Իզմիրում (Զմյուռնիա, հայկական աղբյուրներում նաև` Զմյուռին) հայերը հաստատվել են դեոևս XIII դ.։ Գրավոր առաջին հիշատակությունը վերաբերում է 1261-ին, երբ հայ առևտրականները մասնակցել են բյուզանդաջենովական առևտրական պայմանագրի կնքմանը։
XVII դ. սկզբին (պարսից շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթից հետո) 1000 հայ ընտանիք Երևանից, Նախիջևանից, Ղարաբաղից, իսկ XVIII դ. վերջին (Ադա Մահմեդ խանի 1795-ի արշավանքից հետո) մոտ 300 հայ ընտանիք Աշտարակից, Կարբիից, Օշականից, մասամբ Անկարայից գաղթել և հաստատվել են Իզմիրում։
1621-ին Իզմիրում կար շուրջ 8 հզ., 1731-ին 7 հզ., 1836-ին 10 հզ. հայ։ 1915-ին Իզմիրը շրջակա Բոռնովա, Գորդելիո, Կարաթաշ և Գյոզթեփե հայաբնակ արվարձաններով ունեցել է ավելի քան 21 հզ. հայ բնակիչ։ 1919-22-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը կոտորել են հայերի մեծ մասին, ողջ մնացածներն արտագաղթել են Հունաստան, ապա Հայաստան և այլուր։
Հայերը բնակվել են քաղաքի Հայնոց, Գետեզերք, Քարափ թաղամասերում։ Մեծ մասամբ արհեստավորներ էին (ոսկերիչներ, ժամագործներ, մետաքսագործներ) համախմբված էսնաֆությունների մեջ։ Զգալի թիվ են կազմել նաև հայ վաճառականները, որոնցից շատերն առևտրական տներ ունեին Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքներում։ Արտահանում էին գորգեր, կաշի, բուրդ, հացահատիկ, չոր միրգ, ներմուծում՝ նավթ, շաքար և այլն։ Իզմիրում գործել են 4 հայկական եկեղեցիներ (Հայնոցի Ս. Ստեփանոս, Ս. Հարություն, Ս. Գրիգոր Լուսավորիչ, կաթոլիկ՝ Ս. Տիրամայր)։ Շրջակա գյուղաքաղաքներում և ավաններում (Այդրն կամ Գյոզալհիսար, Բերղամա (պատմական՝ Պերգամոն), Մանիսա (պատմական՝ Մագնեսիա), Քրքաղաջ, Օդամիշ և այլն) հայերը զբաղվել են նաև արհեստներով, առևտրով, մասամբ՝ այգեգործությամբ։ 1799-ին հիմնվել է Մեսրոպյան վարժարանը, այնուհետև գործել են նաև Հռիփսիմյան իգական թերի միջնակարգ, Աղաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանազետյան մասնավոր դպրոցները, Մխիթարյանների դպրոցը, միսիոներական բարձրագույն վարժարանը։
1802-ին կառուցվել է Ս. Լուսավորիչ ազգային հիվանդանոցը։
1879-ին Հովհաննես և Հակոբ Սպարտալյան եղբայրների միջոցներով կառուցվել է նոր հիվանդանոց։ Գործել են Սյունյաց, Արագածունյաց, Ուսումնասեր, Վասպուրական, Հաշտենից մշակութային ընկերությունները, 1909-22-ին ՀԲԸՄ Իզմիրի մասնաճյուղը, հայկական թատրոն։
Իզմիրի առաջին հայկական տպարանը 1759-ին հիմնել է Մահտեսի Մարկոսը, հետագայում գործել են նաև Մեսրոպյան, Տետեյան, Մամուրյան տպարանները, որտեղ հրատարակվել են հայկական գրքեր, պարբերականներ, դասագրքեր։ Հայկական առաջին թերթը` «Արշալույս Արարատյանը», լույս է տեսել 1840-ին։ Մինչև 1922-ր հրատարակվել է 36 անուն թերթ ու ամսագիր։
Իզմիրը հայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի կարևոր կենտրոն էր։ Նրա հետ է կապված շատ հայ գործիչների Ս. Ոսկանյանի, Ա. Փափազյանի, Մ. Մամուրյանի, Գ. Չիլինկիրյանի, Գ. Կոստանդյանի, Տ. Չուխաճյանի, Վ. Փափազյանի, Ա. Արմենյանի և այլոց գործունեությունը։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 179-180:
Տե՛ս ավելին՝
Իզմիր (տեսադարան)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am