Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Տարածքը՝ 357 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 82,1 մլն (1999)։ Մայրաքաղաքը՝ Բեռլին (4 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 30 հզ.։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։
ժամանակակից Գերմանիայի տարածքում հայերը սկսել են բնակություն հաստատել XIV-XVդդ.։ Սակայն գերմանական աղբյուրների վկայությամբ առաջին հայը Գերմանիայում հաստատվել է շատ ավելի վաղ՝ XI դ. վերջին։ Խոսքը հայ արքեպիսկոպոս Գրիգորիսի մասին է, որը 1071-ին հաստատվել է Փասաու (Բավարիա) քաղաքի մոտ գտնվող Նիդեռնբուրգ վանքում, որտեղ և մահացել է 1093-ին։ Ուշ միջնադարում մի շարք գերմանական իշխանություններում (Բավարիա, Սաքսոնիա, Պֆալց ևն) հայ վաճառականներն ունեցել են առևտրական տներ։
Հայ-գերմանական առնչությունները զարգացում են ապրել XII-XIII դդ.։ Գերմանիան եվրոպական աոաջին պետություններից էր, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ։ Երրորդ խաչակրաց արշավանքի (1189-92) ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Ա Շիկամորուսը բանակցել է Կիլիկյան հայկական պետության ղեկավար Լևոն Բ իշխանի հետ, որը համաձայնել է օգնել խաչակիրներին։ Գերմանիայի կայսրը խոստացել է ճանաչել Լևոնին Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել։ Այդ խոստումը կատարել է հաջորդ արշավանքի ղեկավարներից մեկը՝ Գերմանիայի Հայնրիխ Զ կայսրը, իսկ Լևոնի թագադրման արարողությանը (1198), ի թիվս այլ հյուրերի, մասնակցել է Գերմանիայի պատվիրակությունը Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախի գլխավորությամբ։
1921-ի մարտի 15-ին ժողովրդական վրիժաոու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում ահաբեկեց հայերի ցեղասպանության կազմակերպիչներից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին և հանձնվեց ոստիկանությանը։ Հունիսին Բեռլինում կայացավ Ս. Թեհլերյանի դատավարությունը, դատարանը արդարացրեց հայ հայրենասերին։ 1922-ի ապրիլի 17-ին ժոդովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում ոչնչացրին երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Բեհաէդդին Շաքիրին, և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին։
1920-ի օգոստոսին Գերմանիայի կառավարությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (1918-20)։
Գերմանիայում հայերի թիվը սկսել է աճել XIX դ. վերջից՝ ի հաշիվ երկրի համալսարաններում Այսրկովկասից սովորելու եկած հայ երիտասարդների։ Ձևավորվել են հայ ուսանողական հայրենակցական միություններ Մյունխենում, Վայմարում, Ենայում, Բեռլինում։ Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել երգահան Կոմիտասը, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լևոն Շանթը և Ավետիք Իսահակյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Տեխնիկական կրթություն ստացած հայերից ոմանք որոշ ժամանակ աշխատել են երկրի արդյունաբերական կենտրոններում։ 1884-98–ին Ախենի պոլիտեխնիկումի հանքաբանության ամբիոնի վարիչն էր նշանավոր երկրաբան Անդրեաս Արծրունին։ Հետագա տարիներին հայերի թիվը Գերմանիայում չի աճել, քանի որ նրանք վստահություն չեն տածել Թուրքիայի դաշնակից Գերմանիայի նկատմամբ։ Երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում հայերի թիվը երկրում նվազել է՝ հասնելով 1500-ի։
Գերմանահայությունը սկսել է համալրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) անմիջապես հետո, երբ Արևմտյան Գերմանիայում սկսվել է տնտեսության բուռն վերականգնումը։ Գերմանիա են ներգաղթել զգալի թվով հայեր Թուրքիայից, հատկապես Կ. Պոլսից, իսկ հետագա տարիներին՝ Լիբանանից, Իրանից, Հունաստանից։ Ձևավորվել են հայ համայնքներ Համբուրգում, Մյունխենում, Քյոլնում, Արևմտյան Բեռլինում (մինչև Գերմանիայի վերամիավորումը), Շտուտգարտում, Մայնցում և այլ քաղաքներում։ Ստեղծվել են համայնքների ազգային կյանքը կազմակերպող մի շարք միություններ։
1990-ական թթ. առաջին կեսին Գերմանիա են ներգաղթել բազմաթիվ հայեր Հայաստանից (8-10 հզ.), նաև՝ Աբխազիայից, Վրաստանից, Ադրբեջանից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից (շուրջ 3 հզ.)։ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի տվյալներով, ներկայումս (2003) Գերմանիայում բնակվում է շուրջ 30 հզ. հայ։ Հիմնականում զբաղված են արդյունաբերության, շինարարության, գիտության, առողջապահության բնագավառներում։
Գերմանահայ համայնքը զգալի օգնություն է ցուցաբերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին։ Համայնքի անմիջական մասնակցությամբ Գյումրիում կառուցվել է պոլիկլինիկա, Երևանում՝ պրոթեզավորման կենտրոն։ Աղետի գոտի են ուղարկվել հագուստեղեն, սննդամթերք, դեղորայք, բժշկական սարքավորումներ։ 1989-ին ստեղծվել է Հայ օգնության կենտրոնը Գերմանիայի մի շարք հայ համայնքների ցուցաբերած օգնությունը համակարգելու նպատակով։ Մարդասիրական զգալի օժանդակություն է ցույց տրվում նաև Արցախին։
Բեռլինում հայերը հաստատվել են XIX դ. վերջին-XX դ. սկզբին։
Նրանք գլխավորապես Բեռլինի համալսարանի և բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողներն էին։ Ունեցել են իրենց հայրենակցական միությունը։ Նույն ժամանակ Բեռլինում գործել են հայ քաղաքական կուսակցությունների (ՀՀԴ, Հայ սոցիալ-դեմոկրատներ) խմբակներ։ Հիմնվել են մի շարք հասարակական և մշակութային կազմակերպություններ ու ընկերություններ, 1914-ի հունիսին կազմավորվել է Գերմանա-հայկական ընկերությունը, 1923-ին պաշտոնապես գրանցվել է Բեռլինի հայ համայնքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում գտնվող խորհրդային բանակի հայ գերիներին օգնելու նպատակով Բեռլինում ստեղծվել է Հայ ազգային խորհուրդ։
Արևմտյան Բեռլինի հայ համայնքը, որը մինչև Գերմանիայի վերամիավորումը (1991) առավել կազմակերպվածն էր, ստեղծել է իր ընտրովի վարչությունը, բացել ակումբ՝ Հայ տուն, մշտապես նպաստել երկրում բնակվող հայերի ազգային ինքնագիտակցության աճին։ Պարբերաբար գումարվել են հայ երիտասարդության հավաքներ հայոց լեզվին և պատմությանը նվիրված դասընթացներով և դասախոսություններով։ Համայնքը նշել է Մեծ եղեռնի տարելիցները, գերմաներեն հրատարակել և տարածել գրականություն Հայ դատի և հայերի ցեղասպանության մասին, Եվրախորհրդարանին ներկայացրել (1987) անհրաժեշտ վավերագրեր Հայ դատի վերաբերյալ։ 1985-ին հիմնվել է Հայկական տեղեկատվության և Փաստագրության կենտրոնը, 1979-ից գործում է Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակը։ 1920-ից Բեռլինի համալսարանի հնդեվրոպական լեզուների ֆակուլտետի կազմում գործում է հայկական բաժինը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց։ Համայնքը մեծապես նպաստել է 1986-ինԱրևմտյան Բեռլինում հայ մշակույթի օրերի անցկացմանը։ Ներկայումս (2003) Բեռլինում բնակվում է շուրջ 1000 հայ։
Մայնցի հայ համայնքը կազմված մի քանի տասնյակ ընտանիքներից, ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կապ է պահպանում Հայաստանի հետ, օգնում Մայնցի համալսարանում սովորող հայ ուսանողներին (այդ թվում՝ Հայաստանից եկած)։ Համայնքը երկար տարիներ ղեկավարել է ճարտարապետ դոկտոր Արա Բերկյանը (1934-94), որը հայտնի է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված իր ուսումնասիրություններով։ 1988-ին նա էննո Մեյերի հետ հրատարակել է «Հռենոսի ու Արաքսի միջև» գիրքը, որտեղ լուսաբանված են գերմանա-հայկական հարաբերությունները XI-XX դդ.։
Մյունխենում հայերը սկսել են հաստատվել ուշ միջնադարում, ունեցել են առևտրական տներ։ Ավելի ուշ՝ XIX դ. վերջին-XX դ. սկզբին, քաղաքի հայ բնակիչների թիվն ավելացել է հայ ուսանողների հաշվին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերը Մյունխեն են ներգաղթել Թուրքիայից։ Աշխատել են հիմնականում արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Աստիճանաբար ձևավորվել է Մյունխենի հայ համայնքը, 1970-ական թթ. սկզբին բնակվել է մոտ 600 հայ։ 1990-ական թթ. քաղաքում հաստատվել են տասնյակ հայ ընտանիքներ Հայաստանից, Ադրբեջանից, նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերից։ Այժմ (2003) Մյունխենի հայ համայնքն ունի շուրջ 1000 անդամ։ Գործում են Հայ առաքելական եկեղեցու Բավարիայի խորհուրդը, Հայկական հարցերի հաստատությունը, հայկական մշակութային երկու միություն։
Շտուտգարտում հայերը հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ներգաղթել են հիմնականում Թուրքիայից (Կ. Պոլսից), հետագա տասնամյակներին (1960-80-ական թթ.) նաև Լիբանանից, Իրանից, Հունաստանից։ Զբաղված են արդյունաբերության և առևտրի ոլորտներում։ Գործում է համայնքի Հայ տունը, որտեղ տեղի են ունենում հավաքներ, նշվում հայ ազգային տոները, կազմակերպվում ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ։ Հայ տանը կից կազմակերպում են հայերենի շաբաթօրյա դասընթացներ։ Շտուտգարտում է գործում Բադեն-Վյուրտեմբերգի հայ մշակութային ընկերությունը։
1987-ին Շտուտգարտի հայ համայնքի ճանաչված գործիչ Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Գ. Մինասյանի նախաձեռնությամբ 1992-ին ստեղծվել է նաև Հայկական ցուցահանդեսների կազմակերպությունը, որի նպատակն է «ծանոթացնել հայ մշակույթը, ազգը և Հայաստանը գերմանացի բարեկամներին»։
Քյոլնի հայ համայնքը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեև այստեղ փոքրաթիվ հայություն կար դեռևս XIX ղ. վերջից։ 1965-ին պաշտոնապես գրանցվել է Քյոլնի հայ համայնքը։ Ներկայումս (2003) Քյոլնը և նրա մերձակայքը Գերմանիայի հայաբնակ ամենամեծ տարածաշրջանն է, որտեղ բնակվում է շուրջ 10 հզ. հայ: Նրանց համախմբման գործում կարևոր դեր է կատարում Հայ առաքելական եկեղեցու Քյոլնի միությունը:
Հայ ազգային կյանքը Քյոլնում հատկապես աշխուժացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ստեղծումից (1991) հետո։ Նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները, Մեծ եղեռնի տարելիցները, կազմակերպվում գրական երեկոներ, համերգներ, այլ միջոցառումներ։ Գործում են մեկօրյա դպրոց, «էրեբունի» պարախումբը, հայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միությունը, Կոմիտասի անվան երկսեռ քառաձայն երգչախումբը, «Ախթամար» ֆուտբոլի խումբը։ Քյոլնի Հայ մշակութային միությունը հիմնականում զբաղվում է երեխաների երաժշտական դաստիարակությամբ։ 1998-ից Քյոլնում գործում է նաև Հայ գործարարների միությունը, որի հիմնական նպատակն է օժանդակել Գերմանիայում հայ մշակույթի զարգացմանը:
Ֆրանկֆուրտի (Մայնի Ֆրանկֆուրտ) հայ համայնքը կազմվել է Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնականում Թուրքիայից,ապա նաև Իրանից ներգաղթած հայերից։ Ֆրանկֆուրտում են գտնվում Հեսսենի հայ մշակութային միության վարչությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը։ Հայ համայնքն ունի իր սրահը, որտեղ կազմակերպվում են հավաքներ, գրական երեկոներ ևն:
Փոքրաթիվ հայ համայնքներ կան նաև Ախենում (1972-ից գործում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը), Համբուրգում (1965-ից գործում է Հայ մշակութային միությունը), Հանովերում (1998-ին ստեղծվել է Հայ ուսանողական միությունը), Դորտմունդում (17995-ից գործում է Հայ ազգային-մշակութային կենտրոնը) և այլ քաղաքներում:
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am