Իրանի Իսլամական Հանրապետություն(մինչև 1935թ.՝ Պարսկաստան), պետություն Հարավարևմտյան Ասիայում: Տարածքը՝ 1648 հզ. կմ²: Բնակչությունը՝ 69 մլն: Մայրաքաղաքը՝ Թեհրան: Հայերի թիվը՝ շուրջ 80 հզ.:
 Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

 
 Հայ-իրանական առնչություններն սկզբանվորվել են դեռևս մ.թ.ա. I հազարամյակում և ներառել ռազմաքաղաական, տնտեսական և մշակութային ոլորտներ: Իրանում հայերի ներկայության մասին առաջին հավաստի վկայությունները վերաբերում են այստեղ զինվորական ծառայություն անցած հայկական զորամասերին և թվագրվում մ.թ.ա. VII-VI դդ.: Անուղղակի վկայություններ կան նաև հայ արհեստավորների և առևտրականների փոքր գաղութների առկայության մասին:
Ժամանակակից Իրանի հյուսիս-արևմտյան հատվածը կազմում են պատմական Հայաստանի Պարսկահայք աշխարհը: Այդ տարածքներն ընդհուպ մինչև 428-ն ընդգրված էին հայոց պետականության ոլորտում: Լինելով հայ ժողովրդի բնօրրանի բաղկացուցիչ մասը՝ դրանք վաղնջագույն ժամանակներից եղել են նաև հայ-իրանական պետական-մշակութային փոխազդեցությունների և փոխառնչությունների կարևորագույն գոտի:
Հետագա ժամանակաշրջանում Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթի հետևանքով: Բռնի վերաբնակեցման առաջին փորձը կատարվել է Սասանյան հարսստության հիմնադիր Արտաշիրի օրոք: Հայ-պարսկական հարաբերություններն ավելի են սրվել հատկապես IV-դարից, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն: Սասանյան արքաները փորձել են ոչ միայն տապալել հայ Արշակունիներին, այլև Հայաստանում հաստատել զրադաշտականություն: Այս քաղաքականությունը առանձնակի եռանդով է իրականացրել Շապուհ II-ը/309-379/, որի օրոք էլ իրականացվել է հայերի մեծագույն բռնագաղթերից մեկը: Պարսկա-բյուզանդական տիրապետության շրջանում պարսիկներն ու բյուզանդացիները պարբերաբար ասպատակել են Հայաստանը, ինչի հետևանքով մեծ թվով հայեր են բռնագաղթեցվել այլ երկրներ:
Իրանում հայկական նոր գաղութներ առաջացել են XI  դարից սկսած, ինչն արդյունք էր սելջուկյան թուրքերի, իսկ ավելի ուշ՝ նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթի և գերեվարության: 
XI-XII դդ. Իրանահայ գաղութնորը գերազանցապես կենտրոնացած են եղել հյուսիսում՝ Պարսկահայքում և Ատրպատականում:Այդ է վկայում Հեր-Զարևանդի և Սալմաստի եպիսկոպոսական թեմերի առկայությունը,  որոնց առաջնորդները մասնակցել են 1179-ի Հռոմկլայի եկեղեցական ժողովին: Մեծ թվով հայեր են ապրել նաև երկրի կենտրոնական շրջաններում:
Մոնղոլական տիրապետության շրջանում իրանահայ հաղութներն ավելի են ստվարացել և ամրապնդվել՝ ի հաշիվ  Հայաստանից տեղափոխվածների: Առանձնապես մեծ թվով գերիներ են բերվել Իրան 1236-37 և 1240-ին: Մոնղոլական տիրապետության շրջանում հայ բնակչությունն Իրան է տեղափոխվել նաև կամովին: Արտագաղթի պատճառը ոչ միայն հայրենիքում ստեղծված տնտեսական ու քաղաքական ծանր վիճակկն էր, այլև XII դ. առևտրական տարանցիկ ճանապարհների տեղափոխումը հարավից հյուսիս:   Աշխարհագրական մերձավորությունըհայրենիքին, հայերի մշտական ներհոսքը պայմաններ են ստեղծել տեի հայ բնկաչության ազգային նկարագրի պահպանման համար:Արտազի Ս. Թդեիի վանքը
 XII-XIV դդ. Իրանահայ գաղութները գոյատևել են համեմատաբար կայուն և բարվոք պայմաններում: XIV դ. վերջից՝ Լենկթեմուրի և նրա հաջորդների օրոք, ինչպես Հայաստանը, այնպես էլ  Իրանի հայ գաղթավայրերը ենթարկվել են ավերիչ ասպատակությունների: Հայաստանից, րաստանից և Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններից Խորասան քշված գերիների մեջ զգալի թիվ էին կազմել նաև հայերը, որոնք օտար միջավայրում աստիճանաբար ձուլվել են: XVI դ. սկզբից Հայաստանը և Իրանի հյուսիսարևմտյան հայահոծ շրջանները դարձել են իրանա-թուրքական պատերազմների թատերաբեմ. Հայ բնակչությունը կրկին բռնագաղթի է ենթարկվել: XVI դ. 2-րդ կեսին Թահմազ շահն ավերել ու ամայացրել է Վանի, Արճեշի, Արծկեի, Խլաթի, Մուշի, Բասենի, Խնուսի, Էրզրումի շրջանները, գերեվարել և Իրան քշել հազարավոր հայ ընտանիքներ: 
 Փերիայի հայուհիներ՝ ավանդական հագուստովՍակայն իր չափերով և հետևանքներով աննախադեպ էր հատկապես շահ Աբբասի I-ի  կազմակերպած զանգվածային բռնագաղթը XVII դ. սկզբին: 1604-05-ին Արևելյան Հայաստանից և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններից տեղահանվել և Իրան է տեղափոխվել ավելի քան 300 հզ. հայ: Շահ Աբբասը ձգտել է  նրանց օգնությամբ աշխուժացնել Իրանի առևտրական, տնտեսական, ռազմական կյանքը, և որ ամենակարևորն է, ջուղայեցիների կապերն ու հնարավորություններն օգտագործել Արևելք-Արևմուտք առևտրական շրջանառության մեջ Իրանի դերը բարձրացնելու համար:
 Տեղահանված բնակչության մեծ մասը ոչնչացել է ճանապարհներին՝ սովից ու ցրտից, ինչպես նաև՝ Արաքս անցնելիս: Իրան է հասել շուրջ 150-200 հզ, մարդ, որոնք հաստատվել են մայրաքաղաք Սպահանում/որտեղ հիմնել են Նոր Ջուղա ավանը/ և շրջական գավառներում:
 Մինչև XVII դ. սկիզբն Իրանի հայաբնակ վայրերը մասնատված ու ցրված էին և միասնական գաղթավայր չեն ներկայացրել: Իրանահայ համայնքն ինքնավար մարմիններով ուրույն ազգային հոգևոր կյանքով ձևավորվել է միայն Սեֆյան տիրապետության/1502-1722/ շրջանում՝ կարևոր դեր կատարելով երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում:
 Շահ Աբբաս I-ին հաջորդած շահ Սեֆին (1629—42) և շահ Աբբաս II-ը (1642-66) հայերի նկատմամբ վարել են համեմատաբար բարյացակամ քաղաքականություն, սակայն հաջորդների՝ Սուլեյմանի (1666-94) և Սուլթան Հուսեյնի (1694-1722) օրոք իրադրությունը կտրուկ փոխվել է։ Իրանահայերի նկատմամբ կիրառվել է սոցիալական, ազգային ու կրոնական ճնշման քաղաքականություն։ Այդ քաղաքականության, ինչպես նաև տնտեսական անկման, անձի և գույքի անապահովության պատճառով XVII դ. 70-80-ակւսն թթ-ից սկսվել է նորջուղայեցիների զանգվածային արտագաղթ դեպի եվրոպական և ասիական առևտրի խոշոր կենտրոններ։ Նրանք հաստատվել են Թուրքիայում (Կ. Պոլիս. Զմյուռնիա), Իտալիայում (Վենետիկ, Լիվոռնո), Ֆրանսիայում (Մարսել), Նիդեռլանդներում (Ամստերդամ), Լեհաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Բիրմայում (այժմ Մյանմա), Ինդոնեzիայում և այլուր` հիմնելով նոր հայկական զաղութներ կամ ստվարացնելով եղածները։
 Իրադրությունն ավելի է վատթարացել, երբ 1722-ին աֆղանները գրավել և կողոպտել են Սպահանն ու Նոր Ջուղան։ Պարսկահայ համայնքր խիստ տուժել է նաև Իրանի հյուսիսարևմտյան տարածքների 1724-35-ի օսմանյան ռազմակալման ժամանակ։ Դրան հաջորդած միջավատատիրական արյունահեղ պատերազմներր և տնտեսական լիակատար անկումը զգալիորեն ուժեղացրել են արտագաղթն Իրանից և հատկապես Նոր Ջուղայից։ Վերջինիս բնակիչները գաղթել են գերազանցապես Հնդկաստան և ճավա (Ինդոնեզիա), իսկ երբեմնի ծաղկուն քաղաքը կորցրել է իր նախկին նշանակությունը և հայտնվել անմխիթար վիճակում (բնակչության թիվը պակասել է հասնելով 3-4 հզ-ի)։ Արտագաղթը զգալի է եղել նաև մյուս շրջաններից, ինչի հետևանքով XVIII դ. ընթացքում իրանահայության թիվը կտրուկ նվազել է։
 XVIII դ. հայերի կողմից լքված բնակավայրերի թիվը հասել է տասնյակների։ Այսպես, XVIII դ. վերջին լիովին հայաթափվել են Սպահանին սահմանակից Լնջան և Ալինջան գավառակները, որտեղ XVIII դ. սկզբին կար 17 գյուղ։ 
 Այս գործընթացը շարունակվել է նաև XIX դ. սկզբին։ 1828-ին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, իսկ Իրանի տիրապետության սոսկ մնացած հայերն իրավունք են ստացել ներգաղթել Ռուսական կայսրություն։ Կարճ ժամանակում շուրջ 45 հզ. հայ հիմնականում Իրանի հյոաիսարևմտյան շրջաններից, տեղափոխվել է Երևանի և Նախիջևանի խանություններ, ինչի հետևանքով Ատրպատականի թեմի բնակչությունը խիստ նվազել է։ Արտագաղթը շարունակվել է մինչև XIX դ. կեսը, երբ իրանական իշխանաթյունները կրկին սկսել են հովանավորել հայերին։ XIX դ. կեսին իրանահայության թիվը 30-35 հզ. էր։ Մինչև XX դ. սկիզբը նրանց թիվը հասել է 70-80 հզ-ի (75-80 %-ը գյուղական բնակչություն էր, 20-25%-ը՝ քաղաքաբնակ)։ 
 Մոնղոլական տիրապետության շրջանից սկսած հայ վաճառականները նշանակալի դեր են խաղացել Իրանի տարածքով իրականացվող տարանցիկ առևտրում։ Նրանց ոսկեդարն սկսվել է XVII դ. սկզբին. երբ անգլիական Արևելահնդկական առևտրական հզոր ընկերության հետ համառ մրցակցության պայմաններում նորջուղայեցի հայ վաճառականներին հաջողվել է շահից ստանալ իրանական հում մետաքսի արտահանման մենաշնորհ։ Կարճ ժամանակում գործարար կապեր հաստատելով Արևելքի և Արևմուտքի հետ նրանք տնօրինել են նաև Իրանի տարածքով կատարվող տարանցիկ առևտուրը։ Միջազգային առևտրում ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Լազարյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաչղարյան և այլ մեծահարուստ առևտրական տներ։ XVII դ. կեսին նորջուղայեցի վաճառականները եվրոպական առևտրական կապիտալի ներթափանցմանը դիմագրավելու նպատակով միավորվել են ընկերությունների մեջ, որոնցից առանձնապես նշանավոր էր Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը։
 Նորջուղայեցի հայ վաճառականների գործունեությունը շոշափել է նաև քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների պորտը։ Նրանցից շատերը հանդես են եկել որպես իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ Եվրոպական Երկրներում, ծանրակշիռ ավանդ ներդրել հայ և պարսիկ ժոդովուրդներին եվրոպական մշակույթի հետ ծանոթացնելու գործում։
Զգալի թիվ են կազմել նաև մանր ու միջին առևտրականները, որոնք զբաղվել են գերազանցապես ներքին մանրածախ առևտրով։ XIX դ. կեսից Իրանում նկատվող տնտեսական աշխուժացմանը զուգընթաց իրանահայ վաճառականները վերահսկել են Իրանից բամբակի, չոր մրգի, բրդի, ձկնեղենի ևն արտահանումը։ Գործարար կապեր հաստատելով Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի առևտրաարդյունաբերական շրջանների հետ նրանք Իրան են ներմուծել արդյունաբերական բազմապիսի ապրանքներ՝ հաջողությամբ մրցելով իրանական և արևմտաեվրոպական վաճառականների հետ։ Ազդեցիկ են եղել Թումանյանների, Նազարբեկյանցների, Արզումանյանցների, Շահգելդյանցների առևտրական տները, որոնք աչքի են ընկել նաև վարկադրամային հարաբերությունների և արդյունաբերական շինարարության բնագավառում։
 XX դ. կապիտալիստական հարաբերությունների գարգացմանը զուգրնթաց Իրանում ձևավորվել է հայ ձեռնարկատերերի մի խավ, որը նշանակալի ներդրումներ է կատարել սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերում, ինչպես նաև տնօրինել սպասարկման ոլորտի բազմաթիվ ձեռնարկություններ (պարենային ու հրուշակեղենի խանութներ, ճաշարաններ, սրճարաններ ևն):
Իրանահայության շրջանում ավանդաբար զարգացած է եղել նաև արհեստագործությունը։ Հայ արհեստավորների արտադրանքր լայն պահանջարկ է վայելել Իրանում և նրա սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ հռչակ են վայելել հայ ոսկերիչները (նրանց ձեռքում է եղել նաև պարսից արքունական ոսկերչությունը), մուշտակագործները, մետաքսագործները, գորզագործները։ 
 Հայ մետաքսագործ և շերամապահ վարպետներն այնքան մեծ համարում են ունեցել, որ ռուսական արքունիքի խնդրանքով հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին 20 հայ ընտանիք է տարել Ռուսաստան այդ ճյուղերը զարգացնելու նպատակով։
 Իրանահայության շրջանում լայնորեն տարածված էին նաև դերձակությունը, հյուսնաթյունը, դարբնությունը, կոշկակարությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, մեծ թիվ են կազմել որմնադիրները, քարհատները։
 1950-ական թթ-ից նկատելիորեն աճել է հայ մտավորականության (բժիշկ, իրավաբան, ուսուցիչ, ճարտարագետ) և արվեստի հայ գործիչների (նկարիչ, դերասան, ռեժիսոր ևն) տեսակարար կշիռը, որոնց զգալի մասը բարձրագույն կրթություն էր ստացել Եվրոպայում ու ԱՄՆ-ում։
 Իրանահայերն անժխտելի դեր են խաղացել նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
 XX դ. սկզբին ընդունված սահմանադրության համաձայն հայերն իրավունք ունեն ներկայացուցիչներ ունենալ իրանական խորհրդարանում (մեջլիս)։
 XIX դ. վերջից Իրանում իրենց գործունեությունն են ծավալել հայ քաղաքական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ ՀՀԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալել երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք հայ հայդուկային շարժման կարևոր հենակետեր էին։ Այստեղ են նախապատրաստվել և իրականացվել հարձակումներից շատերը, այստեղով են Արևմտյան Հայաստան տեղափոխվել հեղափոխական խմբեր, գրականություն և գենք։ 1905-ին Կովկասից եկած հայ սոցիալ-դեմոկըատների ջանքերով Թավրիզում ստեղծվել է Սոցիալ- դեմոկրատական կազմակերպություն։ 
2003 թ. տվյալներով Իրանում բնակվում է շուրջ 80 հզ. հայ։ Համայնքը խիստ շերտավորված է։ Կան մեծ թվով արհեստավորներ, արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող բանվորներ, գգալի թվով գյուղացիներ, մտավորականներ (բժիշկ, ճարտարագետ, ճարտարապետ, ուսուցիչ), պետական հիմնարկների ծառայողներ ևն։
 Գործում են ՀԲԸՄ-ի, Համազգային մշակութային միության, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը. Հայ կին միությունը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Նոր Ջուղայի մշակութային միությունը, Թեհրանի հայ կանանց բարեգործական միությունը, «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները ևն։ Թեհրանի ազատ համալսարանի և Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետներին կից գործում են հայագիտական ամբիոններ։ Իրանը սփյուռքի հրատարակչական կենտրոններից է. այստեղ տպագրվում են հայ հեղինակների աշխատություններ, պարբերականներ, օրացույցներ ևն։
 
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am