Թուրքիայում հայ թատրոնը սկզբնավորվել է XIX դ. առաջին տասնամյակներում (Կ. Պոլիս, Զմյուռնիա)։ Ստեղծվել են թատերական կազմակերպություններ Արամյան թատրոնը, Վասպուրական թատրոնը, Արևելյան թատրոնը, որոնք մեծապես նպաստել են պրոֆեսիոնալ թատերարվեստի հետագա զարգացմանը։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սրապիոն Հեքիմյանի, Ռոմանոս Սետեֆճյանի, Սարգիս Վանանդեցու ստեղծագործությունները դարձել են գործող թատրոնների խաղացանկերի հիմքը։ 1868-ին կազմակերպել է Վարդովյան թատրոնը, որով դրվել է նաև թուրքական թատրոնի հիմքը։ Թատերախմբեր են կազմակերպվել Տրապիզոնում, Զմյուռնիայում (Իզմիր) և այլուր։ 1885-ին Կ. Պոլսում Մ. Մնակյանի նախաձեռնությամբ, որպես շարունակություն Արևելյան թատրոնի և Վարդովյան թատրոնի, հիմնվել է Օսմանյան դրամատիկ թատերախումբը (գործել է մինչև 1914-ը)։ Հայ թատերական կյանքն ընդհատվել է 1915-ին։ Հետագայում աստիճանաբար հիմնվել են նոր թատերախմբեր Ֆելեքյան քույրերի, Աշոտ Մադաթյանի և այլոց գլխավորությամբ, որոնցից նշանավորր Պոլսո հայ դրամատիկն էր։ Օպերետային ներկայացումներ են բեմադրել տեղի խմբերը։ 1921-ին Կ. Պոլսում կազմակերպվել է Հայ արվեստի տունը (հինգ մասնաճյուղով, նախագահ՝ Երվանդ Օտյան, ապա՝ Վահան Թեքեյան)։ 1920-ին Զմյուռնիայում հիմնվել է «Արտավազդ» ընկերությունը, որր նպաստել է թատերական կյանքի աշխուժացմանը։ Հույն-թուրքական պատերազմի ժամանակ հայ դերասանների մեծ մասն անցել Է Ֆրանսիա, ԱՄՆ, Եգիպտոս և այլուր, հայ թատրոնն անկում է ապրել։ Թուրքիայում մնացած դերասանները (Աշոտ Մադաթյան, Լյուսի Թոգաթլյան և ուրիշներ) հայ հեղինակների պիեսները հարկադրված բեմադրել են թուրքերեն։ 1930-60-կան թթ. Կ. Պոլսում գործել է երիտասարդաց թատերախումբը, որը ներկայացումներ Է տվել քաղաքապետարանի, Բանկալթիի թատրոններում, Սխիթարյան, Էսայան, Արամյան սանուց միությունների թատերասրահներում։ Բեմադրություններին մասնակցել են դերասաններ և ռեժիսորներ Աշոտ Մադաթյանը, Շավարշ Գարագաշը, Վահրամ Ձկնունին (Պալքճյան), Եդվարդ Երեցյանը, Օննիկ Գարապաճյանը, Հակոբ Այվազը, Պերճ Ֆազլյանը, Լյուսի Թոգաթլյանը, Զ. Չուլճյանը, Խորեն Փափազյանը, Զարեհ Արշակը, Քնար Սվաճյանը, էդվարդ Չապրաստը, Թ. Արազյանը, Նուբար Թերզյանը, Պ. Արսենյանը և ուրիշներ։ 1960-70-ական թթ. գործել է Մշակութային թատերասիրաց միության Փոքր թատերախումբը, պիեսներ են բեմադրել Հակոբ Այվազը, Վ. Ծուլիկյանը և ուրիշներ։ Ներկայացումներում հանդես են եկել Ս. Գավեճյանը, Մ. Պչաքճյանը, Ա. Զորայանը, Ա. Տումանյանը. Զ. Լուսինյանը, Պ. Գավեճյանը, Օ. Կառվարյանը, Կ. Մուրադյանը. Կ. Նագգաշյանը, Հ. Էոզերը, Խ. Գալիկյանը և ուրիշներ։ 1980-ական թթ. ներկայացումներ են տրվում Սխիթարյան, էսայան սանուց միություններում և այլ ընկերություններում։
Արամյան թատրոն, հայկական աոաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսը։ Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում դերասան, թատերական գործիչ Հովհաննես Գասպարյանի ջանքերով։
Արևելյան թատրոն, հայկական առաջին պրոֆեսիոնալ դրամատիկ թատրոնը նոր ժամանակներում։ Հիմնադրվել է 1861-ին, Կ.Պոլսում Ստեփան և Առաքել Ալթունյանների ջանքերով։ 1869-76-ին թատրոնը գլխավորել է դերասան Պետրոս Մաղաքյանը։ Բեմադրվել են ֆրանսիական ռոմանտիկական և ազգային պատմական դրամաներ։ Արևելյան թատրոնում է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Արուսյակ Փափազյանի, Ստեփան էքշյանի, Հակոբ Վարդովյանի, Մարտիրոս Մնակյանի, Հովհաննես Աճեմյանի, Թովմաս Ֆասուլաճյանի, Դավիթ Թրյանցի, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Աստղիկի, Մարի Նվարդի և այլոց։
Վասպուրական թատրոն, ստեղծվել է 1861-ին, Զմյուռնիայում՝ Սարգիս Վանանդեցու և Պ. Շահանյանի նախաձեռնությամբ, Վասպուրական ընկերության հովանավորությամբ։ Թատերախմբի կազմում էին Պ. Ֆասուլաճյանը, Ա. Թագվորյանը, Գ. Թուխլաճյանը, Հ. Վարժապետյանը, Գ. Ագշեհիրյանը, Հ. Խրմաճյանը, Մարտիրոս Մնակյանը, Հովհաննես Աճեմյանը, Արուսյակ Փափազյանը, Սերովբե Պենկլյանը, Թովմաս Ֆասուլաճյանը, Դավիթ Թրյանցը և ուրիշներ։ 1863-64-ին խումբը ղեկավարել է Ստեփան էքշյանը։
Վարդովյան թատրոն, հայկական պրոֆեսիոնալ թատրոն Կ. Պոլսում։ Հիմնադրվել է 1868-ին Հակոբ Վարդովյանի նախաձեռնությամբ Կետիկ փաշա թաղամասում։ Թուրքական աղբյուրներում թատրոնր կոչվում է նաև Օսմանյան թատրոն, Կետիկ փաշայի թատրոն։ Վարդովյան թատրոնը կազմվել է Արևելյան թատրոնի դերա-սաններից։
Օսմանյան դրամատիկ թատերախումբ, հայ դերասաններից կազմված թրքախոս թատրոն։ Հիմնադրել է Արևելյան թատրոնի առաջատար դերասան Մարտիրոս Մնակյանը 1885-ին, Կ. Պոլսում՝ որպես Արևելյան թատրոնի և Վարդովյան թատրոնի ավանդների շարունակողը։ Թատերախմբում Էին Մարի Նվարդը, Դավիթ Թրյանցը, Պայծառ Ֆասուլաճյանը, Մանուկ Սիսակը, Գևորգ Հոլասը, Հարություն Ալեքսանյանը, Գոհարիկ Շիրինյանը, Զապել Հեքիմյանը, Էդուարդ Չափրաստճյանը և ուրիշներ։ 1890-ական թթ. թատրոնը հաստատվել է Գատըգյուղում։ Բեմադրվել են Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Օ. Ֆելիեի «Դալիլան», ժ. Օնեի «Դարբնոցապետը» և այլն։ 1892-93-ին Մ. Մնակյանը փորձել է հայացնել թատրոնը՝ բեմադրելով Պետրոս Դուրյանի «Թատրոն կամ Թշվառներ», Արշակ Չոպանյանի «Մութ խավեր» և այլ գործեր։ 1895-ից Կ. Պոլսում արգելվել են հայկական ներկայացումները։ 1903-04-ին խումբը շրջագայել է Զմյուռնիայում, Տրապիզոնում, Բուրսայում և այլուր։ Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո Մնակյանը բեմադրել է թուրք ժամանակակից հեղինակների գործերից։ Թատրոնը նպաստել է թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը։ Փակվել է 1914-ին։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 193-195:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am