ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Աբխազիա, նախկին Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն Վրաստանի կազմում։ 1990-ին հռչակել է իր անկախությունը (դեռևս չի ճանաչվել)։ Տարածքը 8,6 հզ. կմ2։ Բնակչությունը 537 հզ. (1989)։ Մայրաքաղաքը՝ Սուխում։
Հայերն Աբխազիայում հաստատվել են վաղ միջնադարից։ Գաղութը կազմավորվել է XIX դ. վերջին, երբ Աբխազիա են գաղթել Թուրքիայիում հայերի կոտորածներից փրկվածները և հատկապես համշենահայեր Տրապիզոնից, Օրդուից և Սամսունից։ Հետագայում աբխազահայությունը համալրվել է Մեծ եղեռնից փրկվածներով, Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայերով։ Աբխազիա գաղթած համշենահայերը դեռևս XIX դ. վերջին կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցներ։ Ուսուցիչ (ապա գիտնական) Խաչատուր Ավդալբեգյանի ջանքերով հիմնվել է տպարան, բացվել գրախանութ։ 1912-13-ին հրատարակվել է «Լույս» գրական շաբաթաթերթը, 1918-ին՝ «Նոր կյանք», 1919-ին՝ «Փարոս», 1920-ին՝ «Կարմիր աստղ» թերթերը։
Աբխազիայի խորհրդայնացումից հետո էլ հայերը կազմել են բնակչության գերակշիռ մասը։ 1928-38-ին Սուխումում գործել է հայկական թատրոն, 1953-ից՝ թատերախումբ։ Կար հայկական մանկավարժական ուսումնարան։
Համայնքի մշակութային կյանքում մեծ էր 1940-ական թթ. վերջերին Ջավախքից Սուխում տեղափոխված հայ երգի ու պարի նվիրյալ, երգահան ու պարուսույց Բ. Շաշիկյանի դերը, որը ստեղծել է մի քանի տասնյակ երգի ու պարի խմբեր, երգեր, բեմադրել պարեր ևն։
1964-ին Սուխումում հիմնադրվել է Հայ գրողների միության Աբխազիայի մասնաճյուղը, ստեղծվել են հայկական տպարան, ժողովրդական թատրոն։
1969-ին Աբխազիայում բնակվել է 100 հզ. հայ, հիմնականում Սուխում, Օչամչիրա, Գագրա, Գուդաութա Լեսելիձե, Գանթիադ, Պիցունդա, Նոր Աֆոն, Գուլրիփշի ծովափնյա քաղաքներում, ինչպես նաև հայերի իսկ հիմնադրած բազմաթիվ գյուղերում ու ավաններում։ Հիմնականում բանվորներ, արհեստավորներ, բժիշկներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ և հողագործներ են։ Աբխազահայերը զգալի ավանդ ունեն երկրի տնտեսության զարգացման գործում։
Արդյունաբերական ձեռնարկությունների ճարտարագիտատեխնիկական անձնակազմի զգալի մասը կազմել են հայերը։ Մեծ է նաև նրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսության բնագավառում։
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Աբխազիան իրեն հռչակեց անկախ պետություն, սրվեցին ազգամիջյան հարաբերությունները, սկսվեց վրաց-աբխազական պատերազմը, որից մեծապես տուժեց նաև հայկական համայնքը, ավերվեցին հայաբնակ բազմաթիվ բնակավայրեր, զոհվեցին հարյուրավոր հայեր, փակվեցին ազգային շատ հաստատություններ, դպրոցներ, կողոպտվեցին հայերի տները, ունեցվածքը։ Հազարավոր հայ ընտանիքներ գաղթեցին Ռուսաստան, հատկապես Կրասնոդարի երկրամաս, մասամբ նաև Հայաստան և այլ երկրներ։ Միայն 1992-ի օգոստոս-սեպտեմբերին Աբխազիայից գաղթել է ավելի քան 30 հզ. հայ։
Աբխազիայի 1990-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայերն ունեցել են հինգ պատգամավոր, որոնցից հայ համայնքի ղեկավար Ա. Տոպոլյանը ընտրվել է երկրի ԳԽ նախագահի տեղակալ։
2003թ. տվյալներով Աբխազիայում բնակվում է 70-80 հզ. հայ։ Գործում են 41 (այլ տվյալներով 43) հայկական դպրոցներ (դասագրքեր, ծրագրեր և մեթոդական աջակցություն ստանում են Հայաստանից)։ 1986-ին Գագրայում հիմնադրվել է «Մաշտոց» մշակութային բարեգործական ընկերությունը (հիմնադիր նախագահ Արսեն Չաքրյան, 1993-ից Խաչիկ Մինասյան)։ 1990-ին Սուխումում ստեղծվել է «Կռունկ» հանրապետական հայկական մշակութային բարեգործական միությունը (նախագահ Ալբերտ Տոպոլյան)։ Կազմակերպվում են ազգային մշակութային գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումներ, նշվում է Ապրիլի 24-ը։ Հատկապես աշխույժ է մարզական կյանքը. մի քանի տասնյակ գյուղերում և քաղաքներում գործում են արևելյան մարտարվեստի խմբեր, որոնց մեջ ընդգրկված են հազարից ավելի հայ պատանիներ ու երիտասարղներ։ «Մաշտոց» միության նախաձեռնությամբ Ս. էջմիածնից քահանա է հրավիրվել, որը հոգևոր ծառայություն է մատուցում ժամանակավորապես հարմարեցված շենքում։
Ներկայումս (2003) Աբխազիայի կառավարությունում կա 1 հայ նախարար (Ա. Տոպոլյան, տուրիզմի և երիտասարդության հարցերով), խորհրդարանում 3 հայ պատգամավոր։ Սուխամում լույս են տեսնում համայնքի «Կռունկ» (հայերեն, ռուսերեն) պաշտոնաթերթը և «Համշեն» գրական-մշակութային թերթը (անկանոն պարբերականությամբ)։
Աբխազիայում են ծնվել Խորհրդային Միության հերոս Մ. Բոստանջյանը, վիրաբույժ Ս. Ավդալբեկյանը, դերասաններ Տ. Մախմուրովան, Մ. Կարագյոզյանը, գիտության, արվեստի և մշակույթի բազմաթիվ գործիչներ։
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am