ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայի Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 2780,1 հզ. կմ²: Բնակչությունը՝ 36,1մլն (1998): Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես (12,6 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ շուրջ 70 հզ.: 

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել XX դ. սկզբին՝ Ադանայում (Կիլիկիա) թուրքական իշխանությունների կազմակերպած (1909) ջարդերից հետո: 1914-ին Արգենտինայում բնակվել է շուրջ 2 հզ. հայ: Հետագայում համայնքը համալրվել է 1922-30-ին Կիլիկիայից և Իզմիրից (Զմյուռնիա) գաղթած հայերով: Հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգաբարձության տվյալներով, 1942-43-ին հայերի թիվը Արգենտինայում կազմել է 19 հզ.: Հայերի հոսքը Արգենտինա մեծ չափեր է ընդունել Երկրորդ աշխարհամարտից հետո: Շուրջ 10 հզ. հայ է գաղթել Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1000-ը՝ Ռումինիայից ու Բուլղարիայից (1952—53-ին), ևս 4 հզ.՝ Թուրքիայից (1955-ին): 1962-ի տվյալներով, արգենտինահայության թիվը 40 հզ. էր:
Հետագա տարիներին, մինչև 1990-ական թթ. սկիզբը, հայերի էական ներհոսք չի եղել: Վերջին տասնամյակում Հայաստանից Արգենտինա է գաղթել շուրջ 3 հզ. հայ: 2003թ. տվյալներով Արգենտինայում բնակվում է մոտ 70 հզ. հայ: Մեծ մասը (60 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում, 5 հզ.՝ Կորդովայում, մնացյալը՝ Ռոսարիոյում և Մար դել Պլատայում: Զբաղվում են առևտրով, արհեստներով, մեծ թիվ են կազմում արդյունաբերողներն ու ձեռնարկատերերը, արվեստի ու գիտության ներկայացուցիչները, ծառայողները: Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է, ըստ էության՝ գաղութային վարչությունը՝ Հայ կենտրոն անունով, որը առաքելական եկեղեցու գործերի վարիչ մարմինն է: Հայ կենտրոնի գլխավորությամբ գործում են կրթական, երիտասարդական, բարեգործական, կանանց կազմակերպություններ, իրականացվում համագաղութային բնույթի միջոցառումներ՝ համայնքի տարբեր ուժերի ու հոսանքների մասնակցությամբ: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, 1911-ից՝ արգենտինահայ առաջին կազմակերպությունը՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը, ՀՀԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները՝ իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Պողոս Արզումանյան» հիմնարկությունը, Հայագիտական ուսմանց հիմնարկությունը, Արգենտինահայ գրողների միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղը, Հայ ազգային համագումարը և այլ կազմակերպություններ: 2001-ին ստեղծվել է Հայաստան վերադարձողներին աջակցող հանձնախումբ: Հիշատակելի է նաև Դեփորթիվո Արմեն լա ֆուտբոլի ակումբը, որը 1970-ից մասնակցում է Արգենտինայի բարձրագույն լիգայի առաջնությանը: Հրատարակվում է ութ պարբերական, գործում են հայկական ռադիոժամեր: Արգենտինահայ համայնքը մեծ հեղինակություն է վայելում երկրում և համարվում է Արգենտինայի ամենալավ կազմակերպված և ամենահարուստ ազգային փոքրամասնություններից մեկը: 1985-ին Արգենտինայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: Բուենոս Այրեսում գործում են վեց հայ առաքելական, մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ: Կա հայկական գերեզմանատուն: Գաղութի մշակութային կյանքը ներկայացնում են մի շարք մշակութային, հասարակական կառույցներ՝պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, պարբերականներ: 

ԴՊՐՈՑ

Բուենոս Այրեսի Արմենիո-Արգենտինա վարժարանի շենքըԱրգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա՝ ամենօրյա դպրոցներ: 2003 թ.տվյալներով Արգենտինայում գործում են ինն ամենօրյա դպրոցներ, որոնցից վեցը՝ միջնակարգ, երեքը՝ նախակրթարան: Այս դպրոցներ են հաճախում շուրջ 2 հզ. աշակերտ (3-ից 18 տարեկան հայեր և այլազգիներ): Դասավանդումն իրականացվում է ըստ պետական կրթական խորհրդի ծրագրի, արտոնվում է լրացուցիչ անցնել հայոց լեզու և կրոնի պատմություն՝ հայերենով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Արգենտինահայության ազգային կյանքը կազմակերպում են քաղաքական,Արգենտինահայ մշակութային միության շենքը բարեգործական, հայրենակցական, մշակութային, երիտասարդական-մարզական բազմաթիվ կազմակերպություններ: Ելնելով երկրի օրենսդրությունից, որն արգելում է օտար կուսակցությունների ստեղծումը, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները հայապահպան գործունեություն են իրականացնում իրենց հովանու տակ գործող մշակութային, մարզական միությունների և պարբերականների միջոցով: Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կենտրոնը, որը համարվում է նաև (թեև ոչ պաշտոնապես) համայնքի ներկայացուցիչը արգենտինյան իշխանությունների մոտ: Հայ կենտրոնում են կազմակերպվում և իրականացվում համագաղութային բնույթի աշխատանքները:

ՄՇԱԿՈՒՅԹ

Արգենտինահայ մշակութային կյանքը սկսել է ձևավորվել 1920-ական թթ.: 1960-ական թթ-ից հայրենիքի հետ սերտացող կապերը, գեղարվեստական կոլեկտիվների, գիտության, կրթության և մշակույթի գործիչների փոխայցելությունները մեծապես խթանել են համայնքի մշակութային կյանքի զարթոնքը:

Վարդան Մաթևոսյան (ԱՄՆ)
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am