ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի Հանրապետություն, պետություն Արևմտյան Ասիայում և Հարավարևելյան Եվրոպայում։ Տարածքը՝ 779,5 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 63,450 մլն (1998)։ Մայրաքաղաքը՝ Անկարա (4 մլն՝ արվարձաններով)։ Հայերի թիվը` շուրջ 80 հզ.։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հաստատված չեն։
Ժամանակակից Թուրքիայի արևելյան մասն Արևմտյան Հայաստանն է, որը XVI-XVII դդ. թուրք-իրանական պատերազմների ընթացքում զավթվել է և 1555-ի Ամասիայի ու 1639-ի Կասր-Է Շիրինի պայմանագրերով բռնակցվել Օսմանյան կայսրությանը։
Թուրքիայի արևմտյան մասը կազմող Փոքր Ասիայում, ինչպես նաև Պոնտոսում հայերը հաստատվել են դեռ բյուզանդական տիրապետության շրջանից (V-VI դդ.)։ VIII-IX դդ., խուսափելով արաբական բռնություններից, հայերի նորանոր խմբեր են տեղափոխվել Պոնտոս, Կապադովկիա, Գաղատիա և այլուր։ Հայ բնակչության արտագաղթը զանգվածային է դարձել XI դ. հայոց պետականության անկման և սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով։ Հայերի գաղթը շարունակվել է նաև հետագա դարերում։ Փրկվելով թուրք-իրանական ավերիչ պատերազմներից` XVI-XVII դդ. հազարավոր հայ ընտանիքներ են ապաստանել Կոստանդնուպոլսում (Կ. Պոլիս) ու շրջակայքում, ինչպես նաև Փոքր Ասիա թերակղզու և Էգեյան ծովափի բազմաթիվ քաղաքներում ու ավաններում Իզմիրում (Զմյուոնիա), Ադրիանուպոլսում (էդիրնե), Ռոդոսթոյում և այլուր։
VIII դդ. Համշենից և հարակից գավառներից հազարավոր հայեր, փրկվելով բռնի մահմեդականացումից ու կոտորածից, սփռվել են Սև ծովի հարավային ափով մեկ։ Նույն ժամանակահատվածում գերազանցապես Կ. Պոլիս և շրջակա բնակավայրերն են տեղափոխվել հայերի հոծ խմբեր Ակնից, Երզնկայից, Կամախից, Կեսարիայից, Սեբաստիայից ևն։ Մեծ թիվ են կազմել նաև աշխատանք գտնելու հույսով օսմանյան մայրաքաղաք և խոշոր քաղաքներ մեկնող հայերը։
Օսմանյան կայսրությունում հայերը դիտվել են որպես կրոնական համայնք։ 1461-ին սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի հրամանագրով Կ. Պոլսում հիմնվել է Թուրքիայի հայոց պատրիարքությունը, որը ենթարկվել է անմիջապես սուլթանին և մեծ վեզիրին։ Կ. Պոլսի հայոց պատրիարքներն ունեցել են կրոնական և աշխարհիկ մասնակի իրավունքներ, տնօրինել Թուրքիայի վարչական իրավասության տակ գտնվող հայության կրթության ու լուսավորության, տպագրության գործը, բարեգործական և մշակութային հաստատությունները, մասնակի հարկերի հավաքումը հօգուտ համայնքի ու պետության։
Կ. Պոլսում և Թուրքիայի մյուս քաղաքներում ապրող հայության ամենաբազմամարդ խավն արհեստավորներն էին, պանդուխտ մշակները, բանվորները։ Մեծ համբավ վայելող արհեստավորները համախմբված էին էսնաֆությունների (համքարություններ) մեջ։ Զգալի թիվ է կազմել ունևոր խավը՝ խոջաներն ու չելեբիները, ամիրաները (կառավարել են կայսրության տնտեսության կարևոր գերատեսչությունները, կատարել երկրի հարկահավաքությունը, վարկեր տրամադրել վաճառականներին, պետական գրասենյակներին, հաճախ նաև սուլթաններին), սարաֆները կամ սեղանավորները (XVIII դ. վերջ - XIX դ. սկիզբ), էֆենդիները, առևտրավաշխառուները, բուրժուազիայի ներկայացուցիչները (XIX դ. 2-րդ կես - XX դ. սկիզբ)։ Հայ մեծատուններին էին վստահված թուրքական արքունիքի պետական կարևոր պաշտոնները։ Տյուզյանները վարել են (ժառանգաբար) ոսկերչությունն ու դրամահատությունը, Տատյանները վառոդագործությունը, Պալյանները ճարտարապետությունը ևն։ Հայերը եղել են օսմանյան կառավարության նախարարներ (թդթատարական-հեռագրական, հանրօգուտ շինության, երկրագործության, արտաքին գործերի ևն), ինչպես նաև օսմանյան խորհրդարանի (մեջլիս) երեսփոխաններ։ Հայերի խորհրդով և գործուն մասնակցությամբ ստեղծվել են Օսմանյան դրամատունը, Օսմանյան համալսարանը, Իրավաբանական վարժարանը, Հանրային պարտուց վարչությունը, օսմանյան քաղաքային օրենքը ևն։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրր Հակոբ Վարդովյանն էր, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաճյանը։ Գրիգոր Սինանյանր ստեղծել է առաջին նվագախումբը, Երվանդ Ոսկանն առաջին քանդակագործն էր և գեղարվեստական վարժարանի հիմնադիրներից մեկը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը։ Մանասե ընտանիքի անդամները եղել են սուլթանների պալատական նկարիչները (թուրքական արվեստում նրանք առաջին դիմանկարիչներն էին)։ Աբդուլլահների հայ ընտանիքը Թուրքիայում լուսանկարչության սկզբնավորողն էր։ Զիլճյանները երկու դար շարունակ պատրաստել են ծնծղաներ, որոնք իրենց նուրբ հնչողությամբ գերազանցել են եվրոպականներին և միջազզային ցուցահանդեսներում արժանացել մրցանակների։
Ընդհանուր մաքսային ծառայության վերահսկողությունը XIX դ. սկզբին հանձնված էր Տյուզյան Հովհաննես չելեբիին, ապա՝ ճեզայիրլյան Մկրտիչ ամիրային, բանակի հացի մատակարարումը՝ Նորատունկյաններին։ Թուրքիայում շերամաբուծությունը գիտական զարգացման հիմքի վրա է դրել Գ. Թորգոմյանը՝ հիմնելով Բրուսայի շերամաբուծական վարժարանը։ Պողոս Արապյանը թուրքական տպագրության համար ստեղծել է նոր տառատեսակներ (կոչվել են «արապօղլու»), Հովհաննես Մյուհենտիսյանի ստեղծած տառերը հեղաշրջում են առաջացրել թուրքական տպագրական արվեստում։
Հայերր մեծ ներդրում ունեն Թուրքիայի բժշկության պատմության մեջ. Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի (1451-81) պալատական բժիշկն էր (կրում էր «մեծ բժշկապետ» տիտղոսը)։ Հայ բժիշկների նախաձեռնությամբ Կ. Պոլսում հիմնվել են նոր Բժշկական վարժարանը և Բժշկական կայսերական ընկերությունը։ Թուրքական բանակում ծառայած 10 հայ բժիշկներ արժանացել են փաշայի տիտղոսի։ Արքունի բժիշկներ են եղել նաև Շուշանյանները։ Արքունի բժշկական համալսարանում դասախոսել են Սերվիչենը (Սերովբե Վիչենյան), Նիկողայոս Ռուսինյանը, Խնդամյանը, Անդրանիկ բեյ Կռճիկյանը, Ստեփան փաշա Ասլանյանը։ Թուրքերենի առաջին արմատական բառարանը կազմել է Պետրոս Քերեսթեջյանը։ Լեզվաբանության մեջ մեծ դեր է խաղացել Հակոբ Դիլաչարը (Մարթայան)։
Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում գրողներ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Արփիար Արփիարյանը, Հակոբ Մնձուրին, հրապարակախոսներ Հարություն Սվաճյանը, Գրիգոր Օտյանը, Թեոդիկը։ Տարիներ շարունակ այստեղ է գործել մեծն Կոմիտասը։ Հայտնի են եղել Հ. Վարդովյանի, Մ. Մնակյանի, Ս. Պենկլյանի հիմնած թատրոնները։
Թուրքիայում ապրող հայերի հասարակական կյանքը կազմակերպելու համար ստեղծվել են ազգային, մշակութային, բարեգործական միություններ ու ընկերություններ։ XIX դ. վերջին -XX դ. սկզբին Թուրքիայում գործել են նաև հայ ազգային կուսակցությունները։
Ազգային-կրոնական հարցերը կարգավորելու համար 1860-ին Կ. Պոլսի պատրիարքարանն ընդունել է Ազզային սահմանադրությունը, որը զգալի կրճատումներով սուլթանական կառավարությունը հաստատել է միայն 1863-ին (ուներ 99 հոդված)։ Ըստ սահմանադրության Կ. Պոլսի հայոց պատրիարքը ճանաչվում էր «ագգի դեկավար և միջնորդ պետության ու հայ ժողովրդի միջև», իսկ հայ ագգի յուրաքանչյուր անհատ պարտավորություն ուներ ագգի հանդեպ, ազգը՝ յուրաքանչյուր անհատի։ Ազգային սահմանադրության գործողությունը դադարեցվել է 1915-ին, թեև նրա որոշ դրույթներ այժմ Էլ գործածվում են կանոնակարգելու Կ. Պոլսի հայոց պատրիարքության և հայ համայնքի հարաբերությունները պետության հետ։
Թուրքիայում հայկական եկեղեցիներին կից գործել են ծխական դպրոցներ։ Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել Է 1715-ին. Կ. Պոլսում։ Հայկական առաջին տպարանը Աբգար դպիր Թոխաթեցու և նրա որդի Սուլթանշահի կողմից հիմնվել Է 1567-ին, որն առաջինն էր ոչ միայն Օսմանյան կայսրության, այլև Առաջավոր Ասիայի տարածքում։ Թուրքիայում րնդհանուը առմամբ գործել է ավելի քան 30 տպարան։ Առաջին հայկական պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832-ին, Կ. Պոլսում։ Ցայսօր լույս Է տեսել 450 անուն պարբերական։
Դարեր շարունակ հայերը հալածանքների են ենթարկվել Թուրքիայում (Օսմանյան կայսրությունում)։ 1894-96-ին, Աբդուլ Համիդ 11-ի օրոք, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպվել են հայերի գանգվածային ջարդեր (շուրջ 300 հգ. հայ սպանվել Է, մոտ այդքանն Էլ լքել հայրենի երկիրը և տարագրվել)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-ի վերջից և հատկապես 1915-ի գարնանից) Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացվել է երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված ցեղասպանության քաղաքականությունը։ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից. Փոքր Ասիայից հայ բնակչությունը զանգվածաբար տեղահանվել և բռնի քշվել Է հիմնականում Միջագետքի անապատները։ Այդ կարավանները, թուրքական իշխանությունների հրահանզներով, ենթարկվել են քրդերի և թուրք չեթեների հարձակումներին՝ կրելով սարսափելի կորուստներ։ Տեղ Էր հասնում բռնազաղթած հայերի ընդամենը 10 %-ը։ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել և Անատոլիայի խորքերն են աքսորվել ավելի քան 800 արևմտահայ մտավորականներ։ Երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքով 1915-22-ին սպանվել Է 1,5 մլն հայ, մոտ 800 հզ-ը դարձել փախստական՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դուրս, Կ. Պոլսում, Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի և Պոնտոսի վիլայեթներում ապրում Էր ավելի քան 750 հզ. հայ։ Մեծ եղեռնի տարիներին նրանց թիվը էապես կրճատվել Է և 1918-ին կազմել 260 հզ.։ 1921-22-ին բազմաթիվ հայեր կոտորվել են քեմալականների կողմից, հազարավոր հայեր հարկադրված կրկին գաղթել են Թուրքիայից։
Ներկայումս (2003) Թուրքիայում բնակվում Է շուրջ 80 հզ. հայ, որից շուրջ 70 հզ-ը Ստամբուլում (Կ. Պոլիս), որտեղ և կենտրոնացած Է հայ կյանքը։ Մյուսները տեղաբաշխված են Ամասիայում, Անկարայում, Բողազլյանում, Թոքաթում (Թոխաթ, Եվդոկիա), Իսկենդերունում (Ալեքսանդրետ), Կայսերիում (Կեսարիա), Կաստամոնիում, Սամսունում (Ամիսոս), Տրապիզոնում, Քյոթահիայում (Կուտինա), Օրդուում ևն։ Զզալի թիվ են կազմում (տարթեր տվյալների համաձայն՝ 500 հզ.-1 մլն) մահմեդականացված հայերը, որոնք կենտրոնացած են Մերձսևծովյան շրջաններում (Խոփա, Արտաշեն, Համշեն, Տրապիզոն ևն) և Արևմտյան Հայաստանի հյուսիսարևմտյան մասերում։ Թուրքիայի գավաոներում ապրող հայերի մեծ մասը թրքախոս է (կամ քրդախոս)։ Գավառներում հայերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, քաղաքներում՝ առավելապես արհեստներով, առևտրով։
Թուրքիայում հայկական քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ չկան։ Գործում են համայնքային հաստատություններ, եկեղեցիներ, վարժարաններ, սանուց միություններ, դպրաց դաս երգչախմբեր, մշակութային ու մարզական կազմակերպություններ, որոնք հենվում են Կ. Պոլսի հայոց պատրիարքության և նրան ենթակա հիմնարկների վրա։
Բարձրագույն վարժարաններից են Կեդրոնականը, Էսայանը, Սահակյան-Նունյանը, Սուրբ Խաչ դպրեվանքը, միջնակարգ վարժարաններից Պեզճյան մայր վարժարանը, Տատյանը, Արամյան-Ունճյանը, Մերամեթճյանը, նախակրթարաններից Լևոնյան-Վարդուհյանը, Եշիլգյուղի, Սեմերճյանը, Ներսեսյան-Երմոնյանը, Թարգմանչացը ևն։ Գործում են կաթոլիկ վարժարաններ Վիեննական Մխիթարյան, Սամաթիայի և Բանկալթիի, Անարատ հղության քույրերի միաբանության, Վենետիկյան Մխիթարյան։ Դպրոցներին կից ստեղծվել են սանուց միություններ, որոնք ունեն իրենց պարբերականներն ու թատերախմբերը։ Գործում են համայնքային հաստատություններ՝ Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցը, Գալֆայան, Կարագյոզյան որբանոցները, Կեդրոնական վարժարանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ս. Խաչ դպրեվանքը, Թրքահայ ուսուցչաց հիմնարկը, «Տիրացուների» հիմնարկը, Կյումուշյան հիմնարկը, Թրքահայ մարզական միությունը, Շիշլիի մարմնակրթական միությունը, «Մարաշ» երգի-պարի անսամբլը, «Սայաթ-Նովա» մանկապատանեկան երգչախումբը։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 175-178:
Տես նաև՝
Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Երևան, 2009:
Խառատյան Ա., Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը, Երևան, 2007:
Դալլաքյան Կ, Հայ սփյուռքի պատմություն, Երևան, 2004:
Սիմավորյան Ա., Հովյան Վ., Հայ կաթողիկե և Ավետարանական համայնքները Թուրքիայում, Երևան, 2012:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am