Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Շաքի քաղաքի հայ բնակչությունը

 Շաքի (մինչև 1968-ը` Նուխի) քաղաքը, ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու,1. Քիշ գյուղի Ս. Եղիշե առաքելոց վանքը եղել է եպիսկոպոսանիստ դեռևս VI դ.։ 775-962-ին Շաքիում իշխել են Տարոնից սերած Բագրատանիները. հայտնի են Սահլ Սմբատյանը, Գրիգոր Համամը, նրա թոռ Ատրներսեհը, Սևադա իշխանիկը։ VII դ. հիշատակվում Է Շաքիի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Եղիազարի անունը (Աղվանից կաթողիկոս՝ 683-689-ին)։ Մատենագրական, վիմագրական, ուղեգրական հարուստ տեղեկությունները վկայում են, որ Շաքիում բնակվել Է հոծ հայ բնակչություն։ XVI դ. Շաքիում իշխել է Լևինտի որդի Առաքել Սիրզան, XVII դ.՝ հայագգի Հաճի Չալաբին, որի հայրը բռնի մահմեդականացված հայ երեց էր։ XVI դարից Շաքիի եկեղեցիներն ու վանքերը գտնվել են Շամախու թեմի ենթակայության տակ։

XVII դ. ճանապարհորդ-ուղեգրող Էվլիյա Չելեբին Շաքի քաղաքի մասին հաղորդում է. «...Ունի 3000 տան, 7 մևհրաբջամի... Ունի նաև խան, բաղնիք և շուկա։ Այգիներից և պարտեզներից աննման մետաքս է ստացվում»։

XVIII դ. կեսին - XIX դ. սկզբին Շաքին եղել է Իրանի Շաքիի խանության կենտրոնը։ 1805-ին Ռոաաստանին միանալուց հետո Շաքիի խանությունը վերածվել է ռուսական ռազմական վարչությանը ենթակա գավառի, 1840-ին՝ Շաքիի գավառ Կասպիական մարզի կազմում, 1859-ից եղել է Բաքվի, 1868– ից՝ Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառի կենտրոնը։ Շաքիի հայերը զբաղվել են արհեստներով, այգեգործությամբ, շերամապահությամբ։

Հայ աղջիկ Նուխիից1916-ին Շաքին ուներ ավելի քան 8 հզ. հայ բնակիչ։ Գործել են Ս. Աստվածածին, Ս. Հռիփսիմե և Ս. Մինաս եկեղեցիները, տղաների և օրիորդաց (Ս. Մարիամյան) երկդասյան վարժարանները։ XIX դ. վերջին քաղաքում գտնվող 16 մետաքսի ֆաբրիկաներից 6-ը պատկանել է հայերին։ Կարինցի բարերար Մկրտիչ Սանասարյանի (1818-89) նյութական միջոցներով վարժարաններ են բացվել նաև Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նուխիի գավառում մինչև 1918-ը եղել են երեք տասնյակից ավելի հայաբնակ բնակավայրեր ավելի քան 17 հզ. բնակչությամբ։ Աչքի են ընկել Նիժ (շուրջ 3 հզ.) և Վարդաշեն (1,6 հզ.) գյուղաքաղաքները, Գյոքբուլաղ (1,5 հզ.), Դաշբուլաղ (2,6 հզ.), Թարաքա (ավելի քան 1000), Ճալեթ կամ Ճալուտ (1,7 հզ.), Յաղուբլու (1,4 հզ.), Չարղաթ (1,3 հզ.), Սաբաթլու (2,8 հգ ), Սոլթան-Նուխի (1,1 հզ.) գյուղերն ու ավանները։ Գավառի տարածքում պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ [Քիշի Ս. Եղիշե Առաքելո կամ Գիս, Ճալեթի, Բիդեիզի (Պարտեզի) Ս. Գևորգ և Ս. Գեղարդ վանքերը և այլն]: Մեծաթիվ հայեր են բնակվել նաև հարևան Արեշի գավառում, որտեղ 1916-ին կային 20 հայաբնակ գյուղեր շուրջ 20 հզ. բնակչով։ Աչքի են ընկել Ամուրավան (1,2 հզ.), Գիրդադիլ (1,1 հզ.), Խոշկաշեն (ավելի քան 1000), Հավարիկ (շուրջ 1000), Մեծ Սոգյութլու կամ Ուռեկան (2,8 հզ.), Քանդակ (շուրջ 1000) բնակավայրերը։ 1918-20-ին Նուխիի և Արեշի գավառների հայությունը ևս թուրքական զորքերի և Ադրբեջանի կառավարության կողմից ենթարկվել է կոտորածների։ Հազարավոր հայեր հարկադրված գաղթել են ՀՀ (հիմնել են Նոր Արեշ և Վարդաշեն գյուղերը, այժմ՝ Երևանի շրջագծում) և Վրաստան (Կախեթում հիմնել են Սաբաթլո ավանը)։ 1921-ին նշված տարածքում հայերի թիվն արդեն չէր գերազանցում 5 հզ-ը, որից 1628-ը՝ Շաքի քաղաքում։ Խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո ևս հայերը (թեև փոքրաթիվ) շարունակել են բնակվել Շաքիում։ 1980-ական թթ. վերջին սրված հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով հայերը լքել են քաղաքը և շրջակա գյուղերը։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 22:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am