Իտալիայի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավում։ Տարածքը՝ 301,3 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 60, 589,445 մլն (2017)։ Մայրաքաղաքը՝ Հռոմ (2,7 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 3 հզ.։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։
Իտալիայում հայերը սկսել են բնակվել դեռևս հռոմեական շրջանից։ Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները VI-VII դարերից են։ Գոթական ցեղերի դեմ պատերազմող բյուզանդական զորաբանակի կազմում եղել են հայեր։ Ռավեննա քաղաքի հայազգի զորահրամանատարներից էին Նարսեսը (Ներսես), Իսահակ (Իսակիոս) Հայկազնը և ուրիշներ, որոնց վստահվել է Իտալիայի փոխարքայի պաշտոնը։ Ռավեննայի Սան Վիտալե եկեղեցում է գտնվում Իսահակ Հայկազնի հուշարձանը՝ իր հայկական ծագումը հաստատող քանդակներով և արձանագրություններով, նույն եկեղեցու մի խճանկարում հավանորեն երևում է Նարսեսը։ Ռավեննա քաղաքի կայազորի զբաղեցրած շրջանը կոչվել է «Արմենիա», որովհետև զինվորները մեծ մասամբ հայեր էին։ Ռավեննայի այս կորիզը արդարացիորեն համարվում է միջնադարյան Իտալիայի առաջին հայկական գաղութը։ Այստեղ հաստատված հայերը բյուզանդահայեր էին, որոնք կարևոր դեր են խաղացել Բյուզանդական կայսրության քաղաքական, ռազմական, վարչական կյանքում։
VI–VII դդ. հայկական մի զորաբանակ տեղաբաշխված եղել Սիցիլիայում, որի կառավարիչների թվում հիշատակվում են Հովհաննես Արշավանու որդի Արտաբանը (VI դ.), հակակայսր հռչակված Մժեժ իշխանը (660-ական թթ.) և «պատրիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» ու «կեսար» տիտղոսներին արժանացած Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը։
649-ի Լատերանի ժողովի մասնակիցների թվում հիշատակվում են երկու հայ հոգևորականներ։ IX դ. վերջին և XI դ. կեսին Բալկանյան թերակղզու հալածական բազմաթիվ հայ պավլիկյաններ տեղափոխվել են Իտալիա։ X-XI դդ. լատին եկեղեցու կողմից «սուրբ» հռչակված հոգևորականների թվում նշվում են նաև հայեր Դավինո Արմենո (Դավիթ Հայկազն), Սիմեոնե Արմենո (Սիմեոն Հայ)։ XII դ. հայ-իտալական հարաբերություններում բացվում է մի նոր ժամանակաշրջան, երբ պետական մակարդակի են հասնում Կիլիկիայի հայկական թագավորության և Իտալիայի քաղաք-պետությունների (Վենետիկ, Ջենովա) միջև առնչությունները։ Այդ նոր պատմական իրադրությունն օգնել է հայերին ավելի հիմնավոր հաստատվել Իտալիայի շատ քաղաքներում ստեղծելով ծաղկող գաղութներ։Այդ ժամանակաշրջանում (XII դ.) Հայոց եկեղեցին սկսել է հաճախակի և անմիջական շփման մեջ մտնել Հռոմի եկեղեցու հետ։ XII դ. 2-րդ կեսին Իտալիայի ինը քաղաքներում գործել են տասից ավելի հայկական եկեղեցիներ։ XII– XIV դդ., երբ առևտրական սերտ հարաբերություններ են հաստատվել Կիլիկյան Հայաստանի, Ղրիմի և Իտալիայի քաղաքների (Ջենովա, Վենետիկ, Պիզա, Ֆլորենցիա ևն) միջև. Իտալիա են տեղափոխվել բազմաթիվ հայ առևտրականներ ու նավաստիներ։ XIII–XIV դդ. Իտալիայի քաղաքներում հիշատակվում է շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան, որոնք ժամանակի ընթացքում հայ վանականության վերացումով անցել են լատին կրոնական կարգերի։ Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ, հայ պանդուխտների և ուխտավորների հյուրանոցներ, որոնք կոչվել են նաև «Հոգետուն»։ XV դարից սկսած վանքերում իտալացիների անխտիր ընդունման և հայրենի երկրի հետ կապերի թուլացման հետևանքով այդ վանքերն օտարացել կամ քայքայվել են, իսկ հայերի գգալի մասը՝ ձուլվել։
Իտալիայի հայ համայնքները վերստին աշխուժացել են XVII դ.։ Դա պայմանավորված էր մի կողմից Հայաստանի տարածքում մղվող թուրք-պարսկական պատերազմների հարուցած արտագաղթով, մյուս կողմից Արևելք-Եվրոպա առևտրական հարաբերություններում հայ վաճառականների դերի մեծացմամբ։ 1582-1610-ին Պարսկաստանից Իտալիայի ուղարկված վեց պատվիրակությունների ղեկավարներն էլ եղել են հայ խոջաներ (Կիրակոս, Սերման,Շիոշ, Սաֆար և ուրիշներ)։ Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ 1-ը 1591-ին մի հրովարտակով հայերին հրավիրել է Լիվոռնո առևտրական գործերով։ XVI֊XVIII դդ. Վենետիկում առևտրական պաշտոնական գործարքներին մասնակցել են ավելի քան 2 հզ. հայ առևտրականներ։ Հայ վաճառականներն Արևելքից Իտալիա են բերել պարսկական մետաքս (որի արտահանության մենաշնորհը պատկանել է իրենց), դամասկոսյան դիպակներ, գոհարեղեն, համեմունք, մոմ և այլ ապրանքներ։ Իտալիայում հայերն աչքի են ընկել նաև որպես նավաստիներ, նավապետներ, նավաշինարարներ։
Հայ մշակույթի ամենանշանակալի երևույթներից մեկը տեղի է ունեցել Իտալիայում. 1512-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», իսկ 1513-ին հայերեն անդրանիկ օրացույցը «Պարզատումարը»։ 1584-ին Հռոմում տպագրվել է «Տոմար Գրիգորյանը»։ Իտալիայում են գործել հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերգնցին, Հովհաննես Անկյուրացին։ Բացի Վենետիկից և Հռոմից, հայերեն գրքեր են տպագրվել նաև Ֆեռարայում, Մխանում, Լիվոռնոյում, Պավիայում, Պադուայում։ 1717-ից Վենետիկի Ս.Ղազար կղզում հաստատվել է Մխիթարյան միաբանությունը, որն առ այսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։ 1836-1997-ին Վենետիկում գործել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը։ Իտալիայում առաջին հայերեն պարբերականը՝ Ղ.Ինճիճյանի «Տարեգրութիւնքը», լույս է տեսել 1799-ին։ 1843-ից անընդմեջ հրատարակվում է «Բազմավեպ» հայագիտական հանդեսը։
Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների համեմատաբար փոքր խմբեր են հաստատվել Իտալիայում։
1920-30-ական թթ. հայերը կենտրոնացել են Հռոմ, Թուրին, Միլան, Վենետիկ քաղաքներում։ 1913-ին Իտալիա գաղթած բանաստեղծ Հրանտ Նազարյանցը Բարիում հիմնել է «Նոր Արաքս» թաղամասը, որտեղ բնակություն հաստատած հայ գաղթականները զբաղվել են արևելյան գորգազործությամբ, հիմնել են արհեստավորական միություն։ 1922-1923-ին Հռոմի Պիոս XI պապը հյուրընկալել է 400 հայ որբուհիների։ Այդ տարիներին Մխիթարյանների հովանավորությամբ գործել է Պադուայի մոտ գտնվող Ֆիեսսո դ՚Արտիկո զյուղի որբանոցը, որը 1925-ին փոխադրվել է Մխան վերածվելով «Արհեստից վարժարանի»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրեին իտալահայ համայնքը (առևտրականներ, զործարանատերեր, բժիշկներ, մտավորականներ) դարձել էր ավելի կազմակերպված, տնտեսապես ավելի բարեկեցիկ։ 1950-ական թթ. սկզբին Մխանում ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, 1958-ից զործում է Ս. Քառասուն մանկունք հայ առաքելական եկեղեցին։
1975-ից Իտալիայում բնակություն են հաստատել հայ գաղթականների նոր խմբեր Թուրքիայից, Լիբանանից և Պարսկաստանից։ 1986-ին Իտալիայում բնակվել է շուրջ 2 հզ.։ Ներկայումս (2003) Իտալիայում հայերի թիվը շուրջ 3 հզ. է։ Համայնքին ազգային խնդիրների շուրջ համախմբում են նաև Իտալիայի հայ մշակութային միությունը, ՀԲԸՄ և ՀՄԸՄ մասնաճյուղերը, Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը, «Զատիկ» ընկերակցությունը, Իտալիա-Արմենիա և Ամիչի դ՚Արմենիա (Հայաստանի բարեկամներ) ընկերակցությունները։ 1968-ին Արմեն և Հակոբիկ Մանուկյան եղբայրները հիմնել են «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը։ Բոլոնիայի (1973-ից),Վենետիկի (1976-ից) համալսարաններում կան պետության կողմից ֆինանսավորվող հայագիտական ամբիոններ (վարիչներ համապատասխանաբար Գաբրիելա Ուլուհոճյան և Լեոն Զեքիյան), Միլանի պետական համալսարանում հայերեն լեզվի ղասընթաց (լեգվակրթիչ Պայքար Սվագլյան)։ 1986-ից առ այսօր Վենետիկի պետական համալսարանում գործում է հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթաց։ 1947-67-ին լույս է տեսել «Մխիթարյան ընտանիք» թերթը, 1969-85-ին «Հայ ընտանիքը» (նաև անգլերեն բաժնով)։ Կարճատև կյանք է ունեցել «Զեյթուն» պարբերականը (հիմնականում իտալերեն)։ Պարբերաբար լույս է տեսել «Ձայնը»։ Երկրի հայ և իտալացի գիտնականների, մտավորականների ջանքերով 1975-ից ի վեր կազմակերպվել են հայ մշակույթին, ճարտարապետությանը նվիրված գիտաժողովներ, հայկական ֆիլմերի փառատոներ. գեղանկարչական ցուցահանդեսներ, մասնավորապես Միլանում, Հռոմում, Վենետիկում։
1990-ական թթ. վերջին «Հայաստանի բարեկամներ» ընկերակցության ջանքերով Իտալիայի ավելի քան 30 քաղաքներ, այղ թվում Հռոմ, Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, ճանաչել են 1915-ին Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, իսկ 2000-ին ցեղասպանության փաստը ճանաչել է Իտալիայի խորհրդարանը։
Իտալիան առաջին երկրներից էր, որ օգնության ձեռք մեկնեց 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին։ Իտալացի շինարարների ջանքերով Սպիտակում կառուցվել են Իտալական ավանը, իտալական դպրոց, բժշկական կենտրոն և ատամնաբուժարան։ Քաղաքի առողջապահական կառույցներին զգալի օգնություն է ցուցաբերել Բերգամո-Սպիտակ ընկերակցությունը։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am