Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թուրքահայ մշակույթ. կիրառական արվեստ

 Շատ արհեստներ, որոնք ծաղկել են Թուրքիայում և արժանի փառք բերել այդ երկրին (արծաթագործություն, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն և այլն), գլխավորապես ստեղծել են հայերը։

Կիրառական արվեստն առավել բարգավաճել է Կ. Պոլսում։ ԲազմաթիվՍրբուհի Գալֆայան հայոսկերիչների շարքում հատկապես առանձնանում Էին պալատական ոսկերիչներ Տյուզյանները և Հ. ճիզմեճյանը։ Անվանի դաջագործ Էր Դ. Սեթյանը, ասեղնագործող վարպետների մեծ համբավ ունեին Գազազյանների ընտանիքի ներկայացուցիչները։ Կ.Պոլսի հայկական ասեղնագործաթյունը աչքի Է ընկել իր շքեղությամբ, մետաքսի և ոսկեթելի հարուստ օգտագործմամբ, զանազան կարատեսակների զուգորդումներով։ Վարպետ ասեղնագործ Սրբուհի Գալֆայանը մասնակցել Է 1868-ի Անտվերպենի (Բելգիա) ցուցահանդեսին և արժանացել առաջին կարգի վկայականի։ Աշխարհի լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված «Գումգափու» գորգերը, որոնք գործել են Կ. Պոլսի Գումգափու հայկական թաղամասում հաստատված հայ արհեստավորները (հիմնականում նախկին կեսարացի և սեբաստացի)։ «Գումգափուի» մեծագույն վարպետն Էր Զարեհ Բենյամինը (Բենյամյան)։ Զարեհի արհեստանոցում գործված գորգերը (հայտնի են նաև «Զարեհ» անունով) աշխարհում շատ բարձր են գնահատվում մասնագետների կողմից։ Հայտնի գորգագործներ են եղել նաև Հակոբ Կապուկճյանը (Յակոբ Գաբուկճեան), Կարապետ Ապելյանը, Ավետիս Թամիշճյանը, Նահապետ Քեշիշյանը, Օննիկ Պետրոսյանը, Մկրտիչ Օհանյանը, Գեղամ Բենյամինը։ Նշանավոր կահույքագործ Էր Քեմճաճյանը։ Սադափե իրերի խոշոր վարպետ Էր Կ. Սեթեճյանը, նրա որդին՝ Հ. Սեթեճյանը, սասանական կառքերի ձևավորողն Էր։ Կ. Պոլսի հայկական դեկորատիվ կիրառական արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ պահվում են Կ. Պոլսի, Կոնիայի, Անկարայի, Երուսաղեմի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Վենետիկի, Երևանի, Էջմիածնի և այլ քաղաքների թանգարաններում։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 196:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am