Նինոծմինդայի (1930-91-ին Բոգդանովկայի) շրջանի տարածքը կազմել Է Ախալքալաքի գավառի արևելյան մասը։ 1930-ին առանձնացվել է որպես ինքնուրույն վարչատարածքային միավոր։ Հայերի մեծ մասը Նինոծմինդայի շրջան է գաղթել 1830-ական րթ.։ Ներգաղթից առաջ հայեր ապրել են Փոկա, Գանձա, Գոնդուրա գյուղերում։
Ներկայումս (2003) շրջանի 31 բնակավայրից 26-ում (Ասփարա, Գանձա, Դիլիֆ, Թորիա, ժդանովական, Կաթնատու, Հեշտիա, Ղաուրմա, Ղուլալիս, Մամզարա, Մեծ Արագյալ, Մեծ Գոնդուրա, Մեծ Խանչալի, Նինոծմինդա (Բոգդանովկա), Նոր Խուլգումո (Տամբովկա), Ջիգրաշեն, Ռոդիոնովկա (Փարվանա), Սաթխա, Սաղամո, Վլադիմիրովկա, Ուչմանա, Փոկա, Փոքր Արագյալ, Փոքր Գոնդուրա, Փոքր Խանչալի, Օրոջալար) ապրում են միայն հայեր, մյուս 5-ում՝ (Գորելովկա, Եֆրեմովկա, Կալինինո, Սպասովկա, Օռլովկա) հայերի հետ նաև ռուսներ (դուխոբորներ), վրացիներ։ 1979-ի մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը եղել Է 36632, որից 32331-ը՝ հայեր։ Վերջին տարիներին մեծացել Է բնակչության արտագաղթը՝ հիմնականում Ռուսաստան։ Ներկայումս (2003) բնակչությունն ավելի քան 35 հզ է. գրեթե 99 %-ը հայեր են (34,7 հզ.)։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ ու երկրագործությամբ։ Շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում գործում են հայկական դպրոցներ (32, աշակերտների ընդհանուր թիվը 5481), իսկ Գանձայում և Հեշտիայում՝ 2-ական, շրջկենտրոնում՝ 3, նաև գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ։ 1957-ից Գանձայում գործում Է բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանը (նույն տարվանից կազմակերպվում են տերյանական պոեզիայի ամենամյա տոնահանդեսներ), շրջկենտրոնում՝ մշակույթի տուն և Մարտական փառքի թանգարանը։
Շրջանի տարածքում են Ղաուրմայի կամարակապ քարաշեն կամուրջը (XII դ.), Ս. Աստվածածին (XII-XIII դդ.), Փոկայի (XIV դ.), Ղուլալիսի Ս. Աստվածածին (XI-XII դդ., կիսավեր), Գանձայի Ս. Կարապետ (1850), Սաղամոյի (X-XII դդ.), Օրոջալարի Ս. Հակոբ (XII-XIII դդ.), Խոջաբեկի Ս. Սարգիս (1882), Հեշտիայի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1856) եկեղեցիները, բազմաթիվ գյուղատեղիներ, ավերակ բերդերի մնացորդներ։
Պահպանվում են բազմաթիվ խաչքարեր սկսած IX դարից՝ Փոկա, Գանձա, Խոջաբեկ (այժմ՝ Նինոծմինդայի շրջագծում), Ղուլալիս, Մամզարա, Փոքր Խորենիա և այլ բնակավայրերում։ Գրեթե բոլոր գյուղերում կան XIX դ. երկրորդ կեսին կառուցված եկեղեցիներ։
Հավատացյալների հոգևոր կարիքները հոգում է Խոջաբեկի Ս. Սարգիս եկեղեցու (1882) հոգևոր հովիվը, որտեղ 1895-ին այցելել է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ)։
Շրջանում են ծնվել բանաստեղծ Վ. Տերյանը, ազգագրագետ Վ. Բդոյանը, գրականագետ Կ. Գրիգորյանը, գեներալ-գնդապետ Գ. Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտներ Ս. Գինոսյանը, Վ. Չոբանյանը, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Մահտեսյանը, փիլիսոփա Ց. Ստեփանյանը, պատմաբան Ա. Համբարյանը, «Հայկական հանրագիտարան, հրատարակչության» տնօրեն-գլխավոր խմբագիր Հ. Այվազյանը, նկարիչներ Կ. Ղարսլյանը, Հ. Արոյանը, անասնաբույժ Ա. Մանասյանը, տնտեսագետ Հ. Մկրտչյանը, ֆիզիկոս Ա. Դուրգարյանը, քիմիկոս Ա. Դուրգարյանը և ուրիշներ։
Լույս են տեսնում շրջանային «Արշալույս», «Լեռնաշխարհ» (2002-ից անկանոն պարբերականությամբ) թերթերը։ 1988-93-ին գործել է «Փարվանա» հասարակական կազմակերպությունը։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 555-556:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am