Ռոդոսթոյի (թուրքերեն՝ Թեքիրդաղ՝ հայերեն Թագավորասարի «Թեքֆյուրդաղ» աղավաղումից) առաջին հայ բնակիչները եղել են XVII դ. սկզբին ջալալիների ասպատակությունների և թուրք-պարսկական ավերիչ պատերազմների հետևանքով (1606-07) Կամախից, Ակնից, Կարինից, Երզնկայից և այլ հայաբնակ վայրերից տեղահանվածները։ XIX–XX դդ. հայերի թիվը Ռոդոսթոյում 15 հզ. էր (քաղաքի բնակչության գրեթե կեսը)։ Զբաղվել են առևտրով, արհեստներով, ձկնորսությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։ Եղել են նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ։ Առաջին հայկական եկեղեցին Ս. Հրեշտակապետը, կառուցվել է 1607-ին համայնքի հոգևոր առաջնորդ Գրիգոր Դարանաղցու նախաձեռնությամբ։ Թուրքերի կողմից ավերվելուց հետո նույն տեղում կառուցվել է Ս. Հովհաննես եկեղեցին։ XIX դ. վերջին - XX դ. սկզբին Ռոդոսթոյում գործել են Ս. Թագավոր, Ս. Խաչ, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց անուններով էլ կոչվել են քաղաքի հայկական թաղամասերը։ Ռոդոսթոն թեմի առաջնորդանիստ քաղաք էր, որի հոգևոր ենթակայության տակ էր Մալղարա, Չոռլու, Սիլիվրի քաղաքների հայ բնակչությունը։ Գործել են Հովնանյան, Հիսուսյան վարժարանները։ Դպրոց են ունեցել նաև հայ բողոքականները։ XIX դ. վերջից Գողոսթոյում գործել են հասարակական-լուսավորական, բարեգործական, մարմնամարզական, սկաուտական կազմակերպություններ, լսարան-ընթերցասրահներ։ Գործունեություն են ծավալել ՀՀԴ և ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, մշակութային միությունները (անդամներից շատերը մասնակցել են Արևմտյան Հայաստանի ազատագրության համար Կովկասում կազմակերպված հայդուկային շարժումներին, եղել են օսմանյան լծից Մակեղոնիայի ազատագրության համար մարտնչող հայ-բուլղարական ապստամբական զորախմբերում)։
Ռոդոսթոյում ներկայացումներով հանդես են եկել Կ. Պոլսից հրավիրված Մ. Անակյանի, Թ. Ֆասուլաճյանի, Վ. Փափազյանի թատերախմբերը։
1908-ին յույս է տեսել «Կայծեր» խմորատիպ թերթը։ 1895-96-ին և հատկապես 1915-ից հետո Ռոդոսթոյի հասարակական կյանքն անկում է ապրել, իսկ 1922-ի զանգվածային բռնագաղթից հետո քաղաքը վերջնականապես հայաթափվել է։ Հայերն ապաստան են գտել Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում և այլուր։ Ռոդոսթոյում են ծնվել կամ ռոդոսթոցի ծնողների զավակներ են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա, ակադեմիկոս Հ. Աճառյանը, երգահան Բ. Կանաչյանը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), գրողներ Վազգեն Շուշանյանը, Սևդա Սևանը, մի շարք նշանավոր հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 182:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am