ՄՇԱԿՈՒՅԹ
Բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության հոգևոր և մշակութային կյանքը դարեր շարունակ ընթացել է համահայկական հունով՝ սերտորեն կապված ազգային կյանքին ու ավանդներին։ Հոգևոր-կրթական կենտրոնները հաճախ եղել են նաև գրչության օջախներ։ Մադրասա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում 1403-ին գրվել է մի մատյան, Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքում 1636-ին գրվել է մի «Աղոթամատույց», 1654-ին՝ ձեռագիր «ժողովածու»։ Սեյսարի գյուղում ստեղծվել են մի շարք մատյաններ, հայտնի են 1695-ին գրված «Ավետարանը», XVII դ. «ժողովածուն» ևն։
Գրականություն։ Ադրբեջանում հայ գրական կյանքը սկզբնավորվել է XIX դ. 60-ական թթ., Բաքվում։ Հայոց մարդասիրական ընկերության գրադարան-ընթերցարանում կազմակերպվել են գրական երեկոներ, որտեղ գրողները (Մ. Զոհրաբյան, Կ. Արգումանյան և ուրիշներ) ներկայացրել են իրենց ստեղծագործությունները։
1874-ին Բաքվում սկսել է տպագրվել «Սոխակ Հայաստանի» երգարանը (խմբագիր Գրիգոր քհն. Գրիգորյան), որն ընդգրկել է նաև երկրամասի հայ աշուղների ու բանաստեղծների ստեղծագործությունները։ Բաքվում են ձևավորվել Ա. Շիրվանզադեի գրական նախասիրությունները։ 1880-ական թթ. վերջին գործել է «Հույս» միությունը նույնանուն ձեռագիր հանդեսով, որտեղ բանաստեղծական առաջին քայլերն է արել Հ. Հակոբյանը։ 1890-ական թթ. կեսին գրող-մանկավարժներ Ս. Հովվյանի, Ա. Նազարեթյանի, Ս. Բալայանի ջանքերով կազմակերպվել է «Օջախ» գրական խմբակը, որի աշխատանքներին մասնակցել են Ղ. Աղայանր և Հ. Թումանյանը։
1910-ական թթ. Բաքվում գործել է Հայ գրական-գեղարվեստական ակումբը. որի ջանքերով նշվել են հայ գրերի գյուտի 1500 և հայոց տպագրության 400-ամյակները։
1923-ին Բաքվում կազմակերպվել է «Հայարտուն» գրական-մշակութային կազմակերպությունը, որի գրական մասնաճյուղի հիման վրա գործել է Հայ պրոլետգրողների ասոցիացիան. 1925-ին լույս են տեսել «Հայարտուն» ե «Վիշկա» գրական հանդեսները։ Ե. Չարենցի, Վ. Ալազանի և այլ գրողների այցելությունները նպաստել են Ադրբեջանի գրողների միության Բաքվի հայկական մասնաճյուղի ստեղծմանը։ Բաքվի գրական միջավայրում են ձևավորվել բանաստեղծներ Ա. Գրաշին, Թ. Հուրյանը, Ս. Գրիգորյանը, Հ. Սահյանը, Ա. Սենալը, արձակագիրներ Գ. Բեսը, Մ. Դավթյանը, դրամատուրգներ Ա. Դարբնին, Ա. Բարսեղյանը։ Գրական կյանքին գործուն մասնակցություն են ունեցել քննադատներ Ս. Երզնկյանը, Ս. Մանուցյանը, Ա. Մկրտչյանը, Վ. Աղասյանը, Գ. Գրիգը, Պահարեն, գրականագետներ Ա. Պետրոսյանը, Հ. Ամիրխանյանը, Գ. Անտոնյանը և ուրիշներ։
Թատրոն և կինո։ Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870-ին, երբ մեծահարուստ Ն. Կրասիլնիկյանի (Ն. Կրասիլնիկով) տանը սկսել է գործել ռեալական դպրոցի սաներից կազմված դերասանական խումբ։ Մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ 1884-ին ստեղծվել է Բաքվի հայկական թատերական ընկերությունը, 1906-ին՝ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որն ունեցել է թատերախումբ։ Բաքվում են գործել հայ դերասանական լավագույն ուժերը Սաֆրազյան ամուսինները, Գ. Տեր-Դավթյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Պ. Արաքսյանը, Ա. Վրույրը, Վարդուհին, Ա. Ոսկանյանը և այլք։ Հայ թատերական կյանքը տարբեր տարիների կազմակերպել և ղեկավարել են Հ. Աբելյանը, Հ. Զարիֆյանը, Հ. Ոսկանյանը։ 1910-20-ական թթ. Բաքվում գործել է Ամիրագոյի (Ամիրադյան) օպերային խումբը, 1920-49-ին՝ Հայկական պետական թատրոնը, որտեղ բեմադրվել են հայ դասական ու ժամանակակից, ինչպես նաև ռուսական, համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերից։ 1928-ին բացվել է Հայկական երաժշտական թատրոնը (ղեկավար Մ. Սաղյան)։ 1923-ին Բաքվում հիմնվել է թատերական տեխնիկում, որը 1930-ական թթ. ունեցել է նաև հայկական բաժանմունք։
Բաքվի հայկական թատրոնը նշանակալի դեր է խաղացել ազգային թատերական արվեստի զարգացման գործում։
Ադրբեջանի կինոյի զարգացման գործում մեծ ներդրում ունի կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանը, Բաքվի կինոստուդիայում նկարահանել է «Տունը հրաբխի վրա» (1928, Հայկինոյի հետ), «Սևիլ» (1929), «Սաբուհի» (1941) կինոնկարները։
Բաքվի Հայկական պետական թատրոն, կազմակերպվել է Բաքվում, 1920-ին։ Բեմադրություններում հանդես են եկել Ժասմենը, Ս. Արմենյանը, Վ. Փափազյանր, Լ. Քալանթարը, Ս. Քափանակյանը, Կ. Ալվարյանը, Մ. Սաղյանը։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր է եղել Ա. Հովսեփյանը, գլխավոր նկարիչ՝ Ա. Հովհաննիսյանը: Բեմադրվել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի լավագույն երկերից։ Թատերախմբում են եղել նաև Լ. և Ա. Երամյանները, Խ. Հարությունյանը, Ա. Արգումանյանը, Ա. Բադալյանը, Գ. Հարությունյանը, Թ. Սահակյանը և այլք։ Թատրոնը փակվել է 1949-ին։
Ճարտարապետություն։ Հայ ճարտարապետներն ու շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ Հատկապես նշանակալի է ճարտարապետներ Գ. Տեր-Միրելյանի, Վ. Սարգսյանի (Սարկիսով), Ն. Բաևի, Հ. Տեր-Հովհաննիսյանցի (Քաջագնունի), Ֆ. Աղալյանի ավանդը։ Նրանց կառուցած բնակելի տները, հասարակական ու մշակութային շինությունները կանգուն են ցարդ և զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաքը, Մայիլովների (Մայխյաններ) թատրոնի շքեղ շենքում (ճարտ. Ն. Բաև, 1913) այժմ Բաքվի օպերայի և բալետի թատրոնն է։ Վեհաշուք կառույց է եղել Ս. Թադեոս և Բարդաղիմեոս հայկական եկեղեցին (ճարտ. Հ. Տեր-Հովհաննիսյանց, 1910-11), Գ. Տեր–Միքելյանի նախագծով կառուցվել են Հասարակական ակումբի շենքը (այժմ Ադրբեջանի ֆիհարմոնիա, 1910-12), ծննդատունը (1899), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը (1902-03, այժմ «Մանկական աշխարհ» խանութ), Առևտրի ուսումնարանը (1905-10, այժմ Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտ), Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը (1928-35, Փարիզում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի), Յուզբաշյանի, Ադամյանների, Սադիխովների եկամտաբեր բնակելի տները ևն։ Վ. Սարգսյանի նախագծերով կառուցվել է 10-ից ավելի շենք նավթագործների բանավաններում։ Ն. Բաևը 1911-18-ին եղել է Բաքվի գյխավոր ճարտարագետը, բացի Մայիլյանների թատրոնից նրա նախագծերով կառուցվել են հիվանդանոցային ավան (19 լազարեթ 24 մասնաշենքով), մի շարք դպրոցներ, գիմնագիա, Սալիմանովի, Շերեմետևի և այլոց բնակելի տները, երկաթուղու Սաբունչի կայարանը (1927), Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդի մի ամբողջ թաղամաս, որ նրա անունով կոչվել է «Բաևի» ևն։ ճարտարապետ Ֆ. Ադալյանի նախագծով կառուցվել են գիմնագիա, ծննդատուն, գանձատուն, Բանվորական տունը ևն։
Երաժշտություն։ Ադրբեջանի հայության երաժշտւսկան կյանքում մեծ դեր են ունեցել աշուղներր։ Նրանք շրջել են բնակավայրից բնակավայր, մասնակցել աշուղական մրցումների։ Հայտնի են աշուղներ Փարսիի (XVI դ.), Դոնիի (XVIII դ.), Ղազարի (XIX դ.) անունները, ստեղծագործել և երգել են թուրքերեն։ Հատկապես նշանավոր էր աշուղ Դոնին, որը համարվել է այդ շրջանի աշուղների վարպետը, ուսուցիչը։ Նրա երգերն ունեցել են հերոսական բնույթ, նվիրված են եղել Ասրի, Ջավաղ, Ռոստոմ մելիքների քաջագործություններին։ XIX դ. է ապրել ու հայերենով ստեդծագործել աշուղ Սեյադը (Պետրոս Աաղաթյան)։ XIX դ. վերջին երաժշտական կյանքը կենտրոնացել է Բաքվում։ 1885-ին իր երգչախմբով ելույթներ է ունեցել Կարա-Մուրզան, 1886-ին Մակար Էյկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր Պատարագը, 1908-ին դասախոսաթյուններով և երգչախմբով հանդես է եկել Կոմիտասը։ Անսան Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» (1910-1917) հանդեսը։ 1926-34–ին Բաքվի Հայարտանը կից գործել է երաժշտական դպրոց։ Բաքվում է ապրել և ստեղծադործել երգահան Անուշավան Տեր-Ղևոնդյանը (1934-38–ին՝ Բաքվի կոնսերվատորիայի տնօրեն)։ 1920-ից մշակութային կազմակերպչական աշխատանքին մասնակցել է նաև դիրիժոր Ա. Իոաննիսյանը, որը ստեղծել է ադրբեջանական ժողովրդական գործիքների առաջին նվագախումբը, նաև՝ կանանց նույնաբնույթ նվագախմբեր։ Երաժշտական հաստատություններում աշխատել և ստեդծագործել են հայ երաժիշտ կատարողներ։ Բաքվում է ապրել և ստեղծագործել երգահան Անդրեյ Բաբաևը։
Կերպարվեստ։ Բաքվում բացվել են Գ. Բաշինջաղյանի (1885). Վ. Սուրենյանցի (1901) ցուցահանդեսները։ XX դ. սկզբից հայկական դպրոցներում իբրև առանձին առարկա դասավանդվել է նկարչություն։ 1923-ին բացված Հայարտան նկարչական մասնաճյուղը կազմակերպել է ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց մասնակցել են նկարիչներ Վարդան Տեր-Պողոսյանը, Էաչի Պռոշյանը, Մուշեղ Սաղյանը, Շ. Մանգասարովը և այլք։ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության զինանշանի հեղինակը նկարիչ-գրաֆիկ Ռ. Շխկյանն է։ Շուրջ կես դար Բաքվի գեղարվեստական ուսումնարանում նկարչության է դասավանդել թատերական նկարիչ Ա. Հովհաննիսյանը (նաև Հայկական թատրոնի գլխավոր նկարիչն էր)։ Նրա սաներից է նկարիչ Պ. Մալայանը։ 1936-ին Ս. Աղաջանյանը հրավիրվել է Բաքու ստեղծելու դիմանկարներ։ 1958-ին Բաքվում տեղադրվել է Ս. Մերկուրովի «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը (1924-46)։
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am