Դպրոցը
(Հնդկաստանի հայ համայնք)
Հնդկաստանի գրեթե բոլոր հայ համայնքներում (Ագրա, Կալկաթա, Բոմբեյ, Մադրաս ևն) գործել են հայկական դպրոցներ։ Առավել նշանավորն ու երկարակյացը, որ գործում է ցայսօր, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն է։
Հայոց մարդասիրական ճեմարան. հիմնադրվել է 1821-ին, Կալկաթայում ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով, որն իրականացրել է Մնացական Վարդանյանը։ 1825-ին ճեմարանին է միացվել 1798-ին Կալկաթայում Հարություն Գալուցյանի հիմնած դպրոցը, իսկ ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը։ ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842-ին։ 1949-ին ճեմարանի կազմի մեջ է մտել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց դպրոցը (հիմնվել էր 1922-ին իրանահայ Դ. Դավիթյանի բարերարությամբ)։ ճեմարանը սկզբում տեղավորված էր հին Չինա բազար փողոցի վրա (Կալկաթայի հայկական եկեղեցու մերձակայքում)։ 1971-ին նախագծվել ու հիմնադրվել է ճեմարանի վեցհարկանի շենքը։ ճեմարանում սովորում են 7-18 տարեկան աշակերտներ։ Անապահով երեխաների համար ուսումն անվճար է։ Ունի գիշերօթիկ բաժին։ Դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն, կրոն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն, բենգալերեն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Հայագիտական առարկաները դասավանդվում են մայրենի լեզվով, մյուս առարկաները անգլերեն։ Տեղացի աշակերտները սովորում են բենգալերեն, իսկ Իրանից եկածները պարսկերեն։ Մինչև 1870-ը ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն ծրագրերը, հետագայում դրանք համապատասխանեցվել են Կալկաթայի համալսարանի ընդունելության քննությունների պահանջներին։ 1883-ին ճեմարանը պաշտոնապես ճանաչվել է որպես երկրորդական (միջնակարգ) դպրոց։ 1888-ին դասվել է Կալկաթայի համալսարանի քոլեջների կարգը։ Առժամանակ դիմորդներ է պատրաստել Քեմբրիջի համալսարանի համար։ 1888-91-ին ճեմարանին կից գործել են բարձրագույն դասընթացներ Կալկաթայի համալսարանի արվեստի ճյուղի համար դիմորդներ պատրաստելու նպատակով։
ճեմարանն ունի ընդարձակ հողատարածություններ, գիտական աշխատանոց, բուժարան, մարզական խմբակներ, լողավազան, երգչախումբ, նվագախումբ, տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին կացարաններ։ Հովհաննես Ավղալի ջանքերով 1828-ին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը, 1824-ին տպարան, որը գործել է մոտ 50 տարի։ ճեմարանում ղասավանդել են Հ. Աղանուրյանը, Հ. Գալուցյանը, Մ. Թաղիաղյանը, Հ. Ավդալյանը. Մ. Դավթյանը, Դ. Բեգլարյանը, Թ. Տեր-Ստեփանոսյանը, Վ. Գալուստյանը, Ա. Ալահվերդյանը, Վ. Վարդանյանը, Ս. Մխիկյանը։ ճեմարանի սաներից են Մ. էմինը, Մ. Սեթյանը, Թ. Ավետումյանը, Կ. Մինասյանը, Ս. Ադանուրյանը, Պ. Չաթերը և այլք։ ճեմարանի շրջանավարտները հիմնել են նախկին սաների միությունը։ ճեմարանը 1847-ին ունեցել է 79, 1870– ին՝ 30, 1917-ին՝ 109, 1968-ին՝ 81, 1989-ին՝ 60 աշակերտ։ 1992-94-ին ճեմարան ուսանելու են եկել մի խումբ աշակերտներ Հայաստանից։ 1999-ի Փետրվարի 15-ին Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը։ 1999-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանավորությամբ ճեմարանում ուսումը շարունակել են հայաստանցի 30 մանուկներ։
Ս. Սանդխտյան աղջկանց դպրոց. կրթական հաստատություն Կալկաթայում։ Բացվել է 1847-ին Մեսրոպ Թաղիադյանի ջանքերով։ Գլխավոր ուսուցչուհին Շուշան Թաղիադյանն էր։ Դասավանդվում էին լեզուներ, նկարչություն, երաժշտություն, տնարարություն, կար ու ձև։ Կալկաթայից Չինսուրահ տեղափոխված դպրոցը 1855-ին (Շ. Թաղիադյանի մահից հետո) փակվել է։
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am