Տրապիզոնում հայերը հաստատվել են VII դարից 1239-ին (մոնղոլական արշավանքների հետևանքով), 1319-ին (երկրաշարժից հետո) Անիից և շրջակայքից շատ հայեր ապաստանել են Տրապիզոնում, որտեղ արհեստների և առևտրի զարգացմամբ շահագրգռված կայսրերը նրանց հատկացրել են աոանձին թաղամաս։ 1414-ին հայերը հիմնել են Ս. Աստվածածին, մի քանի տարի անց Չարխափան կամ Ս. Ստեփանոս (իշխան խոջա Շամշադինի միջոցներով), այնուհետև Ս. Օգսենտ և Ս. Հովհաննես (XV-XVI դդ.) եկեղեցիները։ 1424-ին Կոմնենոսների օժանդակությամբ սկսվել է Ամենափրկիչ վանքի կառուցումը, որը 1461-ին կողոպտել և ավերել են թուրքերը։ Հայկական եկեղեցիները թուրքական նոր կողոպուտի են ենթարկվել XVI դ. սկզբին սուլթան Սելիմ Ահեղի հրամանով։ XVI դ. Տրապիզոնում հիմնվել է հայկական առաջնորդարան, հայ գրչության կենտրոն է դարձել վերակառուցված Ամենափրկիչ վանքը։ 1765-72-ի դերեբեյական (ներցեղային) կռիվների ժամանակ բազմաթիվ հայեր Տրապիզոնից հեռացել են Ջանիկ, Կ. Պոլիս, Ղրիմ, կրկին ավերվել են հայկական եկեղեցիները։ XIX դ. սկզբից, ի հաշիվ շրջակա հայկական գյուղերի, Տրապիզոնի հայ բնակիչների թիվը վերստին աճել է՝ 1857-ին հասնելով մոտ 4 հզ-ի։ 1840-ին քաղաքում բացվել է հայկական վարժարան, ապա ազգային դպրոցներ, 1857-ին կազմակերպվել են Գայանյան ընկերությունը, Հայկազյան, Սյունյաց, Ս. Ստեփանոսի և Ուսումնասիրաց ընկերությունների մասնաճյուղերը։ XIX դ. կեսին հիմնվել է հայկական տպարան, որտեղ լույս են տեսել «Խարիսխ», «Գեղջուկ», «Մոծակ», «Պոնտոս», «Բժիշկ» պարբերականները։ Քաղաքի առևտրի և արհեստագործության բոլոր ճյուղերը գտնվել են հայերի ձեռքին (Սրապյաններ, Մառանյաններ, Թահմազյաններ, Մինասյաններ, Կյուրեղյաններ, Խայաններ, Ազնավուրյաններ)։ 1895-96-ի համիդյան կոտորածների ժամանակ բազմաթիվ հայեր զոհվել են, շատերը գաղթել են Սոչի, Գուդաութա, Բաթում, Ղրիմ և այլուր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1914) Տրապիզոնում ապրում էր մոտ 15 հզ. հայ։ Մեծ եղեռնի ժամանակ նրանց մի մասը կոտորվել է գաղթի ճանապարհին, Ջանիկի լեռներում, իսկ քաղաքում մնացածները նավերով դուրս են բերվել ծով և ջրահեղձ արվել։ 1916-ին, ռուսական զորքերի կողմից Տրապիզոնի գրավումից հետո, շուրջ 500 հայեր վերադարձել են, իսկ 1918-ին, քաղաքը թուրքերին անցնելուց հետո, վերստին գաղթել են Ռուսաստան և այլ երկրրներ։ Տրապիզոնում են ծնվել գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը, դերասաններ Համբարձում Խաչանյանը և Արման Կոթիկյանը։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 182-183:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am