ՎՐԱՍՏԱՆ

Պետություն Այսրկովկասում։ Տարածքը՝ 69,7 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 4,355 մլն (2002)։ Մայրաքաղաքը՝ Թբիլիսի (1,251 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 350 հզ.։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հաստատվել են 1992-ին։
ժամանակակից Վրաստանի տարածքում, հատկապես արևելյան մասում (պատմական Վիրք կամ Իբերիա), հայերը բնակվել են վաղնջագույն ժամանակներից։ Հարավը մտել է պատմական Գուգարքի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները (Ջավախք, Կանգարք, Թռեղք, Բողնոփոր,Մանզլյաց փոր՝ Քվիշափոր, Ծոբոփոր) կազմում են հայ ժողովրդի բնօրրանի անկապտելի հատվածները։ Հնագույն ժամանակներից հայկական հոծ բնակչություն է եղել նաև Վրաստանի հարավարևմտյան շրջաններում (Մեսխեթ կամ Սամցխե, Եգր ևն)։ Վրաստանում հայերի թիվն ավելացել է V դ. առաջին կեսին, երբ Մեծ Հայքից անջատվել ու վրաց մարզպանությանն են միացվել հայաբնակ Գուգարքի զավառները։ Վարդանանց պատերազմից հետո Աշուշա բդեշխի ջանքերով Գուգարաց բդեշխության կենտրոն Ցուրտավում են ապաստանել Մամիկոնյան զերդաստանի փրկված անդամները։ Հայկական համայնքի ստվարաթիվ լինելու հետևանքով տեղի ժամասացությունը, դպրոցները երկլեզվյան էին։ Համակեցությանը և դավանական-մշակութային սերտաճմանը նշանակալիորեն նպաստել է Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը Վիրք։ Նրա հետնորդներից վրաց իրականության մեջ հայտնի է այբբենաստեղծ ու թարգման Ջաղան։ Մցխեթի, Ջվարիի (Ս. Խաչ) և Աթենիի Սիոնի (ճարտարապետ Թոդոսակ) արձանագրությունները վկայում են, որ VII դ. վրաց միջավայրում հայերն անվանի շինարարների համբավ են ունեցել: Քարթլիում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Վրաց եկեղեցին կապվել է նույնադավան հայ եկեղեցու հետ, վրացի եպիսկոպոսապետները ձեռնադրվել են հայոց կաթողիկոսների կողմից։ VII դ. սկզբին եկեղեցական բաժանումը չի խաթարել համակեցության ու գործակցության բնականոն ընթացքը։

IX դ. Տփղիսի հայերի թիվը ստվարացել է Սասունից այստեղ ապաստանած գաղթականներով։ Արաբ պատմիչ Տաբարիի վկայությամբ՝ 853-ին խալիֆայության զորքերի դեմ քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայկական ջոկատները։ X դ. սկզբին Կուր գետի հովտի և Կովկասյան (Կապ-կոհ) լեռնաշղթայի միջև ընկած հայաբնակ Կամբեճանում ստեղծվել է Կամբեճան-Հերեթի թագավորությունը։ Գուգարքի արևելյան մասում Կյուրիկյան թագավորության հանդես գալը (978, մայրաքաղաքը՝ Սամշվիլդե) նպաստել է Քարթլիի և Կախեթի հայերի քաղաքական ու մշակութային կյանքի վերելքին։ Այս ժամանակաշրջանից սկսած «Սոմխիթի» տեղանունը նախնական «Հայք», «Հայաստան» նշանակությանը զուգահեռ ձեռք է բերել նաև նոր իմաստ՝ Արևելյան Գուգարք:

XI դ. հայոց պետականության անկումից հետո Վրաստան տեղափոխված հայերն ակտիվորեն ներգրավվել են երկրի քաղաքական, ռազմական և տնտեսական կյանքի մեջ, իրենց մեծ ավանդը ներդրել Վրաստանի միավորման գործընթացում, որը սկսվել էր XI դ. և ավարտվել Դավիթ Շինարարի (1089-1125) օրոք։ Հարևան մահմեդական պետական կազմավորումների դեմ պայքարի ընթացքում Վրաստանի բանակին մեծապես աջակցել են նրա կազմում ընդգրկված մեծաթիվ հայկական գորագնդերը։ Վրաց թագավորը կազմակերպել է նաև հայերի, հատկապես արհեստավորների ու առևտրականների վերաբնակեցում Վրաստանի կենտրոնական գավառներ,  մասնավորապես արքունապատկան քաղաքներ Թիֆլիս, Գորի։ Հայ ազնվականությունն իր բարձր դիրքը պահպանել է նաև Դավիթ Շինարարի հաջորդների, հատկապես Թամար թագուհու (1184-1213) օրոք։ Վրաց պետության շրջանակներում հզորացել են Զաքարյանները իրենց Վահրամյան ու Թմուկյան ճյուղերով, Մահկանաբերդցի Արծրունիները, Ումեկյանները, Բեկթաբեկյանները։ Վրաստանում հաստատված հայերը իբրև լիիրավ քաղաքացիներ, մասնակցել են երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին, որոշակի էր նրանց դերը Վրաստանի ներքին ու արտաքին հարաբերություններում (Շնորհավոր Շատին, Ամիր Քուրդ, Սադուն Սահկանաբերղցի, Ենոք Արքան, Ենիկոլոփյաններ և ուրիշներ)։ Վիրահայոց հոգևոր կենտրոնները սերտ կապեր են ունեցել հայրենիքի հետ։ Հաղպատում, Սանահինում, Գլաձորում ուսանել են վիրահայոց բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայերի գաղթը Վրաստան շարունակվել է XIV–XVIII դդ., իսկ XVIII դ. 30-ական թթ. սկսած դարձել ավելի զանգվածային: Միայն Գանձակից Թիֆլիս է վերաբնակվել 3 հզ. հայ շինական։ Մեկ-երկու տասնամյակ անց Մուխրանում և շրջակայքի գյուղերում է հաստատվել ասպատակիչների հալածանքներից տեղահան եղած Լոռիի հայ բնակչությունը, այդ թվում Արղությանների (Երկայնաբազուկների) տոհմը։ XVIII դ. 90-ական թթ. Արցախի Գյուլիստան, Խաշեն գավառներից շատ հայեր հաստատվել են Բոլնիս, Շուլավեր, Մեծ Գաղեթ և այլ բնակավայրերում։ Հայերի վերաբնակեցումը նպաստել է հարձակումների, բռնագաղթերի, միջավատատիրական երկպառակությունների ու համաճարակների հետևանքով գրեթե դատարկված Քարթլիի ու Կախեթի տասնյակ գյուղերի ու քաղաքների շենացմանը։ Այս շրջանում են կառուցվել Թիֆլիսի և այլ բնակավայրերի հայկական շատ պաշտամունքային կենտրոններ։ Վրաց գրականության ու արվեստի բնագավառներում հաճախակի երևան են եկել հայկական ծագում ունեցող գործիչներ Սուլխան և Բեկթաբեկ Շանշյաններ, Փարսադան Գորգիջանիձե, Ստեփան Փեշանգիշվիլի, Թումանաշվիլի և ուրիշներ։ Վրաց պետական բազմաթիվ ակնառու գործիչներ են տվել Բեհբության, Թումանյան, Ենիկոլոփյան, Ղորդանյան, Բեկթաբեկյան, Դինիբեկյան, Խատիսյան, Խիթարյան և այլ գերդաստաններ։ Հայերը կարևոր դեր են ունեցել հատկապես Վրաստանի քաղաքային կյանքում։ Ընդհուպ մինչև XIX դ. կեսը նրանք կազմել են քաղաքային շատ բնակավայրերի բնակչության գերակշիռ մասը։ 1821-ին Վրաստանի գլխավոր քաղաքներում բնակչության ազգային կազմն այսպիսին էր.

                

                                                                        

1829-30-ին Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն Ջավախքում, Սամցխեում, Թոեղքում և այլուր հաստատվել են Էրզրումի նահանգից տեղափոխված շուրջ 58 հզ. հայեր ստվարացնելով տեղի համայնքները, ինչպես նաև վերաշինել ու վերահայացրել են տասնյակ բնակավայրեր, այդ թվում Ախալցխա և Ախալքալաք քաղաքները։ Հայերի գաղթը Վրաստան շարունակվել է XIX դ. 90-ական թթ. և հատկապես 1915-20-ին հայկական զանգվածային կոտորածների շրջանում։

XIX դ. վերջին Թիֆլիսի հայ աշխատավորների և մտավորականների շրջանում տարածվել են հեղափոխական գաղափարներ։ 1890-ին այստեղ է հիմնադրվել ՀՀԴ կուսակցությունը 1892-ին հիմնվել է Հայ բանվոր հեղափոխականների ընկերակցությունը, 1898-ին՝ Հայ բանվորների մարքսիստական խմբակը՝ Թբիլիսիի բանվորների միությունը, 1902-ին՝ Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը, 1918-ին՝ Հայ ժողովրրդական կուսակցությունը:

Թբիլիսին դարձել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ եղեռնից փրկվածների, տասնյակ հազարավոր որբերի օգնել, նրանց դրությունը թեթևացրել են Թբիլիսիում ստեղծված խնամատար մարմինները։ 1912-17-ին գործել է Հայոց Ազգային բյուրոն, 1917-18–ին Հայոց Ազգային խորհուրդը, Հայաստանի Ապահովության խորհուրդը, որոնք կազմակերպել են կամավորական ջոկատների կազմավորումն ու ռուսական բանակի կազմում նրանց մասնակցությունը Թուրքիայի դեմ պատերազմին, ղեկավարել հայոց հասարակական-քաղաքական կյանքը։

1917-ի մարդահամարի տվյալներով Վրաստանում կար 279975 հայ։ Խորհրդային իշխանության տարիներին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է, թեև մեծ էր նաև վիրահայության արտահոսքը հատկապես Հայաստան և Ռուսաստան։ ԽՍՀՄ 1989-ի մարդահամարի տվյալներով Վրաստանում հայերի թիվը 437 հզ. էր, իսկ 1994-ին 430 հզ. (մեծ թվով հայեր հանգամանքների բերումով կրում են վրացական ազգանուն, մի մասն էլ ձուլվել է)։ 2003թ.-ի տվյալներով Վրաստանում, ըստ մարդահամարի տվյալների, բնակվում է 249 հզ. (առանց Աբխազիայի), իսկ ոչ պաշտոնական տվյալներով շուրջ 350 հզ. հայ։ Կենտրոնացած են Թբիլիսիում, Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Նինոծմինդայի (նախկին Բոզդանովկա), քհսլկայի, ինչպես նաև Վրաստանի հարավարևելյան շրջաններում, Աջարիայում, Աբխազիայում։ Գործում են 154 հայկական դպրոցներ, եկեղեցիներ, մի շարք գրական, մշակութալուսավորչական, հասարակական-քաղաքական կազմակերպություններ։

Վրաստանում տարբեր տարիների լույս են տեսել 263 անուն հայերեն պարբերականներ։ 1993–99-ին Թբիլիսիում, ապա Մոսկվայում լույս է տեսել «Հայոս-Քարթլոս» (ռուսերեն) հայ-վրացական զրական–գեղարվեստական եռամսյա հանդեսը։ Ներկայումս լույս են տեսնում հայերեն «Վրաստան» շաբաթաթերթը, «Փարոս», «Արշալույս», «Ակունք» թերթերը, «Կամուրջ» և «Վերնատան» տարեգրքերը։

 Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am