Շամախիում (անունը հայտնի է II դարից՝ Սամախիոս ձևով) հայ բնակչության մասին հավաստի տվյալներ պահպանվել են XV դարից։ 1471-78-ին այս շրջաններով անցել Է իտալացի ճանապարհորդ Ջ. Բարբարոն. նա Շամախին տեղադրում Է «Մեծ Հայաստանում» նշելով, որ «լավ քաղաք Է, ունի 4000-5000 տուն, պատրաստում Է մետաքս, կտավ և ուրիշ բաներ իրենց եղանակով... և բնակիչների մեծ մասը հայ է»։ Հայ փիլիսոփա, մանկավարժ Գրիգոր Տաթևացու (1346-1409) աշակերտներից մեկը եղել Է Շամախուց («Հունան ի Շամախու»)։
Շամախին եղել է համանուն թեմի կենտրոնը։ XVI դ. Շամախու թեմի առաջնորդի նստավայրն Էր Սաղիան (Սաղյան) գյուղի (Շամախուց 20 կմ հեռավորության վրա) Ս. Ստեփանոս Նախավկա վանքը։ Տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիները ենթարկվել են Շամախու թեմին։ Ռուսական տիրապետության հաստատումից (XIX դ. սկիզբ) հետո Շամախու թեմը պահպանել Է իր գոյությունն ու անվանումը մինչև 1920-ը, սակայն նրա ենթակայությունից դուրս են մնացել Շաքիի (Նուխի) և Արեշի եկեղեցիները։
1846-ին ստեղծվել Է Շամախու նահանգը (Ռուսաստանի տիրապետության տակ անցած Շիրվանի և Շաքիի խանություններից), որը 1859-ին վերանվանվել Է Բաքվի նահանգ՝ Բաքու կենտրոնով։ Նահանգային կենտրոն Շամախին կորցրել Է իր նշանակությունը, պարբերաբար կրկնվող երկրաշարժերը (1668, 1806, 1828, 1859, 1902) նվազեցրել են բնակչության, մասնավորապես՝ հայերի թիվը։ Հայերի մեծ մասը տեղափոխվել Է Բաքու, որը դարձել Էր երկրամասի հայության տնտեսական, հասարակական ու հոգևոր մշակույթի կենտրոն։ Ըստ 1818-ի վիճակագրական մի ցուցակի հայեր ապրել են Շամախու մերձակա 38 գյուղերում, ինչպես նաև Նուխի քաղաքում և մերձակա 47 գյուղերում։
1916-ին Շամախիում ապրել է ավելի քան 4,5 հզ. հայ։ Քաղաքում գործել են տղաների և օրիորդաց (Ս. Սանդուխտյան) ծխական դպրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին։ Մեծաթիվ հայ բնակչություն է եղել նաև Շամախու գավառում։
1916-ին Շամախու և հարևան Գյոքչայի գավառներում (վարչականորեն՝ Բաքվի նահանգի կազմում) գոյություն ունեին 45 հայաբնակ գյուղեր և ավաններ՝ ավելի քան 35 հզ. հայ բնակչությամբ։ Աչքի ընկնող բնակավայրերից էին Մադրասա ավանը (4,6 հզ.), Ավանաշեն (ավելի քան 1000), Գանձակ (1,4 հզ.), Գիրկ կամ Կիրկ (2 հզ.), Գյուրջիվան (1,7 հզ.), Զարգյարան (1,6 հզ.), Հնղար (ավելի քան 1000), Ղալագահ (2,5 հզ.), Սաղիան (1,2 հզ.), Վանք (1,1 հզ.), Ուշտալ (1,5 հզ.), Քարքանջ (1,7 հզ.), Քեշխուրդ (1,1 հզ.) գյուղերը։ 1918-20-ին Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերի կազմակերպած սպանդի և մուսաֆաթական Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով նշված գավառներում հայերի թիվը խիստ կրճատվել Է (1921-ին՝ 10,6 հզ.)։ Շամախի քաղաքը գրեթե հայաթափվել է (հայերի զգալի մասը տեղափոխվել է Բաքու, ինչպես նաե մոտակա Գյոքչա գյուղաքաղաք)։
1844-ին հիմնվել է Շամախու հոգևոր սեմինարիան, 1869-ին՝ Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, 1864– ին՝ Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870-ին՝ Մադրասա գյուղի ծխական մեկդասյա դպրոցը, 1872-ին՝ Օրիորդաց ծխական դպրոցը։ 1916-ին Շամախիում գործել է 14 եկեղեցի, 1914-1915 ոաումնական տարում՝ 23 ծխական դպրոց։
Շամախիում են ծնվել Ա. Շիրվանզադեն, Կ. Զարյանը, Հ. Աբելյանը և ուրիշներ։
Շամախիում հայ կյանքը վերջնականապես դադարել է 1988-90-ին. հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառով հայերը լքել են քաղաքը։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 21-22:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am