Բելգիայի Թագավորություն, պետություն Արևմտյան Եվրոպայում։ Տարածքը՝ 30,5 եզ. կմ²՝. Բնակչությունը՝ 10,2 մլն (1999)։ Մայրաքաղաքը՝ Բրյուսել (1 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 7 հզ.։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին։
Բելգիայում հաստատված հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XI դ. սկզբին։ XIV դ. միջազգային առևտրի խոշոր կենտրոն Բրյուժ քաղաք այցելած հայ վա-ճառականներին թույլատրվել է Ս. Դոնատի եկեղեցու գավթում վաճառքի դնել իրենց ապրանքները։ Երբ Բրյուժը կորցրել է առևտրական նշանակությունը (XV ղ.), սկսել է նվազել նաև հայերի թիվր։ 1378-ին Կիլիկյան Հայաստանի գահազրկված Լևոն Զ թազավորը եղել է Բելգիայում։ Մշակութային գործիչ, տպագրիչ Թովմաս Վանանղեցին մահացել է Անտվերպենում և թաղվել տեղի տաճարում։
XIX դարի վերջին հայեր կային միայն Բրյուսելում և Անտվերպենում։ Նրանք զբաղվում էին ադամանդի, գորգի և ծխախոտի առևտրով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրյուսելում հաստատված հայերը զբաղվել են նաև ծխախոտի արտադրությամբ։ Հայերի թիվն սկսել է ավելանալ ի հաշիվ ուսանողների։ Գենտի համալսարանն է ավարտել բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Նրա անունը գրված է համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցանկում, իսկ համալսարանի պատին ամրացված է հուշատախտակ։
Բելգիահայ գաղութը կազմավորվել է XX դ. 20-ական թթ. սկզբին։ 1920-ին Բելգիայում հաստատվել է թուրքական ջարդերից փրկված ավելի քան 1000 հայ, որոնց թվում եղել են նաև մտավորականներ։ 1922-ին նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է Բելգիահայ գաղութային վարչությունը, որի նպատակն էր ստեղծել վերկուսակցական համագաղութային կառույց։ Այդ տարիներին Բելգիայում գործել է Հայ-բելգիական ընկերությունը, որր բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ թուրքական վայրագությունների։
Համայնքը սկսել է ստվարանալ 1941-50-ին. հայերի թիվը հասել է շուրջ 2,5 հզ-ի։ 1965-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից Բրյուսել սովորելու եկած հայ ուսանողները հիմնել են «Հայ ուսանողների ընկերությունը»։
1970-ական թթ. հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, 1990-96-ին՝ նաև Հայաստանից։ 2003 թ. տվյալներով Բելգիայում բնակվում է շուրջ 7 հզ. հայ (մոտ 2,5 հզ.՝ Հայաստանից, 2,5 հզ.՝ Միջին Արևելքի հայաշատ վայրերից), որոնք հաստատվել են հիմնականում Բրյուսելում և Անտվերպենում, սակավ թվով՝ Գենտում և Լիեժում։ Հիմնականում զբաղվում են առևտրով, կան նաև իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ են։ 1922-ից համայնքը ղեկավարվում է Բելգիայի կառավարության կողմից վավերացված ներքին կառավարման կանոնադրությամբ։ Բելգիահայ համայնքի ներկայացուցչական մարմինը Բելգիայի Հայ գաղութային վարչությունն է։ Վարչության կենտրոնական գրասենյակը Բրյուսելի կենտրոնական մասում գտնվող մի շենքում է, որը գնվել է հիմնականում Սելանքթոն Արսլանյանի նվիրատվությամբ։
1997-ին Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։
1998-ին Բելգիայի իարհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։
Բրյուսելում հայերը հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո։ 2003 թ. տվյալներով Բելգիայում ապրում է մոտ 4 հզ. հայ։ Անտվերպենում կա փոքրաթիվ հայ համայնք (շուրջ 1,5 հզ. հայ)։ Այստեղ, ինչպես Բրյուսելում, հայերի ձեռքին էր արևելյան գորգերի վաճառքը, այսօր էլ տեղի հայերի մի մասը զբաղվում է առևտրով։
Բրյուսելում են գտնվում Բելգիայի Հայ գաղութային վարչությունը, Հայ ուսանողների միությունը, ՀԲԸՄ Բելգիայի մասնաճյուղը, Հայ տունը, Հայ տիկնանց միությունը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը։ Գործել են Հայկական ակումբը, «Արմենիա» երգչախումբը, «Սևան» լարային քառյակը։ 1927-ին աբբա ժան Նալբանդյանը բացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» որբանոցը։
1931-ից Բրյուսելի համալսարանում գործել է հայագիտական ամբիոն՝ պատմաբան Նիկաղայոս Ադոնցի ղեկավարությամբ։ 1936-ին նույն համալսարանում իր ուսումնառությունն է անցել Մեծի Տանն Կիլիկիո ապագա կաթողիկոս Զարեհ Ա Փայասրլյանը։ Բրյուսելի պատմության թանգարանում 1980-ին կազմակերպվել է «Հայկական ճարտարապետությունը IV XVIII դդ.» ցուցահանդեսը։
1919-ին Անտվերպենում գործել է Հայաստանի Հանրապետության (1918 20) հյուպատոսությունը։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպել են Հայ կանանց միությունը, Հայ երիտասարդաց միությունը, մշակութային կազմակերպությունները։ Ներկայումս Անտվերպենի հայերի գլխավոր հավաքատեղին 1990-ին բացված Հայ տունն է։ Այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրումներ, մշակութային և բարեգործական միջոցառումներ։ Հայ տունն ունի նաև բասկետբոլի խումբ։
ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանյաց առաքելական եկեղեցու Բելգիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1990-ին (ենթակա է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը)։ Կենտրոնը Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է: Կառուցվել է 1990-ին ազգային բարերար Խաչիկ Խաչիկովի միջոցներով: Օծել են 1990-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Գարեգին Բ-ն:
1985-ին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով։ Հիմնադրամն ունի վարչական խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ:
ԴՊՐՈՑ
Բելգիահայ համայնքում ամենօրյա հայկական դպրոցներ չկան։ Հայերի (հատկապես հնաբնակների) զգալի մասը մայրենի լեզվին չի տիրապետում։ 1986-ին Բրյուսելում Արբակ Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սևան» երկօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է հայոց լեզու։ Անցյալում ունեցել է մինչև 120 աշակերտ, 1988-ին՝ շուրջ 40։ Անտվերպենում գործում է Հայ երիտասարդաց միության մեկօրյա հայկական դպրոցը՝ 30 աշակերտով։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Բելգիահայ համայնքում տարբեր տարիներ ստեղծվել են բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ ու միություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է։ Համայնքի ներքին կառավարման կանոնադրության համաձայն՝ համայնքի անդամներն ընտրում են ներկայացուցչական մարմին՝ պատգամավորական ժողով (30 հոգի), որն էլ իր հերթին ընտրում է գործադիր մարմին՝ գաղութային վարչություն (10 անդամ)։ Ընտրելու իրավունք են ստանում համայնքի այն անդամները, ովքեր պարբերաբար վճարում են անդամակցության տուրք (տարին 70 դոլար)։ Գաղութային վարչությունը կազմակերպում է համայնքի ազգային կյանքը, նպաստում հայապահպանության խնդիրների լուծմանը։ 1980-ից Բրյուսելի համայնքում նշանակալի դեր ունի տեղի հայերի գլխավոր հավաքատեղին՝ Հայ տունը, որտեղ կազմակերպվում են բարեգործական և մշակութային միջոցառումներ։ Այստեղ է գտնվում նաև ՀՀ դեսպանությունը։ 1990-ից Հայ տուն է բացվել նաև Անտվերպենում։ Գործում են ՀԲԸՄ Բելգիայի մասնաճյուղը (որի նախաձեռնությամբ 1994-ին Անտվերպենում կայացել են հայ երիտասարդների 7-րդ եվրոպական մարզախաղերը), «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը, որը հովանավորում է Բելգիայում ապաստան գտած հայ փախստականներին, «ՏՕՏ Արմենի» բարեգործական կազմակերպությունը (1988-ից), Բելգիա-Հայաստան բարեկամության ընկերակցությունը, Բելգիահայ տիկնանց միությունը, Հայկական հանձնախումբը, Հայ Կարմիր խաչը, «Ամաղեուս» երաժշտական հաստատությունը, Անտվերպենի հայ երիտասարդաց միությունը, որը ճանաչված է «Դեմոկրատ» անունով (Բելգիահայերի դեմոկրատական ընկերակցություն)։ Բելգիահայ գաղութում ազգային կուսակցություններից առաջինը՝ ՀՀԴ տեղական կազմակերպությունը, ստեղծվել է 1997-ի հունիսին։ Նրա հովանու տակ գործում են մշակութային և մարզական միություններ։ 1998-ից իր աշխատանքն է սկսել Հայ դատի հանձնախումբը, որը համագործակցում է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հետ։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բելգիայի մի շարք գիտնականներ հետաքրքրություն են հանդես բերել հայագիտության նկատմամբ։ Բելգիայում հայագիտության հիմնադիրներից էր Լուվենի համալսարանի արևելյան լեզուների պրոֆեսոր, Բելգիայի Ազգային ակադեմիայի անդամ, հայտնի հայագետ Ֆելիքս Նևը: (1816֊-1893)։ Հոգևոր հայրեր ժյուլ Մատայնը և Պոլ Պետերսը թողել են ուսումնասիրություններ Հայաստանի և նրա մշակույթի մասին։ 1920-ին պրոֆեսոր Լեբոնը Լուվենի համալսարանում բացել է հայոց լեզվի դասընթաց, հրատարակել Հայաստանին նվիրված ուսումնասիրություններ։ Բելգիայի համալսարանում հայոց լեզու են դասավանդել պրոֆ. Լեբոնը, Ն. Ադոնցը, Ա. Մխիթարյանը, Գաբիատը, Մորիս Լերուան և ուրիշներ։ 1935-ին Ադոնցի նախաձեռնությամբ ստեղծվել է կոմիտե, որը ձեռնամուխ է եղել Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությանը: 1965-ին Բելգիայի Թագավորական ակադեմիայում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին։ 1985-ին Բելգիայի Թագավորական ակադեմիան Մորիս Լերուայի նախագահությամբ կազմակերպել է հարցազրույց «Հայերենի դերը հնդեվրոպական լեզուների մեջ» թեմայով, որին մասնակցել են պրոֆեսորներ, նշանավոր հայագետներ, այդ թվում՝ ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին։
ՄՇԱԿՈՒՅԹ
Բելգիայում հայ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար ստեղծվել են ակումբներ, երգչախմբեր, թատերախմբեր։
Հայ թատերական կյանքի աշխուժացմանը հիմնականում նպաստել են հյուրախաղերի եկած դերասանները, որոնց աջակցել են տեղի սիրողական դերասանները։ 1923-ին Բրյուսելում Հովհաննես Աբելյանը բեմադրել է Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսը, խաղացել գլխավոր դերը։ Մի շարք ներկայացումներ են բեմադրել Փարիզի հայ դրամատիկ թատերախմբի դերասաններ Տ. և Ս. Նշանյանները, Փարիզի Կովկասահայ դրամաօպերետային խումբը: Բրյուսելում կազմակերպվել է թատերախումբ, որր 1928-ին ներկայացրել է Հ. Թումանյանի «Անուշը» (Անուշ՝ է. Բադալ)։ 1949-ին կրկին ելույթներ են ունեցել Տ. և Ս. Նշանյանները, Արտաշես Գմբեթյանը և ուրիշներ։ Նույն թվականին ուսուցչուհի Մ. Գովանճյանը բեմադրել է Արշակ Չոպանյանի «Բամբասանք կամ Մութ խավար» պիեսը՝ հեղինակի ներկայությամբ։
Բելգիայի երաժշտական կյանքում նշանակալի դեր է ունեցել «Արմենիա» երգչախումբը, որը գործել է 1922-1945-ին՝ Վարդան Մարգսյանի (Կոմիտասի սաներից) ղեկավարությամբ։ Երգչախումբը դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանի և երգիչ Արմենակ Շահմուրադյանի մասնակցությամբ համերգներ է տվել Բրյուսելում, Անտվերպենում՝ արժանանալով բացառիկ ուշադրության։ 1960-ին Բրյուսելում և Անտվերպենում ելույթներ է ունեցել Արամ Խաչատրյանը։ 1960-ական թթ. Բրյուսելի օպերային թատրոնում հանդես է եկել երգչուհի Լուիզ Պոզապալյանը։
Ներկայումս Բելգիայում գործող մշակութային կազմակերպություններից է «Ամադեուս» երաժշտական հաստատությունը (տնօրեն՝ երաժիշտ Հովհաննես Անաստասյան), որի նպատակն է բացահայտել շնորհաշատ պատանիների և աղջիկների, կազմակերպել նրանց մասնագիտական ուսումնառությունը։ Վերջերս ստեղծվել և իր անդրանիկ ելույթներն է ունեցել «Հայք» պարախումբը։ Բելգիահայ մշակութային գործիչներից հայտնի են երաժիշտներ Մուրեն Քեշիշյանը, Մյուզաննա, էմանուել և Անի Գույումջյանները, Ստեփան Խանջյանը, ջութակահար Դանիել Նազարյանը (նվագում է Բրյուսելի օպերային թատրոնի նվագախմբում), երաժշտագետներ Հայկ Քալանթարյանը, Պետրոս Ալահայդոյանը (Բրյուսելի ռադիոյի աշխատակից, որը ձայնագրում է, գրի է առնում հին հայկական երգեր), ջութակահար, Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի և թագուհի Ելիզավետայի անվան բարձրագույն երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Հարությունյանը, քանդակագործ և նկարիչ, Բրյուսելի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, բազում մրցանակների արժանացած Մոնիկ Մելիքյանը, նկարիչներ Աիդա Ղազարյանը, Մայա Տամատյանը, Վերոնիկ Պարսամյանը և ուրիշներ։
ՄԱՄՈՒԼ
Տարբեր տարիների Բրյոաելում և Անտվերպենում լույս են տեսել «Լրագիր» (1927), «Հայ աշխարհ», «Գիտություն և գիտելիք» պարբերականները: 1978-ից հրատարակվում է «Հայ» լրատվական թերթիկը,հիմնականում ֆրանսերեն, հազվադեպ՝ հայերեն:
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Արա Վրույր (Բելգիա)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am