ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակութային կյանքը ավստրալահայ համայնքում սկսել է աշխուժանալ ազգային կառույցների կազմակերպմանը զուգընթաց։
1950-ական թթ-ից Մելբուռնում և Սիդնեյում կազմակերպվել են մշակութային տարբեր միջոցառումներ։ 1969-ից դերասան և ռեժիսոր Ն. Խաչատրյանի ղեկավարությամբ զործել է «Հակոբ Պարոնյան» հայկական առաջին թատերախումբը։ 1971-ից Ավստրալիայում է ստեղծագործել եգիպտահայ դերասան և ռեժիսոր Ս. Գոչունյանը, որը Սիդնեյում կազմակերպել է թատերախումբ, բեմադրել հայ և օտար դրամատուրգների գործեր։ 1973-ին Սիդնեյում Կ.Նիկողոսյանը բեմադրել է Պ.Մասիկյանի «Աղջիկտես» կատակերգությունը, 1974-ին ղեկավարել «Արաքս» թատերախումբը (բեմադրություններից է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը)։
1979-ին Մելբուռնում բեմադրվել է Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը, որին մասնակցել են տեղի շնորհալի դերասաններ Ն. Խաչատրյանը, Ա.Ինկիլիզյանը, Վ. Տոլպագյանը, Վ.Կյուլեսերյանը, Հ. Մալճյանը։ Մելբուռնի Մեսրոպ Մաշտոց վարժարանում Զ. Վահրիճյանի ղեկավարությամբ 1980-ին բեմադրվել է «Աբիսողոմ աղա և Թովմաս աղա» կատակերգությունը։ 1980-ից ժ. Պոգաճյանի ղեկավարությամբ գործել է «Մասիս» թատերախումբը, բեմադրվել են «Թիվ 5 խելագարը», «Չարշըլը Արթին աղա» ևն պիեսներ, որոնց մասնակցել են Հ. Մուրադյանը, Ն. Սարգսյանը և ուրիշներ։ Թատերախմբի հետ «Ակնոց» թերթի խմբագիր Ն. Ապաքյանը,1982-ին ներկայացրել է Բյուրատի «Ավարայրի արծիվը» պիեսը։ 1982-ին թերթի նախաձեռնությամբ կազմակերպվել է Մելբուռնի հայկական թատերախմբերի ստուգատես։
Գեղանկարչուհի Բեատրիս Մանուկյանի նախաձեռնությամբ Մելբուռնում 2002-ից գործում է «Հայ արթ» մշակութային կենտրոնը (կազմակերպում Է հայ գեղանկարիչների, լուսանկարիչների ցուցահանդեսներ, նաև նկարչության կիրակնօրյա դասեր երեխաների համար)։
ՄԱՄՈՒԼ
Ավստրալիայում առաջին հայ պարբերականին «Լույս» ամսագրին (1955-ից) հաջորդել են մի շարք պարբերականներ, որոնց մի մասը կարճատև կյանք է ունեցել («Ձայն», «Նոր սերունդ», «Կայծ», «Արագած», «Ակնոց», «Նյուզ լեթըր»)։ Ներկայումս (2003) հրատարակվում է 6 պարբերական։
«Արմենիա», մինչև 1979-ը «Հայ դատ», ամսաթերթ, 1994-ից շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1975-ից, Սիդնեյում։ ՀՀԴ պաշտոնաթերթ։ Հրատարակում է խմբագրական կազմը։ Լինելով գաղութի միակ շաբաթաթերթր լայն տարածում է գտել ընթերցողների շրջանում։ Ունի նաև անգլերեն բաժին։
«Գարուն», ամսաթերթ։ Լույս է տեսնում 1995-ից, Սիդնեյում։ Հրատարակում է խմբագրական կազմը։ Հովանավորն է Համազգային մշակութային միության «Նաիրի» մասնաճյուղը։ Տպագրվում է արևելահայերենով։
«Զանգ», հասարակական-քաղաքական, տեղեկատվական երկամսյա պարբերաթերթ։ Լույս է տեսնում 1995-ից, Սիդնեյում։ ՍԴՀԿ Ավստրալիայի շրջանի վարիչ մարմնի պաշտոնաթերթ։ Տպագրում է հայրենասիրական հոդվածներ, ներկայացնում հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը, լուսաբանում գաղութային կյանքի իրադարձությունները։ Ունի նաև անգլերեն բաժին։
«Լույս», կրոնա-եկեղեցական բնույթի ամսագիր։ Լույս է տեսնում 1955-ից, Սիդնեյում։ Պատասխանատուն է Աղան արք. Պափոզյանը։
«Հույս», ամսագիր։ Լույս է տեսնում 1966-ից, Մելբուռնում։ Պատասխանատուն է Սելբուռնի եկեղեցու վարչությունը։ Հրատարակում է խմբագրական մարմինը։
«Միություն», ազգային, քաղաքական, մշակութային ամսաթերթ։ Լույս է տեսնում 1987-ից, Սիդնեյում հայերեն և անգլերեն։ ՀԲԸՄ պաշտոնաթերթ։ Խմբագիր Ավետիս Յափուճյան։
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am