Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Թուրքահայ մշակույթ. գրականություն

 1850-ական թթ. սկսած Եվրոպայում, մասնավորապես Փարիզում, բարձրագույն կրթություն ստացած ու Եվրոպայում դասական և վիպապաշտ գրականության դպրոցների ազդեցությունը կրած արևմտահայ ստեղծագործողների, ինչպես նաև նոր սերնդի ներկայացուցիչների՝ Նահապետ Ռուսինյանի, Գրիգոր Օտյանի, Ծերենցի, Մատթեոս Մամուրյանի և այլոց ջանքերով սկզբնավորվել է Զարթոնքի շրջանի գրականությունը, որի նվաճումները կապված էին առաջին հերթին Ղևոնդ Ալիշանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Դուրյանի ստեղծագործությունների հետ։

Զարթոնքի սերնդի կարևոր քայլերից էր արևմտահայերեն գրական լեզվի սկզբնավորման ու զարգացման փաստը։ Արդեն 1880-ական թթ. գրաբարն իր տեղը զիջել էր աշխարհաբարին։ Այդ ընթացքում գրական ասպարեզ էր իջել իրապաշտ սերունդը, որի շնորհիվ էական տեղաշարժեր եղան գրականության պատմության մեջ հատկապես արձակում։

Զարթոնքի սերնդի ականավոր ներկայացուցիչներից դարձան Տիգրան Կամսարականը («Վարժապետին աղջիկը»), Հակոբ Պարոնյանը («Մեծապատիվ մուրացկաններ»), Արփիար Արփիարյանը և Երուխանը իրենց նորավեպերով։ Մի փոքր ուշ արձակագիրներ Միքայել Կյուրճյանը, Թլկատինցին (Հովհաննես Հարությունյան), Ռուբեն Զարդարյանը, Մշո Գեղամը իրենց երկերում պատկերեցին առավելաբար գավառում ապրող արևմտահայերի կյանքը, որի պատճառով էլ նրանց գրականությունը կոչվեց «գավառի գրականություն»։

Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Վահան Թեքեյանի ստեղծագործությունների շնորհիվ դարասկզբին հայ բանաստեղծությունը հասավ նոր բարձունքի։ Այս գրական սերնդի ներկայացուցիչներից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (1918) նշանավորվեց Եղեռնը վերապրած արևմտահայ գրողների մի մասի (Հակոբ Օշական, Վահան Թեքեյան, Կոստան Զարյան, Երվանդ Օտյան, Հակոբ Սիրունի և ուրիշներ) Կ. Պոլիս վերադարձով, որտեղ հրատարակվեցին Հակոբ Օշականի պատմվածքների երկու ժողովածուները «Խոնարները» և «Խորհուրդներու մեհյանը», Վահան Թեքեյանի բանաստեղծությունների երրորդ գիրքը՝ «Կեսգիշերեն մինչև արշալույս», Դանիել Վարուժանի «Հացին երգը» շարքը, Մատթեոս Զարիֆյանի «Տրտմության և խաղաղության երգեր», «Կյանքի և մահվան երգեր» բանաստեղծությունների ժողովածուները։ XX դ. 20-40-ական թթ. Կ. Պոլսում ստեղծագործել են Հակոբ Մնձուրին, էդվարդ Սիմքեշյանը, Զոհականը, Գուրգեն Թրենցը, Հայկանուշ Մառքը, Բագրատ Թևյանը, Ատրինե Տատրյանը, Մկրտիչ Հաճյանը, Վարդան Կոմիկյանը, Վարուժան Աճեմյանը, Խաչիկ Ամիրյանը։ Նրանց ջանքերի շնորհիվ Կ. Պոլսում ի հայտ են եկել ոչ թե նոր անուններ, այլ գրական նոր շարժում։

Երկրորդ աշխարհամարտի ավարտին (1945) վերստեղծված սանուց միությունների, իսկ 1950-ական թթ. կեսից «Մարմարա» օրաթերթի շուրջ համախմբվեցին հին և նոր սերնդի գրողները, մասնավորապես Հակոբ Մնձուրին, որր երկար լռությունից հետո հրապարակեց «Կապույտ լույս», «Արմտան», «Կռունկ, ո՞ւստի կուգաս» պատմվածքների ժոդովածուներր։ Ագգային բովանդակությամբ ու ոգով են ստեղծագործել ու ստեղծագործում բանաստեղծներ Կարպիս Ճանճիկյանը, Զահրատը, Զարեհ Խրախունին (Արտո Ճյումպուշյան), Վարդ Շիկահերը, Իգնա Սարըապանը, արձակագիրներ Զավեն Պիպեռյանը, Ռոպեր Հատտեճյանը, Երվանդ Կոպելյանը, Անդան էոզերը, Մկրտիչ Մարկոսյանը, թատերագիր Արման Վարդանյանը։

1960-ին Զահրատի գրական մուտքը «Մեծ քաղաքը» ժողովածուն էր։ «Բարի երկինք», «Կանաչ հող», «Մեկ քարով երկու գարուն», «Մաղ մը ջուր» և այլ ստեղծագործություններում հաստատագրվել են էպիկական երգչի հիմնարար հատկանիշները անմիջականություն, երգիծանք, կարեկցանք, տխուր ժպիտ։ Զարեհ Խրախունին նույնպես էպիկական երգիչ է, բայց արդեն մտածող, փիլիսոփա։ Նրա ստեղծագործությունների («Քար կաթիլներ», «Ես և ուրիշներ», «Քար Հայաստանի», «Տոնակարգ», «Ստվեր և արձագանք», «Ուղիներ», «Ազատերգություն», «Շեղբի վրա ճարտարախաղ», «Արի արքայն», «Դարապատում» և այլն) գեղարվեստական նպատակը պատմության, ճշմարտության, ագատության փիփսոփայության բացահայտումն է, համամարդկային բարոյական չափանիշները։

Նուրբ քնարական երգերով հանդես են գալիս Իգնա Սարըասլանը («Լօ», «Քառասմբակ սերերով», «Սիրո գույնը»), Վարդ Շիկահերը («Լուսայգ», «Չորս տող միայն» և այլն), որոնք երգում են բնությունը, ներդաշնակությունը:

Պոլսահայ արձակում իրենց ուրույն տեղն ունեն Զավեն Պիպեռյանի «Լկրտածը», «Մրջյունների վերջալույսը» վեպերը, Վարդան Կոմիկյանի «Բարի եկար, սեր», «Համրիչի հատիկներ», Երվանդ Կոպելյանի «Երագ չունեցող մարդիկ», «Հողով մկրտվածները» պատմվածքների ժողովածուները։

Իր հերոսների արարքներր հոգեբանական խոր վերլուծության է ենթարկում արձակագիր և թատերագիր Ռոպեր Հատտեճյանը ինչպես պատմվածքների երկու գրքերում, այնպես էլ «Առաստաղը» երկհատոր վեպում։ Թատերական նրա գործերից են «Կյանքի մը երեք կիրակիները», «Մահը ա՞յս է արդյոք» երկերը։

Անդան էոզերի պատմվածքներն ավելի հոգեբանական պատկերի են նմանվում։ Նրա ժողովածուներում («Ծածուկ իրականություններ», «Եվ...») ծիծաղը մնում է ներողամտության կամ բարության սահմանում։

Մկրտիչ Մարկոսյանը, շարունակելով գյուղագրության մեջ Հակոբ Մնձուրու ավանդույթները, ոգեկոչում է հայրենի Տիգրանակերտը («Մեր այդ կողմերը», «Տիգրիսի ափերին»)։

Փիլիսոփայելու հակվածությամբ են առանձնանում թատերագիր Արման Վարդանյանի ստեղծագործությունների («Թոխորը», «Ախացելը», «Գանկրուկը», «Սակառը») հերոսները, որոնք բարձրացնում են թախծի, կորսված մարդկային հավատի, մենության թեմաները։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 192-194:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am