաշնակցության Անի մասնաճյուղը:

1960-70-ական թթ. վաշինգտոնահայ համայնքը համալրել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, իսկ 1990-ական թթ. նաև Հայաստանից գաղթած հայերը։ Ներկայումս (2003) Վաշինգտոնում բնակվում Է շուրջ 8 հզ. հայ։ Հիմնականում գործարարներ են, պետական, գրասենյակային ծառայողներ, մասնավոր ընկերություններում աշխատող մասնագետներ, նաև արհեստավորներ, առևտրականներ և այլն։ Աոաջին եկեղեցական ծառայությունը Վաշինգտոնում մատուցվել է 1923-ին ավետարանական եկեղեցում։ 1963-ին կառուցվել և օծվել Է Ս. Աստվածածին եկեղեցին։ Համայնքում գործում են նաև Ս. Մարիամ (էջմիածնապատկան), Ս. Խաչ (անթիլիասապատկան) եկեղեցիները կից շաբաթօրյա դպրոցներով։ Առաջին հայկական տարրական դպրոցը բացվել Է 1932-ին Ս. Հովհաննես եկեղեցու աղոթասրահում։ Ներկայումս գործում Է Շնորհալի դպրոցը (ունի 100 աշակերտ)։

Գործում են նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպություններ, համագաղութային, մշակութային և բարեգործական միությունների մասնաճյուղեր, Հայ-ամերիկյան բժշկական և Հայ-ամերիկյան մշակութային միությունները, ՀԲԸՄ տեղեկատվական գրասենյակը «Արարատ» տարեցների միությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը, Հայ ակումբը իր մարզական և ընկերային խմբերով, Բալթիմորի հայ մշակութային ընկերությունը: Վաշինգտոնում են Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնական գրասենյակը և Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղն իր գրասենյակով։ Գործում են նաև «Վասպուրական» և «Հայկական» ժողովրդական պարախմբերը։

1980-ին հիմնվել Է Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան։ 1996-ից գործում Է "ANI" ("Armenian National Institute”- «Հայկական ազգային ինստիտուտ») հաստատությունը, որը զբաղվում Է հայերի ցեղասպանության վերաբերյալփաստաթղթեր հավաքելու, ուսումնասիրելու և օտարներին<<Մայր երկիր>>, քանդ.՝ Ֆ. Սողոյան, 1991 ներկայացնելու աշխատանքով։ 2000-ին Վաշինգտոնի կենտրոնական մասում գնվել Է շենք Հայոց ցեղասպանության թանգարանի համար։ Վաշինգտոնի հրապարակներից մեկումկանգնեցված Է Ֆրիդ Սողոյանի «Մայր երկիր» («Հայաստան») հուշաքանդակը նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Լույս է տեսնում «Շնորհալի» թերթը (խմբ.՝ Դրեյս Ճելալյան-Շահինյան)։

 

 

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 40:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am