Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Մամուլ (Հնդկաստանի հայ համայնք)

                                                     Մամուլ

                                  (Հնդկաստանի հայ համայնք)



 Հնդկահայ համայնքում առաջին պարբերականի լույս ընծայվելուց (1794) հետո հրատարակվել է շուրջ 20 անուն պարբերական՝ «Շտեմարան», «Ագգասեր», «Ազգասեր Արարատյան» (բոլորն էլ Կալկաթայում), «Բանասեր» (Մադրաս) ևն։ Անգլերեն լույս են տեսել «Արա» (Կալկաթա, 1892-95), «Արմենիա» (Կալկաթա, 1908-09) հանդեսները։ Հնդկաստանում հրատարակված վերջին պարբերականը «Նոր ազդարարն» է։

 «Ազդարար» ամսագիր, հայերեն առաջին պարբերականը։ Լույս է տեսել 1794-96-ին, Մադրասում (18 համար)։ Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով, տպագրել է Հ. Շմավոնյանը։ «Ազդարարը» տարածվել է Մադրասում, Կ. Պոլսում, Նոր Նախիջևանում, էջմիածնում։ Նպատակն էր ներկայացնել ընթացիկ ամսվա կարևոր իրադարձությունները, տարբեր լրագրերում տպված տեղեկությունները: Ամսագիրը պատմել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերի (մասնավորապես Աղա Մահմեդ խանի արշավանքների) մասին, արտացոլել է հնդկահայ կյանքը, զաղաթահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ Ամսագրում տպագրվել են կրոնաբարոյախոսական հոդվածներ, գրական ու պատմագիտական նյութեր (Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» երկը ևն)։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմիր տառերով։ 1970– ին, ի նշանավորումն «Ազդարարի» լույսընծայման 175-ամյակ: Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ազդարարը»։ 1994-ին նշվել է «Ազդարարի» տպագրության 200-ամյակը։

 «Ազգասեր» շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1845-48-ին, Կալկաթայում։ Հրատարակել է տեղի մշակութային Արարատյան ընկերությունը։ Խմբագիր՝ Մ. Թաղիադյան։ Հայությանը կոչ է արել համախմբվել մայր հայրենիքում, զարգացնել նրա տնտեսությունն ու մշակույթը, պահպանել հայոց լեզուն իբրև ազգի գոյատևման և առաջադիմության գործոն։ Լուսաբանել է Նոր Ջուղայի, Զմյուռնիայի, Մադրասի, Բոմբեյի հասարակական-մշակութային կյանքը, արծարծել ուսումնադաստիարակչական, կրոնական հարցեր։ Քննադատել է անգլիական գաղութատիրական քաղաքականությունը, նշել Ռուսաստանի պատմական առաջադիմական դերը հայ ժողովրդի ճակատագրում։ Տպագրել է գրական երկեր, թարգմանություններ, արտատպություններ։ Կարճատև ընդհատումից հետո «Ազգասերը» հրատարակվել է «Ազգասեր Արարատյան» նոր անունով։

 «Ազգասեր Արարատյան» տասնօրյա, ապա կիսամսյա պարբերական, «Ազգասերի» շարունակությունը։ Լույս է տեսել 1848-52-ին, Կալկաթայում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Մ. Թաղիադյան։ Պարբերականում հրատարակված նյութերից ուշագրավ են Հայաստանի ապագայի մասին մտորումներր, հայության համախմբման խնդիրներին նվիրված հրապարակախոսական հոդվածները, գաղութահայ կյանքի ընթացիկ լուրերը ևն։

 «Ազդարար» երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1846-47-ին, Մադրասում։ Խմբագիրներ՝ Ստեփանոս Հովհաննիսյան, Փիլիպոս Սիլիտոսյան։ Բազմացվել է վիմագրական եղանակով (ընդամենը 17 համար)։ Տպագրել է քաղաքական, գրական նյութեր, տեղեկություններ հնդկահայ կյանքից։

 «Արևելյան հնդկաց լրագիր» քաղաքական, բանասիրական և առևտրական վիմատիպ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1863-65-ին, Կալկաթայում։ Խմբագիր՝ Հովսեփ Սեթյան։ Անդրադարձելէ հնդկահայ գաղութի հասարակական կյանքին, ագգային լեզվի ու կրոնի պահպանությանը, հնդկահայ համայնքների քայքայման պատճառներին։

 «Նոր ազդարար» գրական-հրապարակախոսական եռամսյա պարբերաթերթ։ Լույս է տեսել 1950-80-ին, Կալկաթայում։ Խմբագիր՝ Զեբեդիա Հանանյան։ Օժանդակել է գաղութի ազգապահպանության գործին և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, ձգտել է սեր արթնացնել հայրենիքի, մայրենի լեգվի ու մշակույթի նկատմամբ։ Ծավալուն տեղ է հատկացրել պարսկահայ և հնդկահայ գաղութների պատմությանը, բանասիրական նյութերին։ Գրական բաժնում տպագրվել են հիմնականում տեղի բանաստեղծների, հայաստանցի հեղինակների ստեղծագործություններ։ Ունեցել է նաև աշակերտական և մանկական բաժին, ուր տեղ են գտել հեքիաթներ, զրույցներ, հանելուկներ։

Գրականության ցանկ՝
«Հայ սփյուռք» հանագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am